Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ՄԵՋ

Մարտ 29,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ վաթսուներեքերորդ

 

ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ՄԵՋ

 

Եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Շեքսպիրի օրոք ադրբեջանցի գոյություն չի ունեցել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Լենինն ա էդ ոչխարներին հնարել ու կապել մեր ջանին», եւ Ջավախյանը թարս նայեց Կորյունին ու ասաց՝ «որ ադրբեջանցիներին  քֆրտում ես, էդ չի նշանակում թե՝ հայրենասեր ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հայրենասիրությունն էն կլիներ, որ որպես ճարտարապետ էս երկրի ու էս քաղաքի համար մի հատ սիրուն նախագիծ գծեիր», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ որ պետք ա՝ գծել եմ՝», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Կորյունին ու հարցրեց՝ «գծածդ էն  Բուռչոյանոցը չի՞», եւ Արիկը Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ Բուռչոյանոց», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «էն Պլանի գլխի խինկալիանոցը», եւ Արիկը Կորյունին  հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Կորյունն արդարանալով ասաց՝ «էդ օբյեկտի տերը խնդրեց , մի գիշերում գծեցի», եւ Արիկը Կորյունին հարցրեց՝ «Բուռչոն ա՞ խնդրել», եւ Կորյունն ասաց՝ «չէ. առաջին տերը՝ Ստյոպն, ընկերս ա. խնդրեց, մի գիշերվա մեջ գծեցի», եւ Ջավախյանն արհամարհական ասաց՝ «ըտենց եք մի գիշերվա մեջ քաղաքի հերն անիծում», եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ա  ձեր պատկերացրած հայրենասիրությունը», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «մարդիկ խնդրել են, ես էլ նախագծել եմ», եւ Ջավախյանը մի քիչ  մտածեց ու հեգնանքով ասաց՝ «կարայիր մի քիչ ավելի հետաքրքիր նախագծեիր», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «շատ էլ հետաքրքիր ա նախագծել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես մենակ էդ Բուռչոյանոցում եմ ախորժակով խինկալի ուտում», եւ Կորյունն ինքնագոհ ասաց՝ «որովհետեւ ես որպես  սննդի օբյեկտ եմ նախագծել»  եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նկատի եմ ունեցել, որ մարդիկ էդ վայրում պիտի հաց ուտեն ու ժամանակ անցկացնեն», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Կորյունին ու ասաց՝ «ուրիշ վախտ Թամանյանից ու մեծամեծ բաներից ես խոսում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «կորող ա՞ քո էդ գծածը Օպերայի շենքի ու Թամանյանի մյուս շենքերի հետ համեմատեմ», եւ Կորյունը զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «բայց ինչի՞ պիտի Թամանյանի հետ համեմատես», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Կորյունին ու հարցրեց՝ «բա ինձ ո՞նց ես Թումանյանի հետ համեմատում», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «ես խելագար չեմ, որ քեզ Թումանյանի հետ համեմատեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու ինքդ ես անամոթաբար քեզ Թումանյանի հետ համեմատում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես ժողովուրդների բարեկամության գծով եմ Թումանյանի հետ համեմատվում», եւ Կորյունը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ղալաթ ես անում», եւ Արիկը Ջավախյանին ասաց՝ «շատ էլ ճիշտ ես անում, որ Թումանյանի հետ ես համեմատվում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էրկուսդ էլ ժողովուրդների բարեկամության պատճառով թուքումուր եք կերել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել