Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախ լուր Սամվել Բալասանյանից․ մարզխորհրդի նիստին նա բարձրացրեց գյուղապետերի մռայլ տրամադրությունը

Դեկտեմբեր 26,2018 22:33

Այսօր մարզխորհրդի տարեվերջյան նիստին, որը ժամեր տևեց․ յուրաքանչյուր վարչության պետ հանդես եկավ զեկույցով՝ թվախեղդ անելով ներկաներին, Սամվել Բալասանյանը հանդես եկավ մի առաջարկով՝ ուրախ տրամադրություն հաղորդելով։  Նա առաջարկն արեց ոչ որպես քաղաքապետ, այլ որպես գործարար։

Սամվել Բալասանյանն ասաց, որ իր ածիկի գործարանի համար անհրաժեշտ է բարձրորակ գարի, մինչդեռ Հայաստանում  գյուղացիները զլանում են մշակել ու ստանալ իր ուզած որակը, հետևաբար, և ինքը ստիպված է  այն ձեռք բերել կամ Ռուսաստանից կամ այլ տեղերից ու վերամշակել։

«Շիրակի մարզը և նաև Գեղարքունիքը հիմնականում գարի մատակարարող երկու մարզերն են։ Արդեն քանի տարի է՝ փորձարկումներ ենք անում, որևէ բան չենք ստանում, որպեսզի մենք կարողանանք նման գարի ստանալ, գարեջրի գարի, որպեսզի չներկրենք ու ստեղծենք աշխատատեղեր, որի համար այդ արտադրությունը հիմա հիմնված է»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հետաքրքրվեց, թե հիմա որտեղի՞ց է ներկրում։ «Ռուսաստանից եմ բերում, տարբեր տեղերից եմ ներկրում, համենայնդեպս Հայաստանում չկա նման գարու տեսակ, բերեցի, փորձարկեցի, ստացվեց, համայնքապետերը նստած են, արտադրեք, կընդունենք, 20 հազար տոննա կարող եք վերամշակել»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Գյուղապետերը տեղից արձագանքեցին․ «Էժան եք ընդունում պարոն Բալասանյան, դրա համար էլ չենք արտադրում»։

Սամվել Բալասանյանը հակադարձեց․ «Դուք արտադրեք, ասում եմ կընդունեմ»։

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասաց, որ ածիկի գարու արտադրության համար Շիրակի մարզպետարանում այս տարի կազմակերպել էին խորհրդակցություն, որին մասնակցել են «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրինությունն ու Շիրակի մարզի խոշոր և միջին ֆերմերային տնտեսությունները։  «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրինությունն առաջարկել է, որ ֆերմերային տնտեսությունները ցանեն, ստանան բերք ու տան «Կիլիկիային», անգամ տեսակն են հաստատել, սակայն «Կիլիկիայի» առաջարկած ցածր գնի պատճառով գյուղացիները չեն համաձայնել։

Սամվել Բալասանյանը, սակայն, նշեց, որ  մեկ կիլոգրամը կգնի 250 դրամով, սա արժանացավ նստած գյուղապետերի ծափահարությանը։  Սամվել Բալասանյանն ասաց, որ Գերմանիայից ներկրելիս էլ՝ 220 դրամով են գնում։

«Եթե պարոն Բալասանյանի հնչեցրած թվով՝ 250 դրամով լինի, ես վստահ եմ, որ  այստեղ նստած համայնքի ղեկավարները, այդ թվում գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանս պատրաստ ենք ցանել և տալ ձեզ, պարոն Բալասանյան»,- ասաց գյուղավարչության պետ Մովսես Մանուկյանը։

Նորից հնչեցին ծափահարություններ։

Սամվել Բալասանյանն ասաց․ «Ամենակարևորը շահագրգռվածությունն է, շաքարի գործարանն եղավ, ճակնդեղ չունեցանք, ածիկի գործարանն եղավ, գարի չունեցանք։ Իմ խնդիրը 200 կամ 300 դրամը չէ, իմ խնդիրն այն է, որ գյուղատնտեսությունը սկսենք զարգացնել, 200 հազար տոննա կարող եք վերամշակել և վաճառել։ Հարավային Կովկասում չկա ածիկի գործարան, սարքվեց, սարքում ենք հլը, լուրջ ներդրում է կատարվել էսօրվա դրությամբ։ Էսօր մեզ Աստված ամեն ինչ տվել է, հողը տվել է, արեգակը տվել է, ջուրը տվել է, աշխատող մարդուն տվել է, բերեք կազմակերպենք»։

Գյուղվարչության պետն էլ պաշտոնապես հայտարարեց, որ Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններն ընդունակ են արտադրելու 40-50 հազար տոննա որակյալ ածիկի համապատասխան սորտի գարի և մատակարարել գարեջրի արտադրությամբ զբաղվող գործարաններին։

Մովսես Մանուկյանը Սամվել Բալասանյանին ասաց, եթե նա պնդում է իր առաջարկած գինը, 2019 թվականի հունվարին կհավաքեն համայնքի ղեկավարներն, նրանց հետ կկնքեն պայմանագիր, Սամվել Բալասանյանը գինը կասի, համայնքապետերն էլ գարին կտան։

«Այ, սա եղավ տղամարդկային պայմանավորվածություն», -ժպտալով ասաց Սամվել Բալասանյանը։

Համայնքապետերը դարձյալ սկսեցին ծափահարել՝ բացականչելով՝ պայմանավորվեցինք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31