Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» դաշինքից ավագանու անդամ Ռուբեն Հայրապետյանի կողմից ամիսներ շարունակ կամայականություններ են դրսևորվում

Դեկտեմբեր 18,2018 20:40

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,

Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանին

Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն նախարար,

ՀՊՏՀ Կառավարման ամբիոնը ավելի քան 27 տարվա պատմություն ունի: Այս տարիների ընթացքում ամբիոնը մշտապես աչքի է ընկել իր բարի համբավով, պրոֆեսորադասախոսական կազմի բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, ներքին բարոյահոգեբանական առողջ միջավայրով, անձնակազմի համախմբվածությամբ: Այս մասին կարող են վկայել համալսարանի, և՛ աշխատակիցները, և՛ ուսանողները, և՛ ամբիոնի այն շրջանավարտները, ովքեր ՀՀ աշխատաշուկայում զբաղեցնում են բարձրաստիճան տարբեր պաշտոններ:

2018թ. սեպտեմբերին ամբիոնի վարիչ Յու. Մ. Սուվարյանը, իր դիմումի համաձայն ազատվել է ամբիոնի վարիչի պաշտոնից:

Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման 3,5 ամիսների ընթացքում արդեն խաթարվել է ամբիոնի բնականոն աշխատանքը, և, որ ամենակարևորն է՝ բարոյահոգեբանական մթնոլորտը, որի պայմաններում այլևս անհնար է աշխատել:

Ռ. Հայրապետյանը սպառնում է ամբիոնի աշխատակիցներին աշխատանքից ազատումով: Ըստ նրա,  բոլոր այն դասախոսները, ովքեր համաձայն չեն իր կամայականությունների հետ, կամ համարձակվել են արտահայտել իր կարծիքին հակառակ կարծիք և բարձրաձայնել նրա ապօրինություններն ու խախտումները՝ չեն ունենալու ուսումնական ծանրաբեռնվածություն: Ժ/պ-ի անբարյացակամ և ամբարտավան վերաբերմունքը ամբիոնի հիմնական և երկար տարիների ստաժ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի հանդեպ, ինչպես նաև աշխատանքի ընթացքում բազմաթիվ կարգերի խախտումներն ու 3-4 յուրայիններին տրվող կասկածելի արտոնությունները՝ անհանդուրժելի են ամբիոնի գերակշիռ մասի կողմից: Ամբիոնի գրեթե բոլոր նիստերի ընթացքում վարիչը իր մեկնաբանություններով փորձում է բացառապես ինքնահաստատվել, ինչը էլ ավելի է մեծացնում իր և ամբիոնի մեծաթիվ այլ անդամների միջև իր իսկ կողմից ստեղծած անջրպետը:

Ռ. Հայրապետյանը ամեն տեղ հայտարարում է, որ մեր ընդդիմանալուն շատ քիչ ժամանակ է մնացել, քանի որ իր ՀՊՏՀ ռեկտոր դառնալու հարցը «վերևներում» արդեն իսկ որոշված է և առավելագույնը փետրվար ամսին՝ ինքը կնշանակվի համալսարանի ռեկտոր: Սակայն, եթե նա ունակ չէ անգամ իրեն կառավարել, կամ համարժեք հարգանք ցուցաբերել ընդամենը մեկ ամբիոնի անձնակազմի նկատմամբ, լսել և հարգել մյուսների կարծիքը, կառավարել կոնֆլիկտները, ինչպե՞ս նա կարող է կառավարել մեր համալսարանը:

Մեծարգո պարոն Վարչապետ, հարգելի նախարար, պրոֆեսոր Ռ. Հայրապետյանի թույլ տված կամայակնությունների և վարքագծի առնչությամբ, ինչպես բանավոր այնպես էլ գրավոր կերպով տեղեկացրել ենք համալսարանի ռեկտոր Կ. Աթոյանին, սակայն խնդիրը մինչ օրս լուծում չի գտել: Ուստի, խնդրում ենք ձեր միջամտությունը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի բնականոն աշխատանքի վերականգնման և վարիչի պաշտոնակատարի կամայականություններին վերջ դնելու հարցում: Մենք նպատակահարմար չենք գտնում Ռ. Հայրապետյանի պաշտոնավարումը և պահանջում ենք, մինչև մրցույթ հայտարարելը՝ նշանակել նոր ժամանակավոր պաշտոնակատար: Միևնույն ժամանակ խնդրում ենք զսպել Ռ. Հայրապետյանի ռեկտոր դառնալու անառողջ ամբիցիաները, քանի որ դրանց բավարարումը համալսարանում կստեղծի պայթյունավտանգ իրավիճակ:

Հարգանքներով՝

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31