Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նատուրոն բաշխո ի»

Ապրիլ 26,2019 15:30

Հաճընի հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ հաճընցիները ոգեկոչեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ի նախաշեմին կայացավ «Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր «Հաճըն» հայրենակցական միությունը: Ցերեկույթը, որի կարգախոսն էր «Արդարություն եւ հատուցում», իր օրհնանքով եւ աղոթքով բացեց ԱՀԹ Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար տեր Վահան քահանա Առաքելյանը, իսկ միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին հայտնի եւ սիրված կատարողներ Գուսան Հայկազունը, Արսեն Գրիգորյանը, Արսեն Համբարյանը, «Նազանի» անսամբլի մեներգիչները (ուսուցչուհի՝ Արմինե Հունանյան): Ներկաները դիտեցին Հաճընի հերոսամարտին նվիրված ֆոքրիկ ֆիլմ: Ցերեկույթը վարում էր ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը: Հայրենասիրական ոգով տոգորված միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին նաեւ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ անդամները՝ հանձին ղեկավար Մանուել Մանուկյանի եւ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հ/կ անդամները՝ հանձին ղեկավար Ռիմա Առաքելյանի:

Ինչպես նշեց «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը՝ նման միջոցառումների նպատակը ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը միշտ վառ պահելն ու Միության անդամների միջեւ կապերի ամրապնդումն է, այլեւ հաճընցի նախնիների կտակը՝ հաճընցիական ոգին, սերունդներին փոխանցելը եւ նրանց միջոցով Հաճըն անունն ապրեցնելը՝ մինչեւ վերջնական հաղթանակ. «Մենք վստահ ենք, որ թեկուզ ոչ մենք, բայց գոնե մեր ապագա սերունդներն անպայման տեսնելու են ազատագրված Կիլիկիո Հաճընը: Մեր հպարտությունը մեր ինքնությունն է, մեր գենը, որը մենք պարտավոր ենք պահպանել ու փոխանցել մեր ժառագներին»: Ի դեպ՝ մյուս տարի նշվելու է Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակը, որին Միությունը պատրաստվում է արդեն այսօրվանից: Հ. Գրիգորյան-Ճարպիկյանը նշեց. «Անելիքները բազմաթիվ են, ի թիվս այլեւայլ ծրագրերի՝ նախատեսում ենք նաեւ գրքեր տպագրել եւ ֆիլմաշար ստեղծել: Հուսանք՝ մինչ այդ կհասցնենք, եթե, իհարկե, բավարար ֆինանսական միջոցներ լինեն: Նաեւ ցանկություն կա Հայաստանում գիտաժողով անցկացնելու, որը կվերանայի մեր ռազմավարությունը Հայկական հարցի լուծման ուղղությամբ: Ցեղասպանության հետեւանքների վերացումը հնարավոր է միայն ուժեղ պետության կառուցման դեպքում: Այդ կերպ մենք կկարողանանք լուծել ոչ միայն Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը, այլեւ հաղթահարել մեր առջեւ ծառացած այլեւայլ խնդիրներ, ուստի պիտի միասնական լինենք եւ ուժեղ պետություն կառուցենք, որպեսզի կարողանանք դիմակայել մեզ նետված մարտահրավերներին»:

Միջոցառման ընթացքում անդրադարձ արվեց ինչպես Հաճընի ութամսյա դյուցազնամարտի հերոսներին, այնպես էլ՝ Ապրիլյան պատերազմում անմահացած Սուրեն Ճարատանյանին՝ Արցախյան ազատամարտի մասնակից, եւ նորհաճնցի երիտասարդ Գեւորգ Մղդեսյանին:

Հաճընցիները դահլիճից դուրս եկան բարձր տրամադրությամբ՝ միջոցառման ավարտին եւս մեկ անգամ հպարտությամբ հիշելով իրենց սիրելի կարգախոսը՝ «Մեր նատուրոն բաշխո ի»:

«Հաճըն» հայրենակցական միություն

«Տեսակետ» մամուլի ակումբ

«Առավոտ» օրաթերթ, 

26.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930