Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման ժամանակ փորձում էր կիրառել Կարնեգիի՝ «Ինչպես ձեռք բերել ընկերներ» գրքի որոշ սկզբունքներ». Արմեն Աշոտյան

Մարտ 30,2019 16:19

«Այս հանդիպումը չարտացոլեց Նիկոլ Փաշինայնի կողմից մինչև Ալիև- Փաշինյան հանդիպում բարձրացված երեք կարևոր նպատակների իրագործման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը կարծես մի բան է ասում մեր ու ձեր ականջների համար, մի բան է ասում Ալիևի և միջազգային հանրության ականջների համար: Այս շպագատը, որը Նիկոլը փորձում է նստել, կարող է բերել որոշակի և շատ երկրատև տհաճ հետևանքների ու վնասների»,- անդրադառնալով Վիեննայում մարտի 29-ին կայացած Ալիև-Փաշինյան հանդիպմանը, քիչ առաջ ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա ցավով արձանագրեց, որ Վիեննայի հանդիպումը Ղարաբաղան հակամարտության կարգավորման հայկական քաղաքական օրակարգի հետ որևէ աղերս չունեցավ: Արմեն Աշոտյանը, հասանելի աղբյուրներից՝ համանախագահների հայտարարություն,  Նիկոլ Փաշինյանի՝ հայ համայնքնի հետ հանդիպման մասին տեղեկություններ, Ալիևի հարցազրույցները վերլուծելով, եկել է այն եզրակացության, թեև լավ է, որ հանդիպում են, քանի որ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան ռազմական գործողությունները, բայց այդ բանակցությունների ՕԳԳ-ն հայկական կողմի համար այս հանդիպման առումով շատ ցածր է:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը առաջ չի տարել այն հիմնական սկզբունքները, որոնց մասին խոսել է Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Արմեն Աշոտյանը մանրամասնեց. «Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հերթական անգամ խոսեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ իր մտադրության և օրակարգային հարց դարձնելու մասին: Երբ համեմատում ենք Մինսկի խմբի համանախագահների և ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը Փաշինյանի այս պնդման հետ, տեսնում ենք, որ նման հարցերի քննարկման որևէ ակնկարկ չկա: Չեմ բացառում, որ Փաշինյանը գուցեև բարձրացրել էր այս թեման, հատկապես Ալիևի հետ առանձնազրույցում: Փաստը մնում է փաստ, որ անգամ հնարավոր բարձրացման դեպքում փաշինյանական այդ պնդումը, բանակցությունների՝ ղարաբաղյան քաղաքականության մեջ իր անկյունաքարային խոստումը որևէ արձագանք Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ չի գտել: Հակառակը, Ալիևը, անմիջապես հանդիպումից հետո տալով հարցազրույց, պնդեց, որ բանակցությունների ձևաչափի փոփոխությունն Ադրբեջանը չի ընդունելու, գովեց համանախագհներին, որոնք այդ հարցը թողել են Ադրբեջանի քմահաճույքի վրա: Անգամ, եթե Փաշինյանը բարձրացրել է այս խոստման մասին, Ալիևի հարցազրույցից ակնհայտ է դառնում և Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից ևս, որ այս խոստումը կյանքի կոչվելու որևէ հեռանկար գոնե այս փուլում չունի»:

Դառնալով մեկ այլ օրակարգային հարցին՝ կարգավորման երեք հիմնական սկզբունքի և վեց բազային էլեմենտների շուրջ կողմերի մեկնաբանությունների հստակեցման հարցին՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Մամուլի հաղորդագրության մեջ նման հարցադրումների վերաբերյալ որևէ կոնկրետ ձևակերպում չկա: Ստեփանակերտում հնչեցված փաշինյանական երկրորդ պնդումը, որ 3+6 կարգավորման բանաձևի հստակեցում կա, որևէ ձևով արձանագրում չի գտել իր այդ հայտարարության մեջ: Այսպիսի քաղաքական հարցադրումը կամ եղել է ընթացիկ զրույցի թեմաներից մեկը, կամ հետին պլան է մեղվել տարբեր պատճառաբանություններով: Մտահոգիչ է, որ համանախագահների հայտարարության մեջ կարգավորման սկզբունքների մասին որևէ հիշատակում չկա»:

Արմեն Աշոտյանը նշեց՝ ալիևյան հարցազրույցում Ալիևը պնդեց, որ ադրբեջանական կողմը կարգավորման հիմքերից մեկում դնում է իր բառապաշարով գրավյալ տարածքների ազատագրման կամ դեօկուպացիայի հարցը:  Եվ հղում է անում, հիմնականում շահարկում  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերը:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Վիեննայում կայացած հանդիպմանը անդրադարձ չի եղել նաև փաշինյանական երրորդ անկյունաքարային մոտեցմանը, որն արտահայտություն է ստանում Ստեփանակերտում կայացած անվտանգության խորհրդի համատեղ նիստի հաղորդագրության մեջ,  այն էր, որ հայկական կողմը տասն ամիս անց ուշադրություն է դարձնելու Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների վրա՝ փորձելով սրբագրել սեփական սխալները և տասն ամսվա ընթացքում ուշադրություն չդարձնելով այս պայմանավորվածությունների վրա և հայտնվելով կոտրած տաշտակի առջև՝ փորձելով հնչեցնել այս պայմանավորվածությունները որպես բանակցային օրակարգի հիմք:

Արմեն Աշոտյանի պնդմամբ՝ այս սկզբունքների մասին էլ ըստ տարածված տեղեկությունների, Ալիև-Փաշինյան հանդիպմանն անդրադաձ չի եղել. «Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ երկար-բարակ խոսվում է խաղաղության ռեժիմի ամրապնդման, վստահության մթնոլորտի վերականգնման մասին: Պարոնայք համանախագահներ և պարոն Փաշինյան, արդյոք այդ գործիքակազմի բացակայությունը չէ՞, որ այսօր տվյալ խնդիրը դեռևս մնում է օրակարգային հարց: Հայկական դիվանագիտությունն արդյոք կարողացա՞վ վերականգնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և ժնևի հանդիպումների օրակարգը: Ոչ, քանի որ երեկվա հաղորդագրության մեջ այս մասին որևէ հիշատակում և անգամ ակնարկ չկա: Ընդհանրապես ստեփանակերտյան երեք հիմնարար ուղերձների հիմնարար կետերն ու սկզբունքները Մինսկի խմբի համանախագահների և ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ չկան՝ ոչ Արցախի վերադարձի վերաբերյալ,  ոչ կարգավորման սկզբունքների, ոչ էլ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման հետ կապված»:

Արմեն Աշոտյանը նաև անհամապատասխանություն է գտել Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարության և Մինսկի խմբի տարածած հայտարարությունների մեջ:

Նա մանրամասնեց. «Հայկական կողմից տարածված հաղորդագրության մեջ, խոսելով Դուշանբեի հանդիպման մասին՝ հայկական կողմը, կառավարությունը օգտագործում է Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություն հասկացությունը՝ լրջացնելով այդ վերելակային խոսակցությունը: Այնինչ համանախագների հայտարարության մեջ, հիշատակելով Դուշանբեի հանդիպումը, օգտագործվում է Դուշանբեում կայացած իրենց խոսակցություն արտահայտությունը: Կառավարության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ ընդհանրապես չկա հիշատակում բովանդակային քննարկումների մասին, այն հատվածը, որը տեղ է գտել համանախագահների հայտարարության մեջ և վերաբերում է սկզբունքներին՝ թեպետ շատ ընդհանրական, որ կողմերը քննարկել են հակամարտության կարգավորման սկզբունքներին և էությանը վերաբերող հարցեր: Այս հատվածը կառավարության մամուլի հաղորդագրության մեջ չկա: Ինչպես կասեր հայտնի Կիսելյովը՝ совпадение, не думаю: Ընդհանրապես հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում փորձեց լինել շատ ավելի կառուցողական և բարեկիրթ, ադրբեջանական կողմի հետ իր հանդիպումը դրական ու կառուցողական գնահատեց, մինչդեռ նույն ժամանակահատվածում Ալիևն իր հրապարակայաին ելույթում նման կաշկանդում չուներ և առաջ էր տանում ադրբեջանական օրակարգը»:

Այս առիթով Արմեն Աշոտյանն ասաց. «Ինձ մոտ տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման ժամանակ փորձում է կիրառել Կարնեգիի՝ «Ինչպես ձեռք բերել ընկերներ» գրքի որոշ սկզբունքներ և շատ պարզունակ կոմունիկացիայի միջոցով փորձում է ստեղծել իր ընկալման մեջ վստահության մթնոլորտ՝ փորձելով մտնել նաև ադրբեջանական կողմի փաստարկների տրամաբանության մեջ և իր իսկ մոտեցմամբ փորձելով խնդրին նայել ադրբեջանական տեսանկյունից: Արդյոք դա գնահատվելո՞ւ է Ալիևի կողմից, վստահ եմ, որ դա որևէ մարդկային և քաղաքական գնահատական և շնորհակալություն չի ունենալու ադրբեջանական ղեկավարության կողմից: Նման մոտեցումների պարագայում մենք ունենք երկիրը ներկայացնող ղեկավար, որը թուլացնում է իր բարոյական, հոգեբանական հիմքերը, նման պացիֆիստական անհասկանալի խաղաղասեր, չափից ավելի բարեկիրթ գնահատականների համար մեծ մտավախություն ունեմ, որ այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանի մոտ ձևավորվում է ղարաբաղյան կարգավորման հետ կապված երկու օրակարգ՝ մեկը  ներքաղաքական՝ դրա սպառողները ՀՀ, Արցախի քաղաքացիներն են, մյուսը արտաքին: Նիկոլ Փաշինյանը մի բան է խոսում մեր ու ձեր ականջների համար, այլ բան է խոսում Ալիևի և միջազգային հանրության ականջների համար»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031