«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի է ունենում աշխատանքային քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ։ Մասնակցում են նաեւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։
Արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանի նամակի հիման վրա է այս քննարկումը նախաձեռնվել, այն բանից հետո, երբ արցախցիներն ԱԺ շենքի մոտ բողոքի ցույց անցկացրեցին, իսկ Անաստաս Իսրայելյանը՝ նստացույց։
Իսրայելյանը ներկայացրեց արցախցիների հիմնական պահանջները, ասաց, որ վերջին թանկացումների հետ կապված արցախցիները կանգնած են ավելի բարդ իրավիճակում։ «Այսօրվա հանդիպումից տասնյակ հազարավոր մարդիկ են սպասում հստակ պատասխաններ ու որոշումների ընդունում՝ երկարաժամկետ կառուցողական մոտեցումներ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ այսօրվա գնաճի պայմաններում բնակապահովման ծրագրով հատկացվող հավաստագրերով կրկնակի դժվար է տուն գնելը, մարդիկ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։
Կարդացեք նաև
Մյուս հարցը, նրա խոսքով, փոքր կազմով՝ 1-3 անդամ ունեցող ընտանիքներին հարցն է։ Այդ ընտանիքները չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել հավաստագրով հատկացվող գումարի շրջանակներում։
«Այստեղ մի հատ էլ կարեւոր հարց կա՝ մեծամասնությանը հետաքրքրում է իրենց ունեցվածքի ճակատագիրը, որը մնացել է Արցախում։ Մարդիկ ուզում են հստակ իմանալ՝ ի՞նչ լուծումներ ու որոշումներ կան։ Եվ արցախցիների կարգավիճակի հարցը, եթե կարգավիճակի հարցը լուծվում է, մարդիկ այդ կարգավիճակի հիման վրա կարողանում են միջազգային հարթակներում իրենց ունեցվածքի հարցը իրավական ճանապարհով, միջազգային նորմերի սահմաններում բարձրացնել։ Մարդկանց այդ պատասխանն էլ է հստակ պետք»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ասաց, որ արցախցիների կարգավիճակի հետ կապված հարցը լուծված է։ «Կառավարության՝ 2023 թվականին ընդունած 18-64 որոշումը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների իրավական կարգավիճակի եւ իրավական անորոշության պրակտիկայի խնդիրը փակեց։ Եվ այս տրամաբանությամբ արդեն կարող եմ նշել թվեր։ Քաղաքացիության ձեռբերման ուղղությամբ մենք մի քանի օր առաջվա դրությամբ ունենք 53 հազար դիմումներ։ Արդեն ունենք ՀՀ քաղաքացի դարձած 45 098 Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներ, որոնցից 38 695-ը չափահասներ, 14340 անչափահասներ։ Ակնհայտ է, որ այս տենդենցն առավել մեծացել է բնակապահովման ծրագրի ներդրման շրջանակներում քաղաքացիության պայմանի սահմանումից ի վեր։ Ինչ վերաբերում է գույքային պահանջներին, անհատական կարգով գույքային պահանջների հարցերը յուրաքանչյուր անձի որոշելիք խնդիրներն են, մենք այդտեղ ընդհանրական որեւէ դիտարկումներ չունենք»,- ասաց Արմեն Ղազարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































