Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում քննվում էր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի երկարաձգման որոշումը, ինչպես նաեւ պաշպանների միջնորդությունը 20 մլն դրամ գրավով ազատ արձակելու մասին:
Ինչպես տեղեկացրել ենք, դատարանը որոշել է կալանքը երկարաձգել եւս 2 ամսով եւ պաշտպանների միջնորդությունը մերժել:
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատ է, այսօր նա չի մասնակցել դատական նիստին:
Փաստաբանն ահազանգեց, որ կալանավայրում Մանվել Գրիգորյանը հավուր պատշաճի բուժօգնություն չի ստանում. «Ստանում է այն օգնությունը, որը հնարավոր է ստանալ: Իր հիվանդությունները այն հիվանդությունները չեն, որ կալանավայրում հնարավոր լինի կանգնեցնել դրանց զարգացումը: Երեւանի Կենտրոն քրեակատարողականի բժիշկը ջանք ու եռանդ չի խնայում, դրսից բժիշկներ են օգնում, մասնակցում են, բայց ես գրառումներից հասկացել եմ, որ համակարգի բժիշկների վրա էլ որոշակի ճնշումներ կան գործադրված, որովհետեւ 22 եւ 6 շաքար ունեցող մարդուն զննում են ու նույնիսկ фонендоскоп չեն դնում ականջներին ու հայտարարում են, որ վիճակը նորմալ է: Եթե նրա վիճակը նորմալ է, մնացել է միայն մահանանք, էլի, էլ ուրիշ բան չի մնացել»:
Հարցին՝ այսինքն, բժիշկները թերանո՞ւմ են իրենց պարտականությունները կատարել այս դեպքում՝ Մկրտչյանը պատասխանեց. «Քաղցկեղով, թոքը հեռացրած, իշեմիկ հիվանդություններ ունեցող, 16 հիվանդություն ունեցող մարդուն սովորաբար բանտերում չեն բուժում: Այդ սարքավորումները տեխնիկապես էլ հնարավորություն չկա տեղափոխել մեկուսարան»: Նա ասաց, որ առաջարկել են նաեւ Մանվել Գրիգորյանին տեղափոխել սարքավորումների մոտ, բայց դա էլ իր խնդիրն է բերում. «Նախկին դատաբժշկական փորձաքննության ժամանակ լարված վիճակի էին պահում, 8 ավտոմատավորների հսկողության տակ բժիշկները մտնում էին սենյակ եւ դեռեւս սենյակ չմտած՝ վերադասի զանգ էին ստանում, երբեմն անգամ լսել եմ, չգիտեմ ում հետ էր խոսում, ասում էին՝ հանկարծ մի բան չգրես, շառից հեռու, հանկարծ հետո մեկի մտքով չանցնի, որ օգնել ես: Այդ տիպի խոսակցություն ես լսել եմ ու հասկանում ես, որ սա իրականում աննորմալ մոտեցում է»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































