Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ոստիկանները, բացի աշխատավարձից, կպարգևատրվեն խոշոր գումարներով, և այս իրավիճակում առնվազն անհասկանալի է հակաօրինական ճանապարհներով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում

Ապրիլ 29,2019 23:30

Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած ծառայողներ։ Ոստիկանության պետը նախ վերլուծեց հանրապետության օպերատիվ իրավիճակը, առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ փաստելով, որ հանցագործությունների օպերատիվ բացահայտումը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման լավագույն միջոցներից է։ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև հանցագործությունների բացահայտման համար լրացուցիչ պարգևավճարների նոր որդեգրված քաղաքականությանը՝ հատուկ շեշտելով, որ սա եզակի և աննախադեպ մոտեցում է։

«Մենք պատրաստ ենք առանց սահմանափակման լրացուցիչ պարգևավճարներ հանձնել ծանր, առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչողություն ստացած հանցագործությունները բացահայտած ծառայողներին»,- նշեց Վալերիյ Օսիպյանը։ Ոստիկանության պետը փաստեց, որ հանցագործություններ բացահայտող ոստիկանները, բացի իրենց հասանելիք աշխատավարձից, մշտապես կպարգևատրվեն լրացուցիչ խոշոր գումարներով, որոնք որոշ դեպքերում մի քանի անգամ գերազանցում են աշխատավարձի չափը, ուստի այս իրավիճակում առնվազն անընդունելի, անհասկանալի և անհանդուրժելի է ոստիկանի կողմից հակաօրինական ճանապարհներով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում։
Խորհրդակցության ավարտին ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած, ինչպես և կյանքեր փրկած ոստիկանները արժանացան դրամական պարգևների, որոնք հանդիսավորապես հանձնվեցին նրանց։ Ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևավճարի չափը։ Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին։

Նրանց թվում կային մի քանի հարյուր հազար դրամ պարգևի արժանացած ոստիկաններ։ Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց բոլորին սրտացավ աշխատանքի համար՝ շեշտելով, որ հպարտանում է բարեխիղճ ծառայողներով։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930