Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն իր աջակցությունը հայտնեց Միգրացիոն գլոբալ հռչակագրով սահմանված կայուն զարգացման նպատակներին

Դեկտեմբեր 12,2018 17:24 Share

Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագիրն ընդունվեց Մարոկկոյի թագավորության Մարաքեշ քաղաքում հրավիրված «Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրի բարձր մակարդակի միջկառավարական» համաժողովի ընթացքում:

Փաստաթուղթը հաստատեց Մարոկկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտան, որը նախագահեց համաժողովը:

Համաժողովի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ընթացիկ տարվա հուլիսի 13-ին ՄԱԿ անդամ-պետությունների կողմից:

150 երկրների պատվիրակությունների թվում է նաև Հայաստանը՝ ի դեմս Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի:

Փաստաթուղթը իրավաբանորեն պարտադիր ուժ չունի, այն միայն գլոբալ համագործակցության ճանապարհ է բացում այդ ոլորտում՝ենթադրելով միգրանտների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում և ընդհանրացում, նրանց տարրական իրավունքների իրականացում, աջակցություն արժանապատիվ աշխատանք գտնելու հարցում, ուղեկցում միգրացիայի բոլոր փուլերում, անհրաժեշտ փաստաթղթերով, հյուպատոսական ծառայություններով ապահովում, ինչպես նաև հավաքական պայքար անօրինական միգրացիայի դեմ, անօրինական միգրանտների ապահով և արժանապատվի վերադարձը հայրենիք ապահովելու, նրանց ռեադմիսիայի և լիարժեք վերաինտեգրման ուղղությամբ համագործակցություն:

«Միգրացիան միշտ մեզ հետ է, բայց այս աշխարհում, որտեղ այն անխուսափելի է և անհրաժեշտ, այն պետք է լավ կազմակերպված և ապահով լինի, ոչ թե վտանգավոր և անկանոն»,-ասաց ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Ողջունելով մասնակիցներին ու երախտագիտություն հայտնելով ընդունող երկրին՝ Մարոկկոյի Թագավորությանը, ՄԾ պետ Արմեն Ղազարյանն անդրադարձավ 2016 թ-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը՝ նվիրված փախստականների ու միգրանտների մեծածավալ տեղաշարժերին, ինչն էլ միջազգային օրակարգում ծառացող խնդրի մասին էր վկայում:

«Հայաստանը վճռականորեն աջակցում է գլոբալ միգրացիոն հռչակագրին և հավատում, որ այն Փախստականների արձագանքման համապարփակ շրջանակի հետ միասին կարող է փախստականների հանդեպ պարտավորությունների իրականացման կարևորագույն ուղեցույց դառնալ:

Ուրախ ենք՝ արձանագրելու, որ գլոբալ հռչակագիրը իրապես արտացոլում է համալիր առաջընթաց և գործառնական պարտավորություններ, որոնք հնարավորություն կընձեռեն ամրապնդելու միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, մարդկանց թրաֆիկինգի ոլորտներում, ինչպես նաև կիսելու պատասխանատվությունը երեխաների իրավունքների պաշտպանության ու մնացած շատ ոլորտներում:

Մենք հավատում ենք, որ մարդու իրավունքների համընդհանուր կիրառումը պետք է հավասարապես եւ առանց խտրականության ներառի բոլոր կարիքավոր մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից եւ անկախ տարածքների քաղաքական կարգավիճակից, որոնցում ապրում են: Չպետք է մնան «մոխրագույն» տարածքներ»:

Հետագա խոսքում Ա. Ղազարյանն անդրադարձավ սիրիահայերին՝ ներկայացնելով նրանց տեղահանման պատմությունն ու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, շարունակական մարդասիրությունը նրանց ընդունելու հարցում, ինչպես նաև հատուկ հեշտացված ընթացակարգերն ու փաստաթղթավորման գործընթացը:

Բացի Սիրիայի փախստականներից, ՄԾ պետը նշեց նաև Իրաքից, Ուկրաինայից, փոքր թվով նաև Աֆրիկայից ու Ասիայից Հայաստան հասնող և ապաստան հայցող անձանց մասին:

Վերջում ՄԾ պետը նշեց, որ Հայաստանը հավատում է, որ միջազգային հանրությունը պետք է վաղ ահազանգման վճռական քայլեր ձեռնարկի եւ, որ ավելի կարեւոր է, վաղ գործողության մեխանիզմների մշակի, անպատժելիության դեմ պայքարի, զանգվածային արտաքսումների և տեղահանումների կանխարգելման ուղղությամբ: «Մենք հավատում ենք ոչ միայն վաղ ահազանգման առաջնային կարևորությանը, այլև տեղահանման արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտությանը»,-ասաց նա:

Միգրացիոն ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31