«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ընտրություններում ՀՅԴ համապետական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ։
– Պարոն Խաչատրյան, փաստորեն «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը չհայտնվեց խորհրդարանում՝ հակառակ այն բանի, որ այն միշտ իր տեղը ունեցել է ԱԺ-ում։ Հիմա ինչո՞ւ նման պատկեր ստացվեց։ Խնդիրը միայն ա՞յն էր, որ պայքարը գաղափարական չէր, ինչպես նշված էր կուսակցության հայտարարությունում, թե՞ այլ բան կա։
– Դե, ընդհանուր էմոցիոնալ ֆոնը բարձր էր, եւ դրված էր այս հարցը, կա՛մ հեղափոխության կողմից ես, կա՛մ դեմ ես հեղափոխությանը։ Ուղղակի ինչ-որ հանրային տրամադրությունների ազդեցության տակ էլի այդ սեւ ու սպիտակի պայքարն էր ընթանում։
– Կարծիքներ են հնչում, որ նոր խորհրդարանը 5 տարի չի մնա, եւ կարիք կլինի կրկին արտահերթ ընտրությունների գնալ։ Այս մասին ի՞նչ կասեք։
– Պետք է նայենք, թե խորհրդարանը առաջիկա մի քանի ամիսներին ինչպես կդրսևորի իրեն։ Այս պահի դրությամբ պնդել, թե կլինեն նոր արտահերթ ընտրություններ, կլինի հանրային պահանջ, չենք կարող։ Խորհրդարանը միաբեւեռ է։ Նրանք, ովքեր իրենց ընդդիմություն են հայտարարել, շատ էական տարբերություններ չունեն իշխող դաշինքից։ Շատ դժվար է գաղափարական ընդդիմություն նշմարել։ Մեր տնտեսական քաղաքականությունը, օրինակ, էականորեն տարբերվում է կառավարության քաղաքականությունից։ Ունենք մի ուժի շատ մեծ ներկայացվածություն խորհրդարանում։ Մյուս երկու ուժերը այդքան էլ տարբեր մոտեցումներ չունեն, նախագահի ինստիտուտը դեռ կայացման փուլում է գտնվում, հանրային սեկտորը, որը միշտ էական դեր է ունեցել քաղաքականության մեջ, միշտ նշել է կառավարության ձախողումների մասին եւ արտահայտել է ժողովրդի մի զգալի մասի սենտիմենտները։ Հիմա այդ հանրային հատվածը՝ հկ-ները, «Իմ քայլի» ցուցակով ներկայացված են լինելու ԱԺ-ում։ Երկրի շահից է բխում, որ գոնե արտախորհրդարանական ընդդիմությունը լինի ուժեղ եւ գաղափարական, այլ ոչ թե նեղացած, ես դրա համար եմ ընդդիմություն։ Պետք է հասկանանք, որ կառավարության ձախողում նշանակում է պետության ձախողում, իսկ ընդդիմության նպատակն այն է, որ նման բան թույլ չտա։
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































