Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցփաթեթում ծառայություններն ավելի կարգավորված էին, եւ դա առողջապահական սովորույթ էր, որը շատ կարեւոր էր. Ծաղիկ Վարդանյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 13,2026 11:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Արդյոք սոցփաթեթն ու դրա շրջանակում ստացվող ծառայությունները համարժե՞ք են առողջապահության ապահովագրության ծառայություններին, արդյո՞ք սոցփաթեթի շահառուն, անցնելով ապահովագրության համակարգ, որի ներկայիս մոդելն անկատար է ու բազմիցս քննադատված, չի տուժելու:

Պետական առողջապահական գործակալության նախկին տնօրեն, «Առողջություն եւ իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը պատասխանում է, որ չնայած լաբորատոր հետազոտությունների ծավալի որոշակի ավելացմանը, քաղաքացիները զրկվում են հանգստի կոմպոնենտից եւ մինչեւ 2029 թվականը զրկվելու են համապարփակ պարտադիր կանխարգելիչ բուժզննություններից՝ «չեքափերից»: Ներկայիս առաջարկվող փաթեթները նա համարում է հապճեպ եւ թույլ՝ հիմնված միայն նեղ սքրինինգային ծրագրերի վրա, ինչը կարող է վատթարացնել քաղաքացիների վիճակը:

«Նախկինում սոցփաթեթի շահառուն ուներ նաեւ հանգստի կոմպոնենտ, կարող էր այլ բաների համար օգտագործել գումարները՝ հիպոթեք եւ այլն, հիմա այդ կոմպոնենտը չկա: Նա հավասարվել է առողջության ապահովագրման բոլոր մյուս շահառուներին: Առավելությունն այն է, որ լաբորատոր հետազոտությունների ծավալը սոցփաթեթի համեմատ ավելացել է, բայց վատն այն է, որ կանխարգելիչ բուժզննությունները, որոնք ապահովագրական համակարգի համար շատ կարեւոր եւ բնորոշիչ կոմպոնենտ են, առողջության համընդհանուր ապահովագրության մասին նոր օրենքով, ուժի մեջ են մտնելու 2029 թվականից, ոչ թե հիմա: Հետո՝ այս պահին հրապարակված տարիքային առանձնացված շեմով շատ թույլ են, թվով քիչ հետազոտություններ են պարունակում, հիմնականում՝ սքրինինգների ձեւով: Ասենք, որոշակի տարիքում կրծքային սքրինինգ, մյուս տարիքում, ասենք, խոլեստերինի ստուգում կամ շաքարի հետազոտություն, ինչը շատ քիչ է: Իրականում, «չեքափը» պետք է իրականացվի ավելի համապարփակ: Որովհետեւ այն կանխարգելիչ բուժզննություն է, նաեւ՝ պարտադիր կոմպոնենտով, որը մինչեւ չանես, չեն ակտիվանա քո մյուս բոլոր ծառայությունները, որը բերում է պետության եւ բոլոր ապահովագրական բեռի թեթեւացման, քանի որ շուտ են հայտնաբերվում հիվանդությունները: Այս մասով, միանշանակ, աշխատելու տեղ ունեն: Շատ հապճեպ, արագ կազմված փաթեթ է, որում պետք է փոփոխություններ արվեն: Միանշանակ, սոցփաթեթում ծառայություններն ավելի կարգավորված էին, եւ դա առողջապահական սովորույթ էր, որը շատ կարեւոր էր»:

– Այսինքն՝ սոցփաթեթի չեղարկմամբ քաղաքացու վիճակը վատանո՞ւմ է, ոչ թե լավանում:

– Այս պահին՝ այո, պարտադիր բուժզննությունից զրկվում է մինչեւ 2029 թվականը, բայց հետազոտությունների լայն հնարավորություն ունի, եթե նրա բժիշկը համարի նպատակահարմար: Չկա հետազոտությունների լայն ցանկ, որը նա իրականացնի, նա պետք է անցնի դրանք ըստ անհրաժեշտության: Ավելին ասեմ՝ մարդիկ ըստ անհրաժեշտության ստուգվում են, հետո գալիս են՝ գումարները բժիշկներից հետ են ստանում՝ ասելով, որ սխալ խորհրդատվություն կամ հետազոտություն եք անում:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031