Լրահոս
Օրվա լրահոսը

«Չես հասկանում, մե՛կ պաշարում են, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մե՛կ պաշարում են, ասում են՝ մի՞ ընտրեք». Արմեն Ռուստամյան

Հոկտեմբեր 23,2018 16:51

Վաղը Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցն է քննարկվելու ԱԺ-ում, «Ելքը» հորդորել է չքվեարկել, որպեսզի ԱԺ-ն ցրվի, բայց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ չեն որոշել՝ կո՞ղմ են քվեարկելու, թե՞ դեմ. «Գոնե մեկ ուրիշին առաջադրեին, որ դեմ քվեարկելը հեշտ լիներ; Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը կարող է ասենք ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ուժ, սեւ ենք: Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի՝ որն է ճիշտը»:

Հարցին՝ իրավաբաններն ասում են, որ կարող էին նաեւ որեւէ թեկնածու չառաջադրել, սահմանադրական փակուղի չէր լինի, Ռուստամյանն արձագանքեց. «Դե չեն լսել նրանք, երեւի ուրիշ իրավագետներ կան, որոնք այլ տեսակետներ են ունեցել, դրա համար էլ այս ճանապարհով են գնացել: ՀՅԴ-ն հակված է Սահմանադրության տառն ու ոգին պաշտպանելուն, եթե ասվում է քվեարկություն, ուրեմն պետք է քվեարկություն տեղի ունենա: Մենք կուսակցության որոշում կունենանք, որը կհայտարարենք վաղը»:

Aravot.am-ի հարցին՝ չի՞ բացառվում այն սցենարը, որ ՀՀԿ-ի հետ կո՞ղմ քվեարկեք, քվեարկությունը կայանա՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք մեր հետ ենք մենակ կողմ քվեարկում կամ դեմ, էդ մենք ենք որոշում ինչ անենք»:

Ըստ Ռուստամյանի, «ֆորս-մաժոր իրենք են ստեղծել՝ դեկտեմբեր դնելով: Դրանից է սկսվել այս ամբողջ արհեստական գործընթացների տրամաբանությունը: Ասում էինք, որ պետք է լիներ ճանապարհային քարտեզ, հրաժարականի գործընթացը լիներ համաձայնեցված, հենց սրա համար էինք ասում, պարզ դառնար, որ կա քաղաքական համաձայնություն, գնում ենք էս ճանապարհով, լուծարում է լինում, գնում ենք արտահերթի ճանապարհով: Բայց չգիտես ինչի մարդիկ որոշեցին վերջնագրերի ու պարտադրանքի լեզվով այս պրոցեսները տանել: Երեւի համարեցին, որ նախընտրական փուլում այդպես է պետք անել՝ բոլոր հակառակորդներին փորձել նսեմացնել՝ ընտրություններին ավելի լավ դաշտ ունենալու համար»:

Մեր դիտարկմանը՝ դուք ասում եք «չգիտես ինչի», բայց իրենք բացատրում են, որ այս գործընթացն արագացրեց ձեր գիշերային քվեարկությունը՝ Ռուստամյանն արձագանքեց. «Հիմա իրենք հասկացել են, որ ինչ մենք անում էինք՝ հենց այդ տրամաբանությունից ելնելով էինք անում. հիմա էլ ինչու են առաջադրում, ուրեմն խնդիր կարող է առաջանալ, չէ՞: Բա մենք էլ նույնն էինք ասում, թողեք, որ բնականոն պրոցեսով լինի, ոչ թե պարտադրանք, ոչ թե պարտադրել, որ ԱԺ-ն չհավաքվի, նույն տրամաբանությունը չի՞: Չես հասկանում, մե՛կ պաշարում են, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մե՛կ պաշարում են, ասում են՝ մի՞ ընտրեք: Այսինքն, աբսուրդի մեջ ենք ապրում»:

Մեր դիտարկմանը՝ եթե ժողովրդի իշխանություն է, ժողովուրդը ոնց ասի, այդպես էլ լինելու է՝ Ռուստամյանն արձագանքեց. «Պետք չի ժողովրդի իշխանությունն այդպես մատի փաթաթան սարքել՝ առանց հասկանալու, որ ժողովրդի իշխանությունը իրացման ճանապարհ է ասել Սահմանադրությունը: Էդքան որ ոտնահարում ենք, էս էլ ոտնահարեիք, ուրեմն գիտեն չէ՞, որ լավ բան չի, սրանից լավ հոտ չի գալիս: Որ սենց ոտնահարելով գնան, ական են դնում նոր ընտրությունների տակ»:

Ըստ Ռուստամյանի, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ոչ թե հրապարակների միջոցով, այլ՝ հանրաքվեով ու ընտրություններով. «Կամաց-կամաց հասկանում են դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031