Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր մթնոլորտ՝ Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպումից առաջ

Դեկտեմբեր 13,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

Դուշանբեն ու հրադադարը

Դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Էլմար Մամեդյարովը:

Մնացականյան-Մամեդյարով նախորդ հանդիպումը կայացել էր այս տարվա սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքում։ Հուլիսի կեսերին Բրյուսելում երկու երկրների արտգործնախարարների միջեւ առաջին ճանաչողական հանդիպումն էր կայացել՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Դեռեւս առաջին հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել էր, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, եւ այս համատեքստում կարեւորել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։ Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայացած Մնացականյանի եւ Մամեդյարովի հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել էր ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։

Անցյալ շաբաթ կայացած հանդիպումը միջնորդներն ամփոփել են համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին շարունակել կառուցողական ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ հույս հայտնել, որ երկու երկրների առաջնորդների միջեւ հանդիպումները կվերականգնվեն մոտ ապագայում:

Երկու երկրների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ երեկ Միլանում տեղի ունեցած բանակցություններից հետո տարածած համատեղ հայտարարությամբ ԵԱՀԿ խմբի ֆրանսիացի, ամերիկացի եւ ռուս համանախագահները ողջունում են շփման գծում հրադադարի խախտման դեպքերի զգալի նվազումը՝ արձանագրելով, որ այն տեղի է ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի կուլիսներում, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած զրույցից հետո: Միջնորդները դիմել են կողմերին՝ հորդորելով շարունակել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը եւ հստակ քայլեր ձեռնարկել իրենց քաղաքացիներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:

Ընդգծելով, որ Մնացականյանի եւ Մամեդյարովի միջեւ տեղի ունեցած վերջին հանդիպումը անցել է դրական մթնոլորտում՝ միջնորդները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ ակտիվ արդյունքների միտված բանակցությունները շուտով կվերսկսվեն՝ հակամարտության արդար եւ տեւական կարգավորումը գտնելու համար: Մինչ այդ, ըստ հայտարարության, արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հերթական՝ արդեն չորրորդ հանդիպումն անցկացնելու մասին:

Ի դեպ, Միլանի հայտարարության մասին նախօրոք ակնարկել էր պաշտոնական Մոսկվան: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը՝ անցյալ շաբաթ ճեպազրույցում ասել էր ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նկատի ունենալով Միլանում ԵԽԽՎ արտաքին գործերի նախարարների խորհրդի բացման նախաշեմին ԵԽԽՎ Մինսկի խմբի միջնորդությամբ նախատեսված հանդիպումը: Զախարովայի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն կարգավորման վերաբերյալ հայտարարությունը:

Այսպիսով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար եւս արժեքավոր են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց իրագործումը: Ավելին՝ նրանք այս համատեքստում հստակ քայլեր են ակնկալում կողմերից քաղաքացիներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ: Տպավորություն է ստեղծվում, որ կողմերի դիրքորոշումներն այնքան են մոտեցել, որ միջնորդներն արդեն հորդորում են կողմերին իրենց հասարակություններին նախապատրաստել փոխզիջումներին: Մինչդեռ ակնհայտ է, որ որքան էլ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո միջազգային տարբեր ատյաններից ու դիվանագետներից հնչած հորդորներին՝ կողմերի դիրքորոշումները մնում են անփոփոխ, չկան նախադրյալներ կարծելու, թե մոտ ապագայում քննարկումները, օրինակ, կարող են հասնել կոնկրետ փոխզիջումների թեմային:

Փաստենք նաեւ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի արդեն որերորդ հայտարարությունն է, որում դարձյալ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, պահանջների մասին հիշատակում չկա: Ինչո՞ւ:

Մամեդյարովը կարեւոր ու օգտակար է որակում Մնացականյանի հետ հանդիպումը

Ղարաբաղյան հարցով բանակցությունները արտգործնախարարների մակարդակով կշարունակվեն հունվարին՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Միլանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո:

«Կարծում եմ, որ բանակցությունները, որոնք շարունակվեցին երեք ժամ, կարեւոր եւ օգտակար էին՝ կողմերի դիրքորոշումներն առավել լավ հասկանալու առումով: Համաձայնություն ձեռք բերվեց շարունակել բանակցությունները նույն ձեւաչափով նաեւ առաջիկայում, ամենայն հավանականությամբ՝ հաջորդ ամիս»,- ասել է Մամեդյարովը:

Հայաստանի արտգործնախարարությունը Միլանի հանդիպման վերաբերյալ հաղորդել էր, որ այն «միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին»։ «Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձեւավորված դինամիկան»,- ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

«Այն, ինչ ոմանք ներկայացնում են որպես գործարք, մեր ժողովրդի համար մահացու զենք է»

ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստում Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում արդեն հանգամանալից անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային՝ փաստելով, որ երեք տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաստատակամ է արժանապատվորեն կառուցելու իր կյանքն ու հաստատությունները՝ հակադարձելով Ադրբեջանի կողմից իրականացվող դաժանություններին, բռնությանը եւ ագրեսիային: «Ադրբեջանի որդեգրած բռնության քաղաքականության շարունակումը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը միայն երկարաձգում են խնդրի կարգավորումը՝ նոր տառապանքներ ստեղծելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Զենքի սպառնալիքի ներքո օգուտներ քաղելու պատրանքները դատապարտված են ձախողման»,- նշել է նա:

Այնուհետեւ նա փաստել է, որ ՀՀ նոր կառավարությունը վճռականորեն վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը չի ազդել խաղաղ գործընթացի վրա, եւ նախորդ յոթ ամիսների ընթացքում մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել հանդիպումների եւ քննարկումների մեջ: Սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ իրավիճակի սրման վտանգների նվազեցման, հրադադարի ամրապնդման եւ կողմերի միջեւ օպերատիվ կապի հաստատման վերաբերյալ: Երեկ վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, եւ մենք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկանք: Անշուշտ, ոգեւորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ: Այն վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարեւորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման եւ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Խաղաղությանը նպաստող միջավայրն էական նշանակություն ունի բանակցային գործընթացի համար: Այս առնչությամբ նշանակալի ներդրում կլինի Դուշանբեի համաձայնությունների, ինչպես նաեւ վստահության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված իրական ջանքերը եւ ռազմատենչ հռետորաբանությունից ու ատելության քարոզից հրաժարվելը նույնքան կարեւոր են»,- ասել է Զ. Մնացականյանը:
Այսպես, պաշտոնական Երեւանը կարեւորում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը, թեեւ միաժամանակ շեշտում է այս համատեքստում հակամարտության գոտում ինտենսիվորեն աշխատելու լարվածության հետագա թուլացման եւ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտությունը՝ խաղաղությանը նպաստող միջավայրի տեսանկյունից: Հետաքրքրականն այն է, որ ՀՀ ԱԳՆ-ն էլ հստակորեն չի հիշատակում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հարգելու պահանջը:

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է՝ անհրաժեշտ է, որ վտանգի նվազեցման միջոցներն ուժեղ աջակցության արժանանան ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների կողմից. «Հարձակողական զենքերի վաճառքը եւ մատակարարումը նպաստում են ուժի եւ դրա սպառնալիքի կիրառմանը։ Բոլոր ներգրավված անդամ պետությունները պետք է վերանայեն իրենց այս գործելաոճը։ Այն, ինչ ոմանք ներկայացնում են որպես գործարք, մեր ժողովրդի համար մահացու զենք է: Հակամարտության եւ հետեւաբար դրա հանգուցալուծման առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունն է»:

Վաշինգտոնի կարեւոր արձանագրումները

Անցյալ շաբաթ Վաշինգտոնից մի քանի հայտարարություններ հնչեցին ԼՂ կարգավորման թեմայի շուրջ: ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Քուփերը դեկտեմբերի 4-6-ը Ադրբեջան այցի ընթացքում քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Ըստ Պենտագոնի պաշտոնական հաղորդագրության՝ Քուփերը ադրբեջանական իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում նաեւ վերահաստատել է, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգների հանձնառությունը` աջակցելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներով:

Այս սկզբունքների հիշատակումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետության կողմից խիստ կարեւոր փաստ է: Իսկ օրերս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը Միլանում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ իր ելույթում նշել է, որ ԵԱՀԿ երկրները պետք է աշխատեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Հարավային Կովկասում մենք պետք է աշխատենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»։ Միտչելի խոսքով՝ Միացյալ Նահանգներն իր հերթին կշարունակի սատարել ԵԱՀԿ-ին ու նրա համապարփակ մոտեցմանը անվտանգության ապահովման հարցում։

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ , 12.12.2018   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31