Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի՝ գործին խոչընդոտելու վտանգը առկա է նաև դատական գործընթացի ընթացքում. Սասուն Խաչատրյան

Ապրիլ 07,2019 15:05

«Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն իրենց աշխատանքն են անում: Շատ տարօրինակ կլիներ, որ փաստաբաններն իրենց պաշտպանյալի մեղավորության մասին պնդումներ անեին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Նա նշեց, որ զինված ուժերը ներգրավվել են փետրվարի 23-ից սկսած և շեշտեց. «Արտակարգ դրություն հայտարարվել է մարտի մեկին, իսկ զինված ուժերը ներգրավվել են 0038 հրամանով»:

Հիշեցմանը, թե ժամանակին ՀՔԾ պետը հայտարարեց, որ օլիգարխների կողմից մարտի 1-ին զինվորներին բաժանվել է գումար, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Մեր զինվորներին դարձրել են վարձկաններ և նրանց վճարել են մասնավոր միջոցներից, որ պաշտպանեն իրենց ունեցվածքը»: ՀՔԾ պետը չցանկացավ անուններ տալ, քանի որ քրեական գործի դեռևս մի մասն է ուղարկվել դատարան, մյուսով նախաքննությունը շարունակվում է: Նա նշեց՝ երբ նպատակահարմար գտնեն, այլ ապացույցներ կներկայացնեն:

Այն, որ մարտի 1-ի սպանությունների մասով այս պահին դեռ մեղադրյալ չկա, ՀՔԾ պետն ասաց. «Մենք հավաստի ապացույցներ ունենք, որ առնվազն հազար հատ ինքնաձիգի պարկուճ է փոխվել և երեսուներկու հատ մակարով ատրճանակի պարկուճներ: Փոխվել են իրեղեն ապացույցները: Գիտեք, որ կա մեղադրանք. մեղադրվում է քննչական խմբի նախկին նախագահը»:

Հիշեցմանը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նշում են, որ նախաքննությունն ավարտվել է, և հիմք չկա նրան կալանքի տակ պահելու, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Այդպիսի մոտեցումը ճիշտ չեմ համարում: Խնդիրը միայն նախաքննության խոչընդոտման մեջ չէ, այլ քրեական գործի քննության: Քննութունն ընթանում է նաև դատարանում: Խոչընդոտելու վտանգը առկա է նաև դատական գործընթացի ընթացքում»: Այն կարծիքներին, թե դատարանների նկատմամբ քաղաքական ճնշումը դեռ շարունակվում է, և հայտնի գաղտնալսումն էլ հիմք է, ՀՔԾ պետն այսպես մեկնաբանեց. «Չեմ կարծում, որ գաղտնալսումը հիմք է տալիս այդպիսի կարծիք հայտնելու»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ ասելու՝ ով, երբ է հարցաքննվել, ինչ հարցերի շուրջ և ում ենք պլանավորում հարցաքննել»: Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել նաև այն հարցը, թե  Քոչարյանի դեմ վկայություն տվողներից մեկը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի օգնական:

Հիշեցմանը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարում են, որ մարտի 1-ի գործը «ջուր» է, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Պաշտպաններն իրենց աշխատանքն են անում»:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի այն պնդումներին, թե մարտի 30-ին 6 հոգանոց դատախազական մարմինը որոշում կայացրեց «Յոթ»-ի գործով 7 անձանց նկատմամբ մեղադրանքը մասնակի վերացնել՝ պնդելով, որ 300 հոդվածի փոփոխությունները վատթարացնող են, չունեն հետադարձ ուժ և 300.1 հոդվածը փաստացի նոր հանցակազմ է, և չի կարող կիրառվել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռները քրեական հետապնդումը բացառող հանգամանք չեն: Բնական է, որ չգործող հոդվածով չէր կարող մեղադրանք առաջդրվել: 300.1 հոդվածը պետք է կիրառվեր, ես դրա հիմնավորումը տվել եմ»:

Հարցին՝ ՀՔԾ-ն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ գործ քննելո՞ւ է, ՀՔԾ պետը պատասխանեց. «Մեր վարույթում նման գործ այս պահին չկա:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930