Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ «Թումանյանի զավակները» մատենաշարից

Դեկտեմբեր 17,2018 23:45

Oրերս Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծի ավագ որդու՝ Մուշեղ Թումանյանի՝ արխիվային նյութերի հիման վրա կազմված «Թումանյանի զավակները» մատենաշարի հերթական գրքի շնորհանդեսը: «Թումանյանի զավակները. Մուշեղ Թումանյանը եւ իր ընտանիքը» գիրքը հրատարակել է «Մուղնի» հրատարակչությունը: Արխիվային նյութերի մշակմամբ զբաղվել են թանգարանի մասնագետները:

«Մինչ այս, արդեն մի քանի գիրք հրատարակել ենք: Առաջինը եղել է Թումանյանի Արտավազդ որդու նամականին, որին հաջորդել է բանաստեղծի ավագ դստեր՝ Աշխենի հուշագրությունները, իսկ երրորդ գրքում լույս են տեսել Արտավազդի ստեղծագործությունները: Հիմա մեր ընթերցողի սեղանին է դրվում Մուշեղի ընտանեկան արխիվը»,- ասաց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը:

Թանգարանի գիտաշխատող Սուսաննա Ադամյանը նշեց, որ ինչպես Թումանյանի մյուս բոլոր արու զավակները, Մուշեղը ևս դաժան ճակատագիր ունեցավ ՝ դառնալով ստալինյան բռնապետության զոհ:

«Մուշեղ Թումանյանը ծնվել է 1889 թ. Թիֆլիսում: Ընդունվել է ռուսական գիմնազիա , ինչը Թումանյանի սրտով չէր և նա մյուս երեխաներին հայկական դպրոցներ տվեց : Գիմնազիայից հետո Մուշեղ Թումանյանն ընդունվել է Պետերբուրգի համալսարան: 1915 թ. կիսատ թողնելով ուսումը ՝ զորակոչվել է ծառայության »,-պատմեց տիկին Սուսաննան:

Գրքում առանձին բաժին է հատկացված Մուշեղ Թումանյանի կնոջ ՝ Մարիա Սոկալսկայայի հուշերին և նամակներին:

«Նրա հուշերը շատ ծանր են, քանի որ ընդամենը մի քանի ամիս է անհոգ կյանք ունեցել: Քաղաքական դրության պատճառով անընդհատ ստիպված է եղել բաժանվել ամուսնուց: Նա աքսորից հրաշքով է փրկվել: 37 թիվը ոչ միայն նրա ամուսնուն խլեց, այլև՝ որդուն»,- նշեց թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը:

Տեղեկացանք, որ գրքի հրատարակությունը մի փոքր երկար է տեւել, մինչեւ հովանավոր գտնվի: Բարեբախտաբար, գիրքը չի արժանացել նույն  դժբախտ ճակատագրին, ինչ Թումանյանի զավակները:

Արևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31