Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի բաժին «տուշոնկաները» «միտումնավոր են տեղադրվել, բերվել են երրորդ անձի կողմից» Մանվել Գրիգորյանի տարածք. Արսեն Մկրտչյանի վարկածը

Ապրիլ 04,2019 17:26

Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունն էր Վերաքննիչ քրեական դատարանում:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո ավելի հիմնավոր ու փաստերով ապացուցված է դառնում, որ «սոցիալական ցանցերով տարածված էքսպրեսիվ արտահայտությունները՝ զինվորի սննդի յուրացում, էս տիպի վախենալու եւ վարկաբեկիչ բաներ չկան»: Հարցին՝ նրա դեմ ցուցմունքներ կա՞ն՝ պաշտպանը պատասխանեց. «Իմ կարծիքով, ոչ այդպիսի ապացույցներ կան, ոչ էլ ցուցմունքներ»:

Aravot.am-ը հարցրեց, բա որ զինվորի սննդի յուրացում չկա, ԱԱԾ-ի տեսանյութում ի՞նչ էր ցուցադրվում, ի՞նչ սնունդ էր դա՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Տպավորություն է իմ մոտ ստեղծվում, որ լրագրողներն ուզում են ամեն կերպ ԱԱԾ-ին ներքաշած լինեն դատական պրոցեսի եւ նախաքննության մեջ: ԱԱԾ-ն փայլուն կատարել է իր աշխատանքը, հայտնաբերել է իրեր, որոնք որ կարող են առնչություն ունենալ քրեական հանցագործության հետ: Այդ օպերատիվ հետախուզական աշխատանքները կատարվել են պատշաճ կերպով, իսկ հետագայում մեկնաբանությունները, ըստ պաշտպանական կողմի, այլ մեկնաբանության կարիք ունեն եւ պետք է գնահատվեն դատարանի կողմից: Մեր կարծիքով, Մանվել Գրիգորյանի մեղադրանքը հիմնազուրկ է»:

Նա վստահեցրեց, որ այդպես էլ չի ապացուցվում, որ Մանվել Գրիգորյանը զինվորի սնունդ է գողացել. «Մենք պարտավոր ենք տարանջատել նախաքննությունը, օպերատիվ աշխատանքները եւ հետաքննությունը: Օպերատիվ հետախուզական աշխատանքներից մինչեւ ավարտը ոչ ոք որեւիցե դժգոհություն չի հայտնել, մարդիկ գնացել են, հայտնաբերել են չգրանցված զենք-զինամթերքը, ինչ-որ այլ գույքեր եւ այդ վարկածը տվել են քննչականին: Այս փուլին որեւիցե մեկի անդրադառնալու իմաստը չկա, իրավունքն էլ չկա ու հետաքրքիր էլ չի: Հիմա թե դա ոնց պետք է գնահատվի, արդյոք այդտեղ կա՞ հանցակազմ, թե՞ չկա, արդյոք մեր պաշտպանյալը առնչություն ունի, կամ իր ընտանիքի անդամները առնչություն ունեն՝ սրա վերջնական գնահատականը պետք է տալ»:

Հարցին՝ ինչպե՞ս էին այդ դեպքում այդ ապրանքները հայտնվել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում, օրինակ, զինվորի բաժին «տուշոնկաները», շապիկները, ինչպե՞ս էին այնտեղ հայտնվել, ո՞նց էր շեղվել ճանապարհից ու հայտնվել այնտեղ՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Բայց դա իմ հարցը չի, ոչ էլ Մանվել Գրիգորյանի հարցն է: Նա ասում է՝ ես կապ չունեմ դրա հետ: Իրականում կապ չունի: Հիմա ես ունեմ մի քանի պաշտպանական վարկածներ, կարող եմ դնել շրջանառության մեջ՝ միտումնավոր այդտեղ է տեղադրվել, բերվել են երրորդ անձի կողմից…»: Լրագրողները ճշտեցին՝ երրորդ անձը իր ընտանիքի անդա՞մ է՝ նա պատասխանեց. «Չէ, ինչի՞ ընտանիքի անդամ, այդ տարածքում հազարավոր մարդիկ կարող էին անցնել եւ հիմա էլ անցնում են: Մասնավորապես ամենավախենալու, աղմկահարույց հայտարարությունները վերաբերում էին Ակնալճին, ի վերջո նախաքննությունը պետք է շահագրգռված լիներ պարզել, թե ինչպես, ում կողմից են դրանք տեղադրվել, բայց, ինչպես տեսանք, շահագրգռված չէր»:

Նիստը հետաձգվել է դատախազի միջնորդությամբ: Հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 8-ին: Թե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ինչպիսին է՝ պաշտպանն ասաց. «Նույն ձեւի: Բժիշկների միջամտությունը արդյունք համեմատաբար տալիս է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930