Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Չհեռացող Նազարբաևը և նրա՝ հայերի հետ հակասական խաղերը

Մարտ 19,2019 23:25

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Նուրսուլթան Նազարբաևի` Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց․ «Առաջին հայացքից թվում է, թե Ղազախստանը գրեթե 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տալիս և զիջում է իր պաշտոնն այլ մարդու։ Իրականությունն այն է, որ պարոն Նազարբաևը, հայտարարելով իր հրաժարականի մասին, պահպանում է երեք կարևորը պաշտոնները, որոնք նա ստանձնել է նախագահ լինելու ժամանակ։ Առաջին հերթին, ըստ Ղազախստանի Սահմանադրության, նա համարվում է Ղազախստանի ազգային առաջնորդ։ Պարզվում է՝ Ղազախստանի Սահմանադրությամբ կա նման կոչում, ու Նուրսուլթան Նազարբաևը պահպանում է այն։

Երկրորդը՝ Նուրսուլթան Նազարբաևը պահպանում է Ղազախստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը և 3-րդը՝ պարոն Նազարբաևը պահպանում է իշխանամետ «Նուռ Օթան» կուսակցության նախագահի պաշտոնը։ Այստեղից հետևություն, որ պաշտոնին հրաժարական տալով՝ նա իր ձեռքում է պահում երկրի ամենակարևոր պետական պաշտոններից մեկը, այսինքն՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը և միևնույն ժամանակ պահպանելով «Նուռ Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ կարելի է ենթադրել, որ սպասվելիք արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական թեկնածուն, որը կպայքարի Ղազախստանի նախագահի պաշտոնի համար, ևս կլինի «Նուռ Օթան» կուսակցության ներկայացուցիչը։ Ես չեմ կասկածում, նա էլ հաղթանակ կտանի։

Ես Նուրսուլթան Նազարբաևի ելույթը բավական ուշադիր ունկնդրեցի, չեմ էլ զարմանա, եթե Ղազախստանի նախագահի պաշտոնի համար պայքար մղի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը, որն այժմ նախագահի պաշտոնակատարն է։ Իր ելույթում պարոն Նազարբաևը բավական դրական ներկայացրեց այդ անձին»։

Քաղաքագետի ասելով, Նազարբաևի ղեկավարած 30 տարիների ընթացքում Ղազախստանը թեև ժողովրդական երկիր չդարձավ, բայց, ի տարբերություն միջինասիական մյուս հանրապետությունների՝ Ղազախստանի նախագահին հաջողվեց անել այն, ինչը չի հաջողվել մյուսներին։ Նա ապահովեց Ղազախստանի բնակչության բարեկեցությունը։

«Եթե հարևան Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի բնակիչներն այս պահի դրությամբ համարվում են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող ամենամեծ զանգվածը և ամենաէժան աշխատուժը, ապա երբևիցե երկրում, այդ թվում` Ռուսաստանում չեք տեսնի ղազախ խոպանչիների։ Սրանով ապացուցված կարելի է համարել այն հանգամանքը, որ Ղազախստանի հարստությունը, իսկ դրանք բազմաթիվ են՝ նավթ, գազ, քարածուխ, երկաթ և այլ օգտակար հանածոներ, իշխանությունները օգտագործում են կոնկրետ ոչ միայն իրենց գրպանները լցնելու, այլ նաև ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար։ Տեսեք, նույն հարևան Թուրքմենստանը ևս նավթով ու գազով հարուստ երկիր է, բայց նույնիսկ նրանց ղեկավարին չի հաջողվել ապահովել այն բարձր սոցիալ-տնտեսական մակարդակը, որը կա Ղազախստանում։ Սրանով Նազարբաևը բավական տարբերվում է միջինասիական բոլոր լիդերներից։

Պետք է նշեմ, որ Ղազախստանում բավական դրական կերպար են համարվում Նազարբաևի երկու դուստրերը։ Ճիշտ է, դուստրերից մեկի ամուսինը սկանդալային պատմությունների մեջ ընկավ և մահացավ Ավստրիայի բանտերից մեկում, բայց ի տարբերություն հարևան Ուզբեկստանի նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի, Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի անդամներն այդպիսի սկանդալային և խայտառակ կոռուպցիոն պատմությունների մեջ չեն հայտնվել», -ասում է Գագիկ Համբարյանը։

Նա, վերլուծելով նաև Նուրսուլթան Նազարբաևի վերաբերմունքը հայերի նկատմամբ, առանձնացրեց ղազախահայությանը։ Ըստ քաղաքագետի, Ղազախստանի նախկին նախագահի՝ իր երկրում բնակվող հայերի նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ցուցաբերած վերաբերմունքից։

«Նուրսուլթան Նազարբաևի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ կարելի է երկու մասի բաժանել․ նա բավական լավ հարաբերություններ ունի Ղազախստանում բնակվող հայերի հետ, առավել ևս եթե հաշվի առնենք, որ Նազարբաևը երկար տարիներ աշխատել է Կարագանդայում, իսկ այն համարվում է Ղազախստանի հայության կենտրոնատեղերից մեկը։ Հիշում եք վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքը Կարագանդայի հայերին պատկանող ռեստորաններից մեկում։ Ղազախստանի նախագահի անմիջական մասնակցությամբ կտրուկ նվազեց, այսպես ասած, հակահայկական հիստերիան՝ կապված Կարագանդայի «Նոր Հռոմ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ամանորյա միջադեպի հետ, երբ որ ղազախ երիտասարդ էր սպանվել, և այդ հիստերիան հրահրողը Ադրբեջանն էր ու Ղազախստանում բնակվող ադրբեջանցիները։ Մի քանի օր հիստերիայից հետո տեսանք, որ ալիքը նվազեց և դա պատահական չէր, այս ամենում, իհարկե, Ղազախստանի իշխանությունների ներգրավվածությունը շատ մեծ էր։ Մենք շատ լավ գիտենք, որ Ղազախստանում ամեն ինչ վերահսկվում է նախագահի կողմից։

Նրա լավ հարաբերությունները տեղի հայության հետ ընդգծվում է նաև ղազախական մամուլում։ Նույնիսկ կան շիրակցիներ, խոշոր բիզնեսմեններ, որոնք մոտ են Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի անդամների և նրա շրջապատի հետ։

Ղազախստանում գործող հայկական համայնքին պատկանող ուսումնական հաստատություններն ու մշակութային կենտրոնները ևս բավական լավ վիճակում են, հովանավորվում են տեղի իշխանավորների կողմից։

Պետք է նշեմ, որ Ղազախստանի նախագահի լավ հարաբերությունները հայերի հետ սահմանափակվում է ղազախահայերի նկատմամբ լավ վերաբերմունքով, ես չեմ կարող ասել, որ Նազարբաևը լավ դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ և այն հայերի նկատմամբ, որոնք պատմության ընթացքում մեծ օգուտ են տվել Ղազախստանին։ Սկսեմ նրանից, որ Ղազախստանի Սոցիալիստական Հանրապետության առաջին ղեկավարին՝ Լևոն Միրզոյանին հենց Նուրսուլթան Նազարբաևի կառավարման տարիներն հռչակեցին ղազախների թշնամի։ 2014 թվականին նրա անունով կոչված Աստանայի գլխավոր փողոցը վերանվանվեց Սատպաևի անունով, որը Ղազախստանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահն էր։ Սա արդեն հակահայկական դիրքորոշում էր, իսկ 2018 թվականին Ակտոբե քաղաքում քանդվեց նույն Լևոն Միրզոյանի պատվին կանգնեցված արձանը։ Եվ դա բացատրեցին նրանով, որ արձանը 2007 թվականին կանգնեցվել է ոչ օրինական ճանապարհով, որը իրականությանը չի համապատասխանում, որովհետև արձանի քանդման հետևում կանգնած էին նույն ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները և պաշտոնական Բաքուն։

Իսկ ինչ վերաբերում է հայ-ղազախական հարաբերություններին, մենք շատ լավ հիշում ենք 2014 թվականի մայիսի 29-ի Նուրսուլթան Նազարբաևի կողմից Ադրբեջանի նախագահի մամլո խոսնակի դերի ստանձնումը, երբ որ ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ, որը տեղի էր ունենում Աստանայում, պարոն Նազարբաևը իրեն թույլ տվեց ընթերցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որտեղ վերջինս իր մտահոգությունն էր հայտնում, որ Հայաստանը, դառնալով ԵԱՏՄ անդամ, կարող է իր հետ ԵԱՏՄ անդամ դարձնել նաև Արցախի Հանրապետությանը։ Իհարկե, շատ տհաճ նստվածք թողեց հայ հասարակության մոտ։ Սա Ղազախստանի հակահայկական դեմարշներից մեկն է պաշտոնական Երևանի դեմ։

Ինչպես նաև չենք կարող մոռանալ 2016 թվականի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ Ղազախստանի արտգործնախարարության հակահայկական հայտարարությունը։ Հիշում եք այդ ժամանակ երկու երկրներ հանդես եկան հակահայկական զառանցանքով, որոնք իբրև թե բավական մտերիմ էին Հայաստանի հետ՝ Բելառուսն էր և Ղազախստանը։

Չեմ կարող Նուրսուլթան Նազարբաևի կառավարման երեսուն տարիները մեկ արտահայտությամբ բնութագրել, շատ վայրիվերումներով էին՝ կապված հայ-ղազախական հարաբերությունների հետ․ տեղի հայերի ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա վարած քաղաքականությունը տարբեր էր։ Լինելով թյուրքական պետություն ՝ պաշտպանում է հարավկովկասյան իր «եղբոր»՝ Ադրբեջանի շահերը։ Հիմնականում սրանով է բացատրվում նրա հակահայկական կեցվածքը, ինչպես նաև պաշտոնական Անկարայի հետ սերտ կապերով։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ Նազարբաևի «գնալուց» հետո հայ-ղազախական հարաբերություններում էական փոփոխություններ տեղի չեն ունենա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031