Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովին կից աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Տնտեսագետ Աշոտ Թավադյանն ասաց, որ եթե մենք ԵԱՏՄ պայմանագիրը չստորագրեինք, մոտ կես միլիարդի վնաս կունենայինք: Նա ասաց, որ եթե տարիների ընթացքում արտահանման առումով դոփում էինք տեղում, առաջին անգամ գերազանցեցինք 2 մլրդը, 2018-ին 2,4 մլրդի հասավ: Մենք պատրաստի արտադրանք ենք արտահանում. «Մաքսատուրքերի հարցում պետք է ակտիվ լինենք, եթե հաշվի առնենք նաեւ մեր գործընկերների շահերը, արդյունքի կհասնենք: Մաքսատուրքերը բարձրացան, Ղազախստանը, ՌԴ-ն զիջեցին մեզ: Մենք մոտ 90 մլն դոլար փոխանցել ենք ու ստացել ենք 150 մլն դոլար, այսինքն, 60 մլն քողարկված դոտացիա ենք ունեցել»,- խոսելով ԵԱՏՄ օգուտների մասին՝ ասաց պարոն Թավադյանը՝ հիշեցնելով, որ այդ միությունում ոչ մեկը ոչ մեկին իր շահերը չի զիջելու, սա պետք է հաշվի առնել:

Անդրադառնալով գազի գնին՝ նա ասաց. «Արեւմուտքում 90 դոլար է, մեզ մոտ սահմանին 150 էր, հիմա դարձավ 165: Իհարկե, սա առաջնային խնդիր է: Իհարկե, էժան էներգակիրները բարձրացնում են երկրում մրցունակությունը, բայց այստեղ էլ մենք խնդիր ունենք: 64-րդ հոդվածը արժութային քաղաքականության համաձայնեցման մասին է, առանց այդ հոդվածի կիրառման մենք չենք կարող անցնել միասնական շուկայի, որովհետեւ փոխարժեքի տատանումների պարագայում էական է: Մենք այստեղ լուրջ խնդիրներ ենք ունենալու»:

Քառյանն ասաց, որ տարանցման հարցում 4 երկիր են մասնակցելու՝ Հայաստանը՝ որպես տարանցման տարածք, Իրանն ու Վրաստանը պետք է համաձայնության գան այդ հարցի շուրջ, ՌԴ-ն անմիջապես մասնակցում է, որովհետեւ ունի ցանց եւ իրավունքներ եւ Ադրբեջանն անուղղակի է մասնակցում: Իր լծակներն ու մասնակցությունը շատ առարկայական են: Մենք ենթակառուցվածքներ չունենք, զիջել ենք բոլոր լծակները, բայց տարանցման իրավունքը մեզ է պատկանում, ինքնիշխանությունը չենք կորցրել, մենք դառնում ենք տարանցող երկիր»:
Քառյանն ասաց, որ Վրաստանի դիրքորոշումը տարանցման հետ կապված շատ կարեւոր է: Վրաստանն այսօր ստանում է ամբողջ գազն Ադրբեջանից ու ստանում է ամբողջ ծավալով 2,5 մլրդ խմ: Ամբողջ խնդիրն այն է, որ դրա մի մասը ռուսական գազ է: Իրենք քաղաքական առումով հրաժարվել են ռուսական գազ ներկրելուց, բայց իրենք ստանում են, ըստ էության, ռուսական գազ»: Ըստ տնտեսագետի, ՌԴ-ին շատ ձեռնտու է, որ տարանցմանը մասնակցի՝ որպես խաղացող, իսկ ինքը լուրջ խաղացող է:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































