Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ «տեղերում» առայժմ բարքերը մնում են նույնը

Հունիս 11,2019 22:00

Կիրակի օրը Հայաստանի չորրորդ քաղաք Աբովյանում տեղի ունեցած ընտրությունները յուրովի լաբորատոր թեսթ էին, որի արդյունքն ի ցույց դրեց, թե ինչ վիճակում է հասարակական-պետական օրգանիզմի «առողջությունը»։
Պատկերը, մեղմ ասած, բարդ է։

Նախ, միայն այն փաստը, որ 23 համայնքներում կայացած ընտրություններում թեկնածուների ջախջախիչ մեծամասնությունն անկուսակցականներ էին, դա մի «քար» է բոլոր կուսակցությունների «բոստանը»։ Այսինքն, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում, որտեղ քաղաքականությունն, ըստ էության, կուսակցական է, քանզի խորհրդարանն ընտրվում է կուսակցական ցուցակների օգտին հավաքած ձայներով, տեղերում քվեարկում են այդ կուսակցությունների օգտին, երբ ընթանում են համապետական ընտրություններ, սակայն, երբ ընտրությունները տեղական են, ապա ընտրողները չեն քվեարկում կուսակցականների օգտին, գերադասում են անկուսակցականներին, ապաքաղաքականներին։ Այսինքն, ապաքաղաքական «մերոնց»։ Եվ իրերի նման դրությունը խախտելու ցանկացած փորձ ալեկոծում է ոմանց հոգիները, եւ նրանք ընդվզում են ընդդեմ, ասենք, «գործ տալու»։

Հետեւաբար, բարձրագույն իշխանության փոփոխությունն ազատ ընտրությունների ճանապարհով դեռ բավարար չէ, որպեսզի քսան եւ ավելի տարի արմատավորված թայֆայական, «ախպերական», տոհմական, ինչպես նաեւ կրիմինալ բարքերը «միկրո»-մակարդակում արագորեն փոխվեն։
Մեծ հաշվով, ոչ ոք չէր էլ սպասում, որ այդ փոփոխությունն այդքան արագ տեղի կունենա, եւ հարցը դա չէ։ Հարցն այն է, որ դեռ մնում են հույսեր, որ առանց այդ հասարակական հյուսվածքի ինտենսիվ մշակման, պարզապես ինքնահոսով մենք կստանանք փոփոխություն եւ արդյունքում՝ բարձր քաղաքացիական գիտակցություն։

Ցավալիորեն, մենք տեսնում ենք նաեւ, որ մեր իրավապահ մարմիններն, առաջին հերթին՝ Ոստիկանությունն, ընդհանրապես չեն համապատասխանում նոր իրողությունների մարտահրավերներին, մենք տեսնում ենք, որ Ոստիկանության ստորին օղակներում նույնչափ հոգեհարազատ են այդ «ախպերական», «գողական», «ճշտի» բարքերը, իսկ կրիմինալի եւ կրիմինալ բարքերի հանդեպ անհանդուրժողականության աստիճանը հավասար է գրեթե զրոյի, նույնիսկ էսթետիկական մակարդակում։
Իսկ երբ կա իրավապահների եւ «լավ տղերքի», այսպես ասած, «գաղափարական սիմբիոզ»՝ այդտեղ բացակայում է քաղաքացիական գիտակցությունը, իսկ ծիլերը չորանում են։

Ամենամեծ սխալը կլիներ, եթե այս ամենի «մեղքն» ի վերջո «ջարդվեր» հասարակության վրա, եւ բարձրաձայնվեր այն ամենացինիկ արտահայտությունը, թե «ժողովուրդն արժանի է իր ղեկավարներին»։ Դա մի արատավոր շրջան է, երբ կրիմինալն օկուպացնում է երկիրը, քաղաքը, գյուղը, իսկ հասարակությունն ահաբեկվում է եւ կաշառվում, իսկ հետո հայտարարվում՝ այդ թափթփուկներին արժանի։ Ի վերջո, հեղափոխությունն արեցին այդ նույն մարդիկ, ընդվզելով հենց այդպիսի՛ բարքերի դեմ, եւ նոր իշխանության պարտքն է ինստիտուցիոնալ ֆիլտրեր տեղադրել կառավարման մարմիններում, որոնք թույլ չեն տա այդ ախտին ներթափանցել նրանց ներսը։

Այսօր մեր նորընտիր խորհրդարանի պատգամավորներից մեկը կարող է առայժմ անհետեւանք հայտարարել, որ Հայաստանի քաղաքացուն պետք է վառել, մյուսը՝ որ Հայաստանի քաղաքներից մեկը «չպետք է դառնա գործ տվողների» քաղաք, եւ նրանք պետք է շարունակե՞ն «ներկայացնել ժողովրդիս»։
Եթե այո, ապա դա կնշանակի, որ այդպես կարելի է, որ հենց այդպես է կարելի, որ «ճիշտը դա՛ է», «կյանքը, ախպե՛րս, դա է», որ «պինդ տղեն» դա՛ է, իսկ դուք «ձեր հեծանիվներով» եկել եք, ու «կյանքից բան չեք հասկանում»։

Այսօր Հայաստանի խոշոր քաղաքները մնում են նախկին ռեժիմից սերած՝ օդիոզ քաղաքապետերի իշխանության ներքո, ավելին, նրանցից ոմանք նույնիսկ արդեն վերարտադրվում են, նրանք կառավարում են, ինչպես կարող են, ինչպես գիտեն, իհարկե, նախկին օրենքները «վերեւների» հետ այլեւս չկան, բայց դա դեռ երաշխիք չէ, որ նրանք չեն շարունակում տապակվել իրենց «ավանդական» յուղի մեջ այնպես, ինչպես կարող են, ինչպես գիտեն։ Այսօր Աբովյանում արդեն մեքենա են հրկիզում, տան դուռ են հրկիզում «անհայտ անձը կամ անձինք»… Իսկ սա արդեն լուրջ վերլուծություն է պահանջում հետագա քայլերի պլանավորման համար։ Փաստն այն է, որ «սովորական ռեժիմով» գործը ոչ միայն առաջ չի գնա, այլեւ լրջագույն խնդիրներ է ստեղծելու պետության եւ հասարակության համար։

Ցանկացած արդյունքի դեպքում, իհարկե, հաղթում է ժողովրդավարությունը, եւ հանուն սրա հեղափոխությունն անհրաժեշտ էր Հայաստանում։ Սակայն, սա ճշմարտություն է, երբ հաշվի են առնվում չափազանց կարեւոր երկու բացառությունները։ Չի կարող համարվել ժողովրդավարությունը հաղթանակած, երբ հաղթում են ժողովրդավարության գերեզմանափորները, որոնք գալիս են այդ ժողովրդավարությունը թաղելու։ Հայտնի բռնապետերից շատերը բռնապետ չեն ծնվել ու ոչ էլ բռնապետ դարձել են «օդից», նրանք անցել են ընթացակարգային առումով «օրինական», «ազատ», «ժողովրդավարական» ընտրություններով։ Եվ չի կարող համարվել ժողովրդավարությունը հաղթանակած նաեւ այն դեպքում, երբ հաղթել է կրիմինալ «ախպերական», հակաքաղաքացիական ճահիճը, որը ոչ թե ինքն է թաղելու, այլ ամեն ինչ անելու է, որպեսզի ժողովրդավարությունն ի՛նքը թաղվի եւ խեղդվի այդ ճահճում։
Իսկ սկզբի համար պարոնայք պատգամավորներ Վարդան Ղուկասյանը, Էդուարդ Բաբայանը եւ պարոն ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ճիշտ կվարվեն, եթե հրաժարական տան։ Նրանք իրենց պաշտոններում անելիք չունեն այլեւս:

 

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930