Վաչե Հովեյանը՝ մենահամերգի, մշակույթի ոլորտի ու Հայաստանի ապագայի մասին
Ճանաչված ալտահար, միջազգային մրցույթների դափնեկիր Վաչե Հովեյանը հունիսի 10-ին մենահամերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ: Նվագախումբը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը: «Առավոտի» հետ զրույցում երաժիշտը նշեց, որ ֆիլհարմոնիկի հետ պետք է հանդես գար` մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, սակայն ֆիլհարմոնիկը գործուղվել է Մոսկվա, բայց պայմանավորվածությունը մնացել է ուժի մեջ, եւ համերգը կայանալու է: «Համերգին դրսից շատ հյուրեր ունեմ տարբեր երկրներից` Արգենտինա, Ամերիկա, Վրաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, շուրջ 200 հոգի: Նախ նվագախումբը կնվագի Արամ Խաչատրյանի Վալսը, Մասկանիի Ուվերտյուրան` «Գեղջկական հարսանիքից», Բրամսի հունգարական պարերը, իսկ ես կնվագեմ Մաքս Բրուխ, Էդուարդ Բաղդասարյան, Ֆրից Կրեյսլեր, Պիացոլա եւ մորս` Վարդ Մանուկյանի «Սասունցիներ» ռապսոդիան, որ գրվել է իմ պատվերով: Կլինի մի ամբողջական շատ հետաքրքիր համերգ` առանց ընդմիջման»,-ասաց Վաչե Հովեյանը, որ 4 տարի բեմում ելույթ չի ունեցել:
«Նախ առաջարկ չկար, ցանկություն չկար, որովհետեւ մինչեւ 2020թ. մտածում էի, որ երեւի հոգնել են ինձանից, շատ եմ նվագել, այնուհետեւ պատերազմ, 5000 զոհ, 15000 վիրավոր, մտածում էի՝ համերգի ժամանակը չէ, հիմա մարդիկ մի քիչ խելքի են եկել, բայց էլի մի ստվար զանգվածի կյանքում ոչինչ չի փոխվել, կարծես պատերազմ չի եղել, մարդիկ չեն զոհվել: Իմ զավակը ծնվել է անցյալ տարի, շուտով մեկ տարեկան կդառնա, բայց ես դեռ քեֆ չեմ արել, որովհետեւ մեր տղերքի արյունը դեռ տաք է…Վերջերս Անգլիայից հյուրեր ունեի, երեւանյան ռեստորաններից մեկում ընթրում էինք, մեկ էլ նրանցից մեկն ասաց` այնպիսի տպավորություն է, կարծես Բաքուն գրավել եք, նայում ու զարմանում եմ` անհոգություն է, մարդկանց անհասկանալի ուրախ դեմքեր…Իհարկե, կյանքը շարունակվում է, բայց պետք չէ ցնծալ, պարտությունը չեն տոնում ցնծությամբ»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա համոզմամբ. «Երկիրն այս վիճակից կարող է դուրս բերել Ռոբերտ Քոչարյանը, ես ինձ համարում եմ իր զինակիցը, 2018-ից կանգնած եմ եղել իր կողքին, հարգում եմ նաեւ Սերժ Սարգսյանին…Տեսնում ենք, թե ինչպես են 2018-ից քանդում մեր երկիրը, ծրագրավորված, փուլ առ փուլ… Հետո ժամանակը ամեն ինչ տեղը կդնի, հետաքննությունը կպարզի ամեն ինչ, ես արվեստագիտության թեկնածու եմ, իրավաբանության հետ կապ չունեմ: Հետագայում կպարզվի, թե ինչպես եղավ, որ պարտվեցինք, ինչու պատերազմի ժամանակ շարքից չհանեցին նավթագազային համակարգերը, չկտրեցին Ադրբեջանին փողից ու մեզ տարան պլանավորված եւ նպատակային պարտության, մեզանից գողացան տարիների աշխատանքը, ներդրումը երկրի կայացմանն ու զարգացմանը, բոլորիս երազանքները:
Կարդացեք նաև
Մշակույթը հաճույք է, բայց երբ ժողովուրդը սոված է, մշակույթի մասին չի մտածում, ու հիմա այս պայմաններում հերոսություն եմ համարում մշակութային կյանք վարելը…»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ մտավորականների միանալուն` հանուն Արցախի եւ Հայաստանի հայտնի կոչին: Վաչե Հովեյանը նշեց, որ իրենք ողջ ընտանիքով միացել են դրան: Նրա խոսքով, ամեն ջութակ նվագող ու նկարիչ մտավորական չէ. «Նկարիչը մասնագիտություն է, մտավորականությունն այլ բան է, ես լավ ֆիզիկոսների գիտեմ, որ մտավորական են, գիտեմ հրաշալի թավջութակահարների, որոնք ընդհանրապես մտավորական չեն: Հաճախ իմ մտավորական հայրն ինձ նկատողություն է անում` տղա ջան, քեզ մտավորականի նման պահիր, բայց իմ կենցաղը մտավորականի չի, թեեւ ես մտավորականների երրորդ սերունդն եմ, պապս հայտնի բանաստեղծ էր, հայրս բանաստեղծ, մշակույթի վաստակավոր գործիչ, մայրս կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ… Մի խոսքով, մասնագիտությունը մտավորական լինելու հետ կապ չունի: Դեռ 2018 թվականից մենք ողջ ընտանիքով կանգնած էինք ընդդիմության կողքին: Ես վստահ էի, որ այս իշխանությունները չեն հաջողելու, որովհետեւ նրանց կադրային քաղաքականությունը, ապրած կյանքը դա էր վկայում: Ի դեպ, հիմա կոչին միացածներից շատերը ժամանակին ողջունել են 2018-ի իշխանազավթումը, այնպես որ, ավելի լավ է երաժշտությունից խոսենք…Էլի եմ ասում` ամեն ինչ կանցնի ու կգնա, ոչինչ հավերժական չէ, սա էլ կանցնի, հուսամ, որ շատ շուտով մենք կանցնենք մեր բնականոն գործունեությանը»:
«Դրսի» հետ կապված ծրագրերին էլ անդրադարձ եղավ, որոնց մի մասը չեղարկվել է քովիդի պատճառով, այդ թվում Չինաստանում նշանակված 30 համերգները: «Ինձ զանգահարեց երջանկահիշատակ պրոֆեսոր, իմ ավագ գործընկեր եւ շատ լավ բարեկամ Վահրամ Սարաջյանը եւ ասաց, որ Իտալիայի իր փառատոնը բերում է Երեւան, առաջարկեց վարպետաց դաս անցկացնել եւ մի բաժին էլ համերգ նվագել: Իրականացրինք մաստեր կլասն ու համերգը, նվագեցինք հրաշալի դաշնակահարուհի Վերոնիկա Թադեւոսյանի հետ, դրանից հետո չինացիները ձեռքերս էին համբուրում, ասում էին` կգա՞ս Չինաստան համերգների: Պայմանավորվեցինք, որ 2020թ. աշնանը կկնքենք պայմանագիրը… Սակայն քովիդի պատճառով այդ ամենը խափանվեց: Հիմա ծրագրեր կան Գերմանիայի հետ, սեպտեմբերին էլ պետք է Բելգիայում համերգ ունենամ: Քույրս` Շողերը, Գերմանիայում է ստեղծագործում, այնտեղ կայացել է, նաեւ դասավանդում է, փայլուն դաշնակահարուհի է: Իրար հետ համատեղ նախագծեր չենք անում, որովհետեւ ես ունեմ իմ նախընտրելի ոճը, ինքն ավելի զուսպ ակադեմիականի կողմնակից է, այժմ էլ Ֆրանսիայի մի հայտնի մրցույթի կիսաեզրափակիչ փուլ է անցել»,- նշեց մեր զրուցակիցը:
Վաչե Հովեյանին հարցրինք նաեւ, թե որ կոմպոզիտորներն են իր համար այցեքարտային: «Ինձ համար այցեքարտային է Շոստակովիչի Սոնատը, Խաչատրյանի Սոլո սոնատը, որ ինձանից բացի, կարծեմ որեւէ մեկը բեմ չի հանել վերջին 30 տարվա մեջ, այցեքարտային է Մոցարտի կրկնակի կոնցերտը, մորս «Սասունցիներ» ռապսոդիան ու կրկնակի կոնցերտը` ջութակի եւ ալտի համար, որի պրեմիերան արեցինք Գերմանիայում դիրիժոր Ռուբեն Ղազարյանի հետ: Այցեքարտային են նաեւ Շնիտկեի Ալտի կոնցերտը, Բարտոկի կոնցերտը, Բրամսի սոնատները, Շուբերտի սոնատը…Երբ ինձ ասում են` դու ընտրիր Սոնատ, ես Շոստակովիչ եմ ընտրում, որովհետեւ Շոստակովիչն ինձ համար Բեթհովենի հետ նույն հարթության վրա է: Ցավում եմ, որ Բեթհովենը ալտի համար կոնցերտ կամ սոնատ չունի»,-նշեց երաժիշտը:
Վաչե Հովեյանը 13 տարի դասավանդել է Երեւանի պետկոնսերվատորիայում, ասում է` 2019-ից դուրս է եկել կոնսերվատորիայից. «Ասացին ուսանող չկա, բայց ես պատճառը շատ լավ գիտեմ, ու գիտեմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի… 2006-ին, երբ դեռ ասպիրանտ էի, Սերգեյ Սարաջյանը ինձ վերցրեց աշխատանքի, ասաց` պետք է դասավանդես, դեռ չէի էլ պաշտպանել: 24 տարեկանից դասավանդել եմ, ունեցել եմ իմ դասարանը, միջազգային մրցույթի դափնեկիրներ: Ափսոսում եմ նաեւ, որ 2019-ին Արամ Խաչատրյանի անվան պետական լարային կվարտետս փակեցին, որը մեծ ճանաչում ուներ աշխարհում, պատճառաբանեցին, թե գումար չկա…Բայց մենք այդ 50 հազար դրամով չէինք ապրում, ուղղակի երկիր էինք ներկայացնում, ունեինք կարգավիճակ: Մեր կվարտետը կրճատեցին, բայց, օրինակ, Երեւանում հիմա նույն երգչախմբից 3 հատ կա, ունեն անուններ, պայմանական ասած՝ Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի, մեկը լավն է, մյուսները մեցցո-ֆորտեի մեջ միջինից մի քիչ ցածր երգչախմբեր են, որոնք կարող է մի եվրոպացի կոմպոզիտորի գործ լավ կատարեն, կոմպոզիտորը մի բան ասի, դա սարքեն դրոշակ…Ինչեւէ, ամեն մարդ իր արածների համար պատասխան կտա, ես մի տեսակ վստահ եմ..»:
Նա նաեւ մի դրվագ հիշեց պետական համակարգում իր աշխատանքից. «Աշխատակիցներիցս մեկը մի օր ասաց` պարոն Հովեյան, էնպես արեք, որ ձեզ սիրենք: Ասացի` լավ կլինի, որ դու սիրես քո ծնողներին, հարազատներին, քո հայրենիքը, իսկ ինձ սիրելու կարիքը չկա, ես հո 100 դոլարանոց կուպյորա չեմ, որ բոլորը ինձ սիրեն, ես ձեր ղեկավարն եմ, ինձ ընդամենը պետք է հարգել եւ կատարել հանձնարարականները, ու ընդհանրապես, եթե ամեն մարդ զբաղվի իր գործով, երկիրը շատ արագ ոտքի կկանգնի իշխանափոխությունից հետո»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
04.06.2022


















































