Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանի զարմուհի. «Նա միշտ ժամանակ էր գտնում երեխաների համար»

Մարտ 07,2019 22:51

Հայաստանի գրողների միությունում մարտի 7-ին տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում։

Ճեմասրահում նախկինում չցուցադրված լուսանկարների ցուցահանդես էր, որը կազմակերպվել էր Վազգեն Սարգսյանի եղբոր աղջկա` Գրետա Սարգսյանի շնորհիվ: Նա լուսանկարները ձեռք էր բերել «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվից` Անահիտ Ադամյանի օգնությամբ:

Նա մեծ հուզմունքով և ժպիտով էր հիշում հորեղբոր հետ կապված հիշողությունները։ Դրանք պատմում էր իր ուսանողներին և լրատվամիջոցներին։

«Նա դպրոցում ամենալավ սովորողներից էր։ Եվ այն փաստը, որ հորեղբայրս ընդունվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ, զարմացրել էր բոլորին։ Անչափ սիրում էր ֆուտբոլը, և դրա հետ մեկտեղ ստեղծագործում էր՝ լինելով գրողների միության անդամ։ Հիշում եմ՝ երբ հինգ տարեկան էի, նա մեր տուն էր եկել։ Անկախության օրն էր։ Այդ օրը մինչև երեկոյան ժամը մեկը նա մեզ հետ պահմտոցի էր խաղում։ Եվ երբ տատս բարկացավ, որ արդեն պետք է քնենք, հոպարս ծիծաղեց, ասելով՝ որ անկախության օրը չպետք է քնի ոչ մի հայ»,- ասաց Գրետա Սարգսյանը՝ ավելացնելով, որ երբեք չի տեսել հորեղբորը հոգնած կամ «հավես չունեմ» տրամադրությամբ: Նա ընտանիքում չի եղել «զբաղված քաղաքական այրերի» կերպարով, միշտ ժամանակ էր գտնում երեխաների համար։

Ցուցահանդեսից հետո գրողների միության դահլիճում տեղի ունեցավ Սպարապետին նվիրված մեկ այլ միջոցառում։ Այն բացվեց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքերով, որին հաջորդեց Սասուն Միքայելյանի կոչը.

«Վազգենը մեր ավագ եղբայրն էր՝ չնայած տարիքով փոքր էր մեզնից։ Մենք պետք է ավարտենք Սպարապետի կիսատ թողած գործը՝ հաղթանակի կնիքը դնելով»:

Միջոցառման ընթացքում նաև ընթերցվեց Վազգեն Սարգսյանի «Էդ խելքին ենք, որ էս խելքին ենք» պատմվածքը: Իրենց հուշերը ներկաներին պատմեցին հարազատները, զինակից ընկերները:

Լիլիթ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031