Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Հովեյանը` արվեստի, թասիբով տղամարդկանց, գեղեցիկ կանանց ու հայհոյելու մասին

Հունիս 06,2019 23:00

Ալտահար, արվեստագիտության թեկնածու, «Արամ Խաչատրյան» լարային քառյակի վերահիմնադիր Վաչե Հովեյանի հաջողության պատմությունը

Վազգեն Վեհափառի նվերի, «Քարնեգի հոլի» համերգի ու Բաշմետի հետ քավորության մասին

Ալտահար Վաչե Հովեյանի մանկության լավագույն հուշերը կապված են պապի` բանաստեղծ Վաչագան Հովհաննիսյանի հետ: «Առավոտի» հետ զրույցում երաժիշտը հիշեց, թե ինչպես է առաջին դասարան գնալուց առաջ պապն իրեն տարել Վազգեն Վեհափառի մոտ, որ թոռնիկը ստանա նրա օրհնությունը: «Պապս հոգեւոր ճեմարանում եւ դասախոսում էր, եւ վարչական աշխատանքի էր: Ամենատպավորիչ հուշերից մեկն էլ այն է, որ Վազգեն Վեհափառն ինձ ոսկեծայր գրիչ նվիրեց»,-նշեց Վաչե Հովեյանը:

Մեր զրուցակիցն ասում է, որ երբեւէ ստացած լավագույն խորհուրդները ծնողներն են տվել ու ջութակի դասատուն` պրոֆեսոր Լեւոն Զորյանը. «Նա ինձ խորհուրդ տվեց ջութակը փոխել ալտի… Սկզբում նեղացա, քանի որ սովորաբար ալտի փոխում են չկայացած ջութակահարները: Պրոֆեսորն ասաց, որ ես կազմվածքով, մտածելակերպով, ամեն ինչով ալտահար եմ: Լսեցի իրեն եւ հիմա շատ շնորհակալ եմ»:

Հետաքրքրվեցին, թե որոնք են եղել ամենաերջանիկ պահերը, որ ունեցել է իբրեւ ալտահար: « 2001թ փետրվարի 17, Carnegie Hall ` մեկ օրվա մեջ 2 համերգ: Բազում մրցույթների եմ մասնակցել, 3 դիպլոմ ունեմ դափնեկրի, սակայն ոչ մի մրցույթ այն հաճույքը չի պատճառել, ինչ Carnegie Hall-ը…Այդ օրը նվագեցինք Նյու Ջերսիի նվագախմբի հետ, դիրիժորն էլ Ֆրանկիո Բերտաչին էր»,-ասաց Վաչե Հովեյանը:

Վաչե Հովեյանի անունը կապվում է մի շարք անվանի երաժիշտների անունների հետ, քանի որ շատերի հետ սովորել է, համագործակցել, ոմանց հետ ջերմ բարեկամական կապեր ունի:

«Աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկը իմ սանիկն է. ես Յուրի Բաշմետի թոռանը կնքել եմ հայկական եկեղեցում, քավորն եմ…Շատ շփումներ են եղել` Մաքսիմ Վենգերով, Մարիա – Էլիզաբեթ Լոթթ, Կոհ Գաբրել Կամեդա, Անի Աղաբեկյան… Բոլորն իմ ընկերներն են, միասին ճանապարհ ունենք անցած աշխարհի տարբեր երկրներում, բեմերում: Կամեդայի հետ նույն դասախոսի մոտ ենք սովորել Նյու Յորքի Manhattan School of Music-ում: Սերգեյ Սմբատյանի հետ եմ մոտ, ամենահարմար դիրիժորն է, սոլիստի հետեւից գնում է, ոչ մի դիրիժոր այդպես չի հետեւում է սոլիստին»,- նշում է մեր զրուցակիցը:

Յուրի Բաշմետի հետ:

 

Մաքսիմ Վենգերովի հետ

Մարիա – Էլիզաբեթ Լոթթի հետ

Ինչպես լինել մտավորական եւ էրեւանցի տղա

Վաչե Հովեյանը պատմում է, որ ծնվել է Էջմիածնում, եւ մեկ տարեկան է եղել, երբ հոր աշխատանքի բերումով տեղափոխվել են Երեւան: Մեր հարցին` ինչպես լինել մտավորական եւ միաժամանակ երեւանցի տղա, երաժիշտը պատասխանում է. «Թող իջնեն բակ, գնան դպրոց, ասենք Նիկոլ Աղբալյանի անվան դպրոց: Ապրում եմ Մատենադարանի հարեւանությամբ` ծնողներիս հետ, քույրս` Շողերը, այժմ սովորում է Գերմանիայում սոլիստների բարձրագույն դպրոցում: Երաժիշտ լինելը եւ նորմալ հայ թասիբով տղա, քաղաքի տղա, ինքնասիրություն ունեցող մարդ լինելը չեն խանգարում միմյանց: Ես սասունցի եմ, իսկ անթասիբ սասունցիներ չեն լինում»,-նշում է մեր զրուցակիցը:

Վաչե Հովեյանը` ծնողների հետ

Ասում է` շատ ընկերներ ունի, բայց մտերմագույնները շատ չեն. «Այն ոլորտը, որի մեջ մասնագիտացած եմ, այդ ոլորտի մարդկանց հետ շփումները դրսում են, հայաստանցի երաժիշտներից շփվում եմ Սերգեյ Սմբատյանի, Մարտուն Կոստանդյանի, Նիկոլայ Կոստանդյանի հետ եւ էլի մի քանիսի հետ… Ընկերներս շատ-շատ են ու տարբեր ոլորտներից, անուններ չտամ, որ ոչ մեկին չնեղացնեմ: Ի դեպ, նրանց մեջ փոքր թիվ են կազմում երաժիշտները»:

Մեր զրույցի ընթացքում ընտանիքին էլ անդրադարձ եղավ: Վաչե Հովեյանը բանաստեղծ Հովիկ Հովեյանի ու կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի որդին է:

«Շատերը կերազեին նման ծնողներ ունենալ, երկուսն էլ հանճար են: Սա ասում եմ առանց մի վայրկյան մտածելու, գուցե ասեն` դե հորն ու մորը գովում է, բայց չէ, չեմ գովում, երկուսն էլ հանճար են…Խիստ հայր, ավելի խիստ մայր…Չգիտեմ, եթե ուրիշ ընտանիքում ծնվեի, կլինեի՞ երաժիշտ, կկրեի՞ այդ գեները: Ի իմիջիայլոց, դա ինձ նաեւ խանգարում է: Երբեմն ասում են` Հովեյանի տղան է, բայց Հովեյանը երկար ճանապարհ է անցել, ունի իր բարեկամներն ու թշնամիները, որոնք ավտոմատ կերպով փոխանցվել են ինձ: Օգնելով հանդերձ, երբեմն ինձ շատ խանգարում է Հովեյան ազգանունը…Հաճախ դու չես կարող քեզ թույլ տալ այն, ինչ ուրիշները կարող են»,-անկեղծանում է երաժիշտը:

Հարցրինք` լինելով արմատներով սասունցի, երբեւէ եղե՞լ է Սասունում: «Չեմ եղել, չեմ էլ ուզում գնալ, որովհետեւ մտածում եմ, որ պարտված ենք, իսկ ես պարտվել չեմ սիրում»,-նշում է նա: Նաեւ հավելում է, որ ինչպես ցանկացած սասունցի, ինքն էլ է պարում Սասունի խրոխտ պարերը:

 «Կանանց սիրում եմ, կանայք էլ ինձ են սիրում»

Վաչե Հովեյանն ասում է, որ տգեղ կին չկա. «Կանանց սիրում եմ, կանայք էլ ինձ են սիրում: Ինձ համար բոլոր կանայք գեղեցիկ են, տգեղ կանայք չեն լինում: Երբեմն օղին է քիչ է լինում (ծիծաղում է- Գ.Հ.)…Իհարկե սա կատակ էր, բայց իսկապես տգեղ կանայք չեն լինում»: Երաժիշտը նշում է, որ առանց հումորի մարդկանց հետ աշխատում է հնարավորինս քիչ շփվել ու համոզված է` եթե օրվա ընթացքում հումորով չվերաբերվես շատ բաների, ուղղակի խնդիր կունենաս: Անհումոր մարդկանց էլ կծու բնորոշումն է տալիս:

Պրոֆեսոր Իոսիֆ Ռիսինի հետ

Վաչե Հովեյանը համոզված է, որ արվեստի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչը կարող է լավ կառավարիչ լինել. « Ես 3 տարի վարչական աշխատանքի եմ եղել, ղեկավարել եմ Հայաստանի ամենամեծ երաժշտական կառույցներից մեկը` Կամերային երաժշտության ազգային կենտրոնը: Ինձ իմ սիրուն աչքերի համար չէին նշանակել…Ես քննություն եմ հանձնել, 600 հարցից բաղկացած հարցաշար եմ հաղթահարել: Ընդհանրապես կառավարում են ոչ թե ինչ-որ մեկի ամբիցիաներով ու ցանկությամբ, այլ ՊՈԱԿ-ի մասին օրենքով, եթե ՊՈԱԿ-ի տնօրեն ես, Սահմանադրությամբ, Աշխատանքային օրենսգրքով…»:

«Դեռ չեմ հանդիպել այն կնոջը, ում հետ կուզենայի ամեն օր արթնանալ»

Կես կատակ-կես լուրջ հարցրինք` իբրեւ իսկական հայ տղամարդ, չի՞ պատրաստվում տուն կառուցել, ծառ տնկել, ամուսնանալ:

«Այդ բոլորն էլ կանեմ, տուն կառուցելը կկառուցեմ, ծառ կտնկեմ, բայց ամուսնանալ դեռ չեմ ուզում, մամաս չի թողնում (ծիծաղում է-Գ.Հ.), ուղղակի չեմ ուզում: Կարծում եմ, որ ժամանակը չի, եւ չեմ հանդիպել այն կնոջը, ում հետ կուզենայի ամեն օր արթնանալ»,-ասաց մեր զրուցակիցը:

Հովեյան ընտանիքը

Իր սիրած անկյուններին էլ անդրադարձանք: Ասաց` սիրում է Էջմիածինը, Գորիսը, Շուշին, Արցախն` ընդհանրապես, իսկ Երեւանում` Մատենադարանի հատվածը, Սարյան փողոցը, թեեւ իր ձեւակերպմամբ, վերջերս օտարի պես է զգում մեր քաղաքում, կարծում է ԷՐԵՎԱՆՑՈՒ տեսակը չկա:

Պարզեցինք, որ կարող է հիասթափվել ստից, անարդարությունից, սիրում է նվերներ անել հարազատներին, ինքն էլ լավ օծանելիքի սիրահար է: Գրական նախասիրություններից էլ խոսեցինք: «Այժմ կարդում եմ Ռոբերտ Քոչարյանի գիրքը, դրանից առաջ վերընթերցել եմ Ժբրան Խալիլ Ժբրանի «Մարգարեն», որը դարձել է իմ սեղանի գրքերից մեկը, Էդգար Խաչատրյանի «Մանեքենը» կարդացի, նաեւ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» է իմ սեղանի գրքերից»,-հայտնեց մեր զրուցակիցը

Վաչե Հովեյանը այցեքարտային է համարում մոր` կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի հրաշալի գործերը: Աստծուն հավատում է: Ասում է. «Ամեն մեկին տրվում է` ըստ իր հավատքի, իսկ եթե չես հավատում, վերջում կարող ես դառնալ պլաստիկ շիշ, մերձենայի անվադող: Չէ՞ որ, այն ինչ շնչավոր է, մեկը ստեղծել է»:

Հարցրինք` երբ զայրանում է, ի՞նչ է անում: Ժպտալով պատասխանեց, որ հայհոյում է: Ասաց նաեւ, որ նույնկերպ հայհոյում է շատ բարձր տրամադրության դեպքում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930