Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում է

Հոկտեմբեր 31,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Սահմանադրական դատարանը Դավիթ Մուսայելյանի դիմումի հիման վրա գործն ընդունել է քննության։ Դիմողն անհատական դիմումով ներկայացված միջնորդությամբ Սահմանադրական դատարանին խնդրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ՝ համապատասխան որոշմամբ կասեցնել վիճարկվող դրույթի գործողությունը, քանի որ հակառակ պարագայում իր համար կառաջանան անդառնալի եւ ծանր հետեւանքներ։

Դիմողը թիվ ՎԴ/15887/05/25 վարչական գործի շրջանակում ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն, որը Վարչական դատարանի՝ 2025 թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ բավարարվել է՝ Երևանի քաղաքապետարանին արգելվել է ապամոնտաժել համապատասխան հասցեում գտնվող ինքնակամ կառույցը: վիճարկվող դրույթով ամրագրվել է, որ «Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված միջնորդությունների հիման վրա կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնք հանգեցրել են համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների քանդումը (ապամոնտաժումը) արգելելուն, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են վերացած»։ Ըստ դիմումատուի՝ վիճարկվող դրույթը խնդրահարույց կարող է լինել Սահմանադրության 61, 63, 73 և 79-րդ հոդվածների սահմանադրականության տեսանկյունից:

Դիմումի համաձայն՝ «Մինչ օրենքի ընդունումը հայցվորի միջնորդությունը բավարարվել է և կիրառվել է հայցի ապահովման միջոց, հետևաբար վերջինս ուներ իրավաչափ ակնկալիք, որ այն չի կարող փոփոխվել/վերացվել այլ կերպ, քան նախատեսված է այդ պահին գործող դատավարական օրենքով: Մինչդեռ, տվյալ դեպքում կատարվել է օրենսդիր իշխանության միջամտություն, որը նախատեսում է նախկինում ընդունված դատական ակտերի վերացում, խախտելով անձի իրավական որոշակիության և իրավաչափ ակնկալիքի սկզբունքները»։ Դիմողը նաև նշում է, որ օրենքը կոպտորեն ոտնահարում է հայցվորի արդար դատաքննության իրավունքը: Այսինքն, հայցի ապահովման միջոցը կոչված է ապահովելու դատական ակտի կատարումը, ինչը կբացառվի հայցի ապահովման միջոցի  վերացման դեպքում, իսկ նշված վարչական գործի քննությունն այլևս կդառնա իմաստազուրկ: Մասնավորապես, ինքնակամ կառույցի քանդման դեպքում դրանց օրինականացման վերաբերյալ հայցվող վարչական ակտ պարզապես չի կարող ընդունվել, այն պարզ պատճառաբանությամբ, որ այլևս ինքնակամ կառույցներ գոյություն չեն ունենա, ինչն իր հերթին կնշանակի, որ գործը կդառնա առարկայազուրկ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել