Լրահոս
Օրվա լրահոսը

Սամա՛դ, էստեղ որտե՞ղ է ատելության խոսքը. Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 10,2019 18:10

«Երբ Սամադ Սեիդովը նման հայտարարությամբ է հանդես գալիս, ապա այստեղ հատնի խոսքը կա. գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»,- Aravot.am-ի հարցին՝ երբ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում մեկ օր առաջ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հայ պատվիրակներին մեղադրում էր ատելության խոսքի տարածման մեջ, հավանաբար իրեն նկատի ուներ, քանի որ այդ հայտարարությունն իր ելույթին հաջորդեց, սակայն դեռ պատասխան չի հնչել, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ հնչեցրել է Կարեն Ղազարյանի հարցը, որին Ադրբեջանի դատարանը դատապարտել է 20 տարի ազատազրկման ու շեշտեց. «Կարեն Ղազարյան, որը չի եղել զինուժի ներկայացուցիչ, առողջական խնդիրներ ունի: Կոչ եմ արել միջազգային իրավապահ կառույցներին օր առաջ անհապաղ զբաղվել Կարենի կյանքի ու առողջության խնդրով: Ես հիմա դիմում եմ Սամադին, Սամադ, որտե՞ղ է այդտեղ ատելության խոսքը: Այո, ես նշել եմ, որ եթե մենք ուշացնենք, հնարավոր է Կարենն արժանանա այն նույն ճակատագրին, ինչ ճակատագրի արժանացել են բազում գերիներ Ադրբեջանում: Օրինակ՝ Կարեն Սարիբեկյանը, որին դաժանաբար հոշոտել են, բազմաթիվ այլ գերիներ, որոնց դաժանորեն խոշտանգել էին և ՀՀ վերադառնալուց հետո ուղղակի չէին կարողացել ապրել ու մահացել էին, իսկ Կարենին իրենք Բաքվում էին հոշոտել: ԵԽԽՎ ամբիոնից, երբ քննարկվելու է ատելության խոսքը, մեջբերելու եմ Ալիևի խոսքը, որ իրենց թշնամին ոչ միայն Արցախի հայությունն է, այլև ամբողջ աշխարհի հայությունը, հիմա սա ատելության խո՞սք է, թե ոչ: Ես խորհուրդ կտամ ադրբեջանցի պատվիրակներին այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ռասիզմին, այլակարծությանը, ատելության խոսքին, կամ ընդհանրապես դահլիճից անաղմուկ դուրս գան, որ իրենց ներկայությունը չնկատվի, կամ նստեն և լռեն»:

Դառնալով երեկ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների թեմայով հանրային լսումներին, Նաիրա Զոհրաբյանը մեջբերում կատարեց ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսովայի խոսքից. «Յունուսովան ասաց. քանի դեռ Ադրբեջանը ղեկավարում է բռնակալ Ալիևը, ուրեմն ցանկացած բանակցություն ՀՀ-ի և խաղաղության, ֆիկցիա է, քանի որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, քանի դեռ բռնակալ Ալիևը կա, խաղաղության պայմաններում ՀՀ-ի հետ չի լինելու: Սա ասում է ազգությամբ ադրբեջանցի իրավապաշտպանը Սամադ Սեիդովի և Սեիդովների ներկայությամբ»:

Դառնալով Դունյա Միյատովիչի հայտարարությանը, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է մուտք ունենա այսպես կոչված գորշ գոտիներ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Շատ կարևոր հայտարարություն է արել Դունյա Միյատովիչը: Եվրոպայում չպետք է լինեն սև խոռոչներ, գորշ տարածքներ, տարածքներ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանի մուտքը արգելված պիտի լինի: Ցավոք, մենք այսօր ունենք այդպիսի տարածքներ, և դրանցից մեկը նաև Արցախն է: 1960-ին ընդունվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան կրթական ոլորտում խտրականության դեմ, որտեղ հստակ նշված է, որ երկրի չճանաչված լինելը չի կարող խոչընդոտ լինել, որ տվյալ երկրի քաղաքացիները չկարողանան օգտվել եվրոպական կրթական ծրագրերից, բայց այսօր մենք տեսնում ենք, որ Արցախի ուսանողները չեն կարողանում օգտվել եվրոպական կրթական և առողջապահական ծրագրերից: Եվրախորհրդարանն ընդունում է բանաձև, որով կոչ է անում հումանիտար կազմակերպություններին մարդու իրավունքների խնդիրներով զբաղվել, կազմակերպության հետ սերտ կապեր հաստատել և սկսել աշխատել չճանաչված պետությունների քաղհասարակությունների հետ, բայց քանի՞ տարի է անցել այդ բանաձևից, այսօր տեսնում ենք, որ այդ բանաձևը չի գործում: Տիկին Միյատովիչը բավականին խիզախ կին է, եթե նա հետևողականություն դրսևորի, մենք աջակից կլինենք, որ այդ տաբուները կոտրվեն, որ ԵԽ հանձնակատարը հնարավորություն ունենա այցելել այդ գոտիները: Այստեղ պետք է իրենք աշխատեն Ադրբեջանի իշխանության հետ նաև: Երեկ Սեիդովը թաշկինակը ձեռքին Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի քննարկման ժամանակ փորձում էր ապացուցել, որ Ադրբեջանը կանգնած է դեմոկրատական ուղու վրա, որ քննարկում է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը: Եթե իրենց աղիողորմ հեծեծանքները տեղին են, իրենք պիտի ընդառաջ գնան Միյատովիչի առաջարկին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930