Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիանն» ինքն է զրպարտում ինձ». Բագրատյանը պնդում է, որ հանքարդյունաբերությունը կատարվել է կոռուպցիոն ռիսկերով

Փետրվար 23,2019 12:25

Օրերս լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ՝ պահանջելով հրապարակային հերքում եւ վնասի փոխհատուցում՝ գումարի տեսքով: «Պարտավորեցնել Սերգեյ Բագրատյանին փետրվարի 17-ին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպմանը զրպարտություն համարվող փաստացի տվյալները, այն է՝ «Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ, որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետև նախորդ իշխանություններն իրենցից կաշառք վերցրել են և թույլ են տվել, ինչի մասին է խոսքը, ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ … » հրապարակայնորեն հերքել»,-ասված է «Լիդիան Արմենիայի» հայցում:

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով իր դեմ հայցին՝ Սերգեյ Բագրատյանը նշեց. «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որը նախկին «ԳեոԹիմն» է, հանքի շահագործման լիցենզիաներ են տվել Վարդան Այվազյանը, Արմեն Մովսիսյանը, Երվանդ Զախարյանը, Արամ Հարությունյանը: Հետեւություններն ինքներդ արեք: Դեռ այն ժամանակ քննարկումներում ասացի, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր, եւ որ չպետք է շահագործվի Ամուլսարը: Նախադեպ ունենք, որ Սիլվա Համբարձումյանը կաշառք է փոխանցել: «Լիդիան Արմենիան» մեջբերում է արել իմ խոսքից մի հատված՝ «իրենցից կաշառք են վերցրել նախորդ իշխանությունները» եւ կոնտեքստից կտրել: «Իրենց» չի նշանակում «Լիդիան Արմենիա»:

Սերգեյ Բագրատյանը համոզմունք հայտնեց, որ հանքարդյունաբերողները նախկինում վատ ծրագրերն անցկացրել են կոռուպցիոն սխեմաներով. «Դա գաղտնիք չէ: Շարունակում եմ պնդել, որ հանքարդյունաբերությունը երկար ժամանակ տեղի է ունեցել կոռուպցիոն ռիսկերով: Համարում եմ, որ «Լիդիանն» ինքն է զրպարտում ինձ, քանի որ իրեն չուղղված խոսքերը վերագրում է իրեն: Երբ ասել եմ «իրենք»՝ նկատի եմ ունեցել հանքարդյունաբերողներին»: Ինչ վերաբերում է հանքի շահագործման հետագա ճակատագրին, պատգամավորը նշեց. «Չի կարելի ներկա պայմաններում շահագործել Ամուլսարը: Ունենք միջազգային երեք կազմակերպության բացասական եզրակացություն: Ես ժողովրդիս կողքին եմ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728