Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կապ չունի՝ Սերժ Սարգսյանին մերժել են, թե՝ ոչ. Քաղաքացու օրը մեր բոլորի տոնն է»

Ապրիլ 25,2019 15:00

Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի՝ Քաղաքացու օրը բոլոր ուժերին հնարավորություն է տալիս ավելի շատ կենտրոնանալ իրենց համախոհների շրջանում անկախ մտածելակերպը, պահանջատիրությունը եւ այլ կարեւոր հատկանիշներ ձեւավորելու վրա:

Ապրիլի 27-ին Հայաստանում այսուհետ կնշվի Քաղաքացու օրը: Կառավարությունը տոնի կազմակերպման համար տրամադրել է 124 միլիոն դրամ, ինչը բազում քննադատությունների արժանացավ: Քաղաքացու օրվա անհրաժեշտության եւ բովանդակության մասին «Առավոտը» զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ:

– Տիկին Բեղլոյան, արդյոք հենց քաղաքացու կողմից Քաղաքացու օր նշելու պահանջ եկե՞լ է, նա ցանկանո՞ւմ է այդպիսի օր ունենալ: Արդյոք պետք չէ՞ր նախ լսել քաղաքացու կարծիքը, հետո նման տոն սահմանել:

– Մեկ տարի առաջ այս օրերին մենք ականատես եղանք ՀՀ-ի ժողովրդի քաղաքացիական գիտակցության աննախադեպ զարթոնքին: Անկախությունից հետո անընդհատ եղել ենք այնպիսի վիճակում, երբ քաղաքացիական նախաձեռնողականությունը, քաղաքական կյանքում մասնակցությունը եղել է ոչ միայն ոչ ողջունելի, այլեւ ժամանակ առ ժամանակ պատժվում էր իշխանությունների կողմից: Եվ կարծես հանրային պայմանագիր էր իշխանության եւ բնակչության միջեւ: Պետությունն ապահովում էր նվազագույն՝ սովից չմահանելու հնարավորությունը քաղաքացիներին՝ նպաստների եւ տարբեր հավելավճարների միջոցով, իսկ քաղաքացին դրա դիմաց պարտավորվում էր լուռ կամ այսպես ասած՝ պասիվորեն համաձայնել այն քաղաքականության հետ, որը տնտեսության եւ քաղաքականության ոլորտում պետությունը վարում էր: Մեկ տարի առաջ այդ պայմանագիրը չեղյալ համարվեց եւ ոչ թե պետության, իշխող ուժի, այլ հենց qաղաքացիների կողմից: Եվ այս մեկ տարվա ընթացքում մենք որպես իշխանություն մեր ելույթներով, քաղաքականությամբ փորձում ենք հանրության մեջ ամրապնդել այն միտքը, որ արդեն քաղաքացին է որոշում այս երկրի ապագան: Հենց քաղաքացիների ակտիվ ներգրավումն այն երաշխիքն է, որ անկախ նրանից՝ ով կլինի իշխանության, այդ ուժը, անձը հաշվետու կլինի իր ընտրողներին, մեր երկրի քաղաքացիներին: Իսկ քաղաքացիների նման վերաբերմունքի հասնելու համար մի քանի փուլ պետք է անցնել: Նախ քաղաքացին պիտի իրազեկված լինի: Կարծում եմ՝ մեկ տարվա մեջ մենք դրան հասանք: Ամենահիմնական իրազեկումը տեղի է ունեցել հենց հեղափոխության օրերին, երբ մարդիկ զգացին իրենց ձայնի, մասնակցության ուժը եւ իրենց իշխանությունը: Երկրորդ փուլն է՝ երբ քաղաքացին ի զորու է իրացնել իր իրավունքները եւ պահանջատեր լինել իշխանությունից: Որպեսզի գործընթացը լինի անդառնալի, քաղաքացին պիտի իմանա իր իրավունքները եւ լինի միշտ պատրաստ գործել՝ իր նախաձեռնություններով, իր կարծիքն արտահայտել, լինի պատրաստ վերահսկել իշխանությանը, անշրջելի դարձնել բարեփոխումները, իրականացնել դրանք: Հասկանում ենք, որ այդ բարեփոխումների հաջողությունը ոչ միայն վերեւի ցանկությամբ եւ գործունեությամբ է պայմանավորված, այլեւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի պատրաստակամությամբ աջակցել եւ իրականացնել այդ բարեփոխումները եւ օգտվել դրանցից: Այդ տեսակետից մենք համարում ենք, որ Քաղաքացու օրվա ընդգրկումը մեր պետական տոների ցանկում պայմանավորված է առաջին հերթին այն աննախադեպ քաղաքացիական մասնակցությամբ, որ ՀՀ ժողովուրդն ունեցավ բարեփոխումների գործընթացում եւ հեղափոխության կողմից, այն վստահության քվեով եւ մասնակցությամբ, որը գրանցվեց հեղափոխության օրերին: Մենք պատասխանատվություն ենք զգում այնպես անել, որ երբեք այդ ոգին՝ քաղաքացի լինելու եւ որպես քաղաքացի ակտիվ ներգրավված լինելու պետության կառուցման եւ պետական, ազգային գործընթացներին, չմարի: Օրը խորհրդանշում է այն փաստը, որ ՀՀ քաղաքացիներն են այսուհետ ՀՀ լիիրավ իշխանությունը:

– Վերջին օրերին անընդհատ քննադատություններ են հնչում՝ կապված Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ գումար հատկացնելու հետ: Այդ քննադատությունները տեղի՞ն են:

– Թեեւ ինքս ինձ խոստացել եմ շատ չանդրադառնալ նախկին իշխանությունների պրակտիկաներին, սակայն այստեղ չեմ կարող չասել՝ առանց անուններ կամ ժամանակահատված նշելու: Ավանդաբար պետական տոները եւ շատ ավելի քիչ աշխարհագրություն ունեցող տոները, օրինակ՝ Երեւանի տոնը, պետական եւ համայնքային բյուջեից իրականացվում էին շատ ավելի մեծ ծախսերով ու բյուջեներով: Դրա օրինակները բոլորիս հիշողության մեջ կան: Ինչ վերաբերում է Քաղաքացու օրվա համար հատկացված գումարին, ապա եթե հաշվի առնենք՝ քաղաքացիների տոնն իրականացվելու է ՀՀ բոլոր մարզերում ու խոշոր քաղաքներում, պարզ է, որ գումարը բավականին համեստ է:

– Դուք նշեցիք, որ Քաղաքացու օրվա համար տրամադրված գումարը համեստ է, մինչդեռ շատ քաղաքացիներ կարծիք են հայտնում, թե այդ գումարի՝ իրենց հասանելիքը թող տային իրենց, կոմունալների վճարները կկատարեին, վարկ կմարեին, դա ավելի մեծ տոն կլիներ:

– Մենք՝ որպես մարդ էակներ, բացի նվազագույն ֆիզիոլոգիական կարիքներից, որոնք կառավարությունն այլ ծրագրերով փորձում է ապահովել՝ բարձրացնելով նպաստների գումարները, թոշակների աճին ուղղված նախաձեռնություններով, բյուջեի գերակատարման արդյունքում միջոցներ տրամադրելով ճանապարհաշինությանը, ունենք նաեւ հոգեւոր եւ սոցիալական ինքնաիրականացման կարիք: Ի դեպ, ես որպես պատգամավոր նաեւ դեմ կլինեի, եթե գումարը նշված ծրագրերի հաշվին ծախսվեր, բայց հայտնի է, որ դա այդպես չէ: Շարունակելով միտքս՝ ասեմ, որ օրինակ՝ 20 կիլոգրամ հաց կարող ենք գնել երեք թատերական տոմսի փոխարեն, բայց մի՞թե հոգեւոր սնունդն ավելի քիչ կարեւոր է՝ մարդ էակը կարիք ունի նաեւ խորհելու, մտածելու: Ուստի Քաղաքացու օրվա համար տրամադրված գումարը ծառայում է քաղաքացու շփվելու, խորհելու, կատարվածը նորից վերհիշելու կարիքների բավարարմանը: Այդ գումարի շրջանակներում իրականացվելու են դասախոսություններ, հանրային քննարկումներ, միջոցառումներ Հայաստանի ամբողջ տարածքում:

– Փոքր-ինչ կմանրամասնե՞ք՝ ի՞նչ է սպասվում Քաղաքացու օրը, ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվելու:

– Դա կհայտարարվի լրացուցիչ: ՀՀ բոլոր մարզային կենտրոններում կլինեն մի շարք միջոցառումներ՝ հանրային քննարկումներ, ելույթներ, պատգամավորների հետ հանդիպումներ, նաեւ որոշ տոնական միջոցառումներ՝ համերգներ եւ այլն: Եթե վերցնենք, որ ամբողջ օրը բոլոր մարզերում կազմակերպվելու են նման միջոցառումներ, կարծում եմ՝ գումարը ողջամիտ է: Կրկնեմ, մարդն ունի ֆիզիկական, ֆիզիոլոգիական բարեկեցության կարիք, բայց նաեւ այլ կարիքներ, եւ հենց դրանք դրդեցին մեր քաղաքացիներին դուրս գալ փողոց մեկ տարի առաջ: Պարզ էր, որ այն նվազագույն նպաստը, որը մեր ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ ստանում էին, հերիք էր, որ իրենք սովից չմեռնեին: Բայց մարդիկ նաեւ ընտրություն ունեին մնալ տանը եւ սպասել իրենց ձայնի դիմաց վճարվող այն տասը հազար դրամին, որով եւս մի քանի ամիս օրական լրացուցիչ մի քանի հարյուր գրամ հաց գնեն: Այսպես ասած՝ նաղդը նիսյայի հետ փորձում էին չխառնել. նաղդը տասը հազար դրամն էր, նիսյան այն էր, որ երեւի թե կընտրվի ժողովրդական թեկնածու, որ այս երկիրը դուրս կհանի անդունդից: Տարիներ շարունակ մարդիկ չհավատալով փոփոխություններին՝ նաղդը նախընտրում էին, եւ հասկացան, որ այդ հոգեբանությունը բերում է պարտության: Այո, պետք է ռեսուրսներ ներդնել ապագայի համար՝ երեխայի դաստիարակության, քաղաքացիական զարթոնքի, գործընթացն անշրջելի դարձնելու մեջ: Այն մարդկանց համար, որոնք իրենց քաղաքացի են զգում, կարեւոր է, որ լինի այդ օրը, որ այն չլինի ուղղակի մի կարմիր գիծ մեր օրացույցում, այլ կապված լինի այն պատմական եւ հեղափոխության իրադարձությունների հետ, որոնց միջով անցավ մեր ժողովուրդը:

– Քաղաքացու օրը հավասարապես բոլո՞ր քաղաքացիների համար է, թե միայն այն քաղաքացիների համար, որոնք մերժել են Սերժ Սարգսյանին, պառկել են մեքենայի տակ, դուրս են եկել փողոց:

– Միանշանակ այս օրը պատկանում է ՀՀ բոլոր քաղաքացիներին: Այդ օրն իր խորքային իմաստով հենց քաղաքացի լինելու, քաղաքացիական ինքնագիտակցության եւ քաղաքացիական պատասխանատվության օր է: Անկախ նրանից, թե ում, ինչ քաղաքական ուժի է իշխանությունը պատկանում, այդ իշխանությունն այսուհետ պիտի գիտակցի, որ հաշվետու է իր ընտրողների առջեւ, նույնիսկ այն մարդկանց, որոնք այդ ուժին չեն ընտրել: Իշխանական ուժը պետք է գիտակցի, որ ինքը պատասխանատու է իր գործողությունների ու խոստումների եւ այն քայլերի համար, այն ամենի, հանուն ինչի եկել է իշխանության: Նաեւ պաշտոնյաների օրն է, մենք էլ ենք քաղաքացի, եթե որոշել ենք մեր կյանքը նվիրել այս բարեփոխումներին, մենք պետք է գիտակցենք, որ մեր ընտրողները կարող են մեզ կրկին իրենց քվեն տալ, եթե մեր պարտականությունները լավ կատարենք, եւ մենք էլ պետք է մեր ընտրողներից կախված լինենք. նույնը վերաբերում է մյուս բոլոր քաղաքական ուժերին: Կապ չունի՝ որեւէ անհատ քաղաքացին Սերժ Սարգսյանին անհատապես մերժել է, թե՝ ոչ, այս օրը շատ ավելի մեծ խորհուրդ ունի, այս օրը քաղաքական ակտիվության, քաղաքացիական դիրքորոշման եւ քաղաքացի լինելուն է նվիրված՝ անկախ նրանից, թե քաղաքական նախասիրությունները որոնք են: Այդ տեսակետից դա բոլորիս տոնն է:

– Ի՞նչ եք կարծում՝ Քաղաքացու օրը նույն ոգեւորությամբ կնշվի՞ նաեւ հինգ տարի հետո՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քիչ չեն նաեւ այս իշխանությանը քննադատողները: Կամ՝ ինչո՞ւ պետք է այս տոնը մտնի մեր մշակույթ:

– Փաստերով քննադատությունը ողջունելի է: Քաղաքացու ինքնադրսեւորման մի մասն այն է, որ ինքն անտարբեր չէ իր երկրում կատարվող քաղաքական գործընթացների հանդեպ: Ոչ անտարբեր լինելը մի մշակույթ է, որին հասնելու համար եվրոպական երկրներին հարյուրավոր տարիներ պահանջվեց: Մենք խոսում ենք, որ առաջին հերթին մեզ պետք է, որ այդ քաղաքացիական ակտիվության եւ քաղաքացիական անկախ մտածելակերպի ու պատասխանատվության զգացումն արմատավորվի մեր հայրենակիցների շրջանում, որ անպայման փոխանցվի աճող սերունդներին: Այդ վարքագծին հասնելու համար դեռ երկար ժամանակ մեր հասարակությանն անհրաժեշտ կլինի, թեեւ հիմա աշխարհում ամեն ինչ արագացել է. նրա համար, ինչին հարյուր տարի էր պետք, հիմա տասը տարում է տեղի ունենում: Մեր առջեւ լուրջ անելիք եմ տեսնում՝ անկախ ցանկացածիս քաղաքական դիրքորոշումից եւ հայացքներից: Բոլոր ուժերը պետք է ձգտեն իրենց ընտրողների, համախոհների շրջանում ձեւավորել ակտիվության եւ պատասխանատվության մոդելը: Ինչքան քաղաքական ուժերը հաջողակ լինեն, այդպիսի քաղաքական շրջանակ ձեւավորեն, այդքան մենք իրականում ավելի հաջողակ կլինենք քաղաքական դաշտում: Քաղաքացու օրը բոլոր ուժերին հնարավորություն է տալիս ավելի շատ կենտրոնանալ իրենց համախոհների շրջանում անկախ մտածելակերպը, պահանջատիրությունը եւ այլ կարեւոր հատկանիշներ ձեւավորելու վրա:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

24.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930