Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքը բավարարվեց մասնակի, պաշտպանների բողոքը մերժվեց

Նոյեմբեր 15,2018 18:20

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակիորեն, իսկ պաշտպանների բողոքը մերժվեց։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 օգոստոսի 13-ի որոշումը բեկանել և գործ ուղարկել նոր քննության: Որոշումը ենթակա չէ բողոքարկման և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-քիչ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը հրապարակեց վճիռը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քիչ առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել Վճռաբեկ դատարանում իր խափանման միջոցի հարցի քննությանը: «Ինքը հիմա դահլիճում չէ, քննարկմանը մասնակցել է, կարճ ժամանակով դուրս եկավ: Վճռի հրապարակմանը կլինի՞, թե`ոչ, չեմ կարող ասել»,- ասաց Հայկ Ալումյանը`հավելելով, որ լրագրողների ներկայությունը չի, որ ստիպել է Ռոբերտ Քոչարյանին հեռանալ:

Հայկ Ալումյանն ասաց նաեւ, որ նիստի ժամանակ մանրակրկիտ քննարկվել է առաջին ատյանի դատարանի եւ երկրորդ ատյանի դատարանի որոշումների տարբերությունը:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ, առաջին ատյանի եւ երկրորդ ատյանի դատարանները միմյանցից էապես տարբերվող որոշումներ էին կայացրել: Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից: Որոշ ժամանակ անց ՀՔԾ-ն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, այսօր ՀՀ վճռաբեկ դատարանը քննում էր «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության բողոքները:

Նիստը նախագահում է դատավոր Լիլիթ Թադեւոսյանը: Նիստը դռնփակ է:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարել էր, որ մի քանի հիմք ունի Վճռաբեկ բողոքի համար: Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ հայտնել էին միայն հիմքերից մեկը`«Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը որակել է հակաօրինական:

Իսկ Գլխավոր դատախազությունը վիճարկում է Վերաքննիչ դատարանի որոշումը`Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու մասին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, նա մեղադրվում է   այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ   Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930