Ոստիկանությունն ու իրավապահ մարմինները օրենքի սահմաններում կոշտ կարձագանքեն բռնություն գործադրողներին եւ բռնության կոչ անողներին. «Ինքներդ կհամոզվեք»:
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանը, որ որոշ ուժեր մտադիր են սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք հանրապետությունում ապօրինի ու բռնի գործողություններ են կատարելու՝ ցույց տալու համար, թե ՀՀ-ում անարխիա է:
Ըստ Օսիպյանի, կան մարդիկ, որոնք փորձում են ինքնադրսեւորվել, որ իրենք կարող ենք ամեն ինչ թույլ տալ իրենց. «Վստահեցնում եմ, դա ընդամենն իրենց կարծիքն է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Օսիպյանն ասաց՝ չի բացառում, որ ոստիկանությունում բացթողումներ եղած լինեն, բայց ընդհանուր առմամբ, ոստիկանությունն իր առջեւ դրված պարտականություններն անում է: Այդ դեպքում ինչպե՞ս է հաջողվում որոշ ուժերին եւ քաղաքացիներին, Փաշինյանի ասած՝ Ազատության հրապարակում «ճռիկներ» անել, բռնություն գործադրել եւ այլն, այս մասին հետաքրքրվեցին լրագրողները: Օսիպիյանն ասաց՝ միշտ ել եղել են նման բաներ. «Մի անգամ էլ նախորդ տարիներին ինքս եմ միջամտել Ազատության հրապարակից 17 հատ մեքենա տանեն տուգանային հրապարակ»:
Հստակեցնող հարցին՝ վարչապետի ասածը վերաբերում է կոնկրետ ուժերին, որոնք կոնկրետ նպատակներ են հետապնդում, ասենք՝ սաբոտաժ, Օսիպյանը պատասխանեց, թե Ազատության հրապարակից այս գիշեր էլ արձանագրություն է կազմվել: Մեր հարցին՝ դրանք վարչապետի նշած «կազմակերպված դավադիրների՞ց էին», Օսիպյանը պատասխանեց՝ մարդիկ էին, որոնք մտածել էին Ազատության հրապարակում ինչ ուզեն՝ կարող են անել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































