Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգությունն ու կրոնը տարբեր բաներ են

Հուլիս 10,2019 10:00

Մինչեւ վերջին դարերում հայտնվեցան մեր մեջ կազմակերպված կաթոլիկ, բողոքական եւ հունադավան եկեղեցիներ: Ի՞նչ պետք էր անել այդ վերջինների հետ: Երկուսից մեկը՝ կամ պետք էր պարզ ասել (որպես շատերը ասում են), թե մենք հայոց ազգությունը հիմնված ենք համարում միմիայն լուսավորչական եկեղեցու վրա, որովհետեւ դուք բաժանվեցաք այդ եկեղեցուց եւ մտաք կաթոլիկ, բողոքական եւ հունադավան եկեղեցիների գիրկը, ուրեմն դուք այլեւս մեզանից չեք (այսինքն՝ հայ չեք), ըստ որում, մենք լուսավորչական եկեղեցուց դուրս հայություն չենք ճանաչում: Եվ կամ պետք էր ասել, թեեւ դուք ընդունեցիք այս կամ այն եկեղեցիները, բայց մենք ձեր կրոնական համոզմունքներին չենք դիպչում, դուք դարձյալ մեր անբաժան եղբայրներն եք եւ մեր ազգի սիրելի անդամները:

…Քարոզել այն միտքը, որ մեր կաթոլիկ, բողոքական, հունադավան եւ մինչեւ անգամ մահմեդական հայերը մեզ նման հայեր են, մեր մսից եւ մեր արյունից են եւ մեր ազգությանն են պատկանում, այդ չէ նշանակում ի վնաս լուսավորչական եկեղեցու գործել: Լուսավորչական եկեղեցին մեզ համար նույնքան սուրբ է, որքան սուրբ են եւ մյուս եկեղեցիները՝ իրանց պատկանող անդամների համար: Մենք չենք կարող եւ մինչեւ անգամ իրավունք չունենք ասելու նրանց, թե փոխեցեք ձեր կրոնը, կրկին մտեք մեր եկեղեցին, այն ժամանակ միայն մենք եղբայրական ձեռք կմեկնենք ձեզ եւ կհամբուրվենք ձեզ հետ: Դրանով մենք իրավունք կտանք նրանց նույնը պահանջել մեզանից: Եվ այսպես ազգային միությունը երբեք չի կայանա:

…Եթե իսկապես հայը զրկված է իր ազգային լեզվից, զրկված է իր հայրենիքից, կորցրել է իր ցեղական առանձնահատկությունները եւ պահպանվում է միայն եկեղեցու գրքում, այն ժամանակ նրան ազգ պետք չէ համարել, այլ պետք է համարել մի կրոնական աղանդ, որ մեռած է նույնիսկ եկեղեցու մեջ, որի մեջ ապաստան է գտել:

…Ի՞նչ է նշանակում՝ կրոնական համայնքից ճանաչվեցան որպես ազգ: Այդ նշանակում է՝ մի ցեղական ամբողջություն, որի մեջ կան եւ կարող են լինել զանազան կրոններ եւ եկեղեցիներ: Այդ կոչմանը արժանի լինելու համար պետք էր ցույց տալ, որ դա իսկապես այդպես է, որ մենք ազգ ենք, եւ այդ ազգի մեջ կան զանազան եկեղեցիներ՝ լուսավորչական, բողոքական, կաթոլիկ, հունադավան եւ մահմեդական: Եվ այդ կազմակերպությունից ինքնըստինքյան պետք է առաջ գար կրոնական ներողամտությունը եւ համոզմունքի ազատությունը, որպեսզի ազգային միության գործը կատարյալ լիներ:

ՐԱՖՖԻ

«Մինչեւ երբ», 1880

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Առաջին փուլում ասում էի՝ ազգությունը կարեւոր չի, հայը նա է, ով առաքելական է, չնայած ինքս կրոնի հետ կապ չունեմ, դա միգուցե մեծագույն հարգանքից էր Վազգեն Ա ի ու մեր այն ժամանակվա իսկական հայ մտավորական հոգեւորականների նկատմամբ, երկրորդ փուլում հասկացա, որ կրոնը կապ չունի, կարեվորը մարդ իրեն հայ ընկալի, սա էլ նրանից էր, որ տեսա համշենահայերի ու այլ կրոնների հայերի ու նրանց այնքան հոգեհարազատ զգացի, կարծես գանձ էի գտել, հիմա երրորդ փուլում եմ՝ մեր այսօրվա հայության առաքելությունը պետք է լինի մեր հաջորդ սերունդների համար արարել հայ կրոն, ասելով հայ կրոնի ներկայացուցիչ ու ազգությամբ հայ՝ բացարձակ միանշանակ էություն է: Միայն ազգային կրոն ունեցող ազգերն իրավունք ունեն կոչվելու աստծո ընտրյալ ազգեր: Դառնանք աստծո ընտրյալ ազգ ու մեր օրինակով օգնենք մյուս ազգերին դառնալ աստծո ընտրյալ ազգեր:

  2. henri says:

    ինձ կը թուի որ ՛՛Լաւատես՛՛-ը կը շփոթէ ՛՛ ԾԷՍԸ՛՛ և ԴԱՒԱՆԱՆՔԸ ;
    Տիեզերական Եկեղեցւոյ պատմութեան մէջ,ամէն անոնք որ դաւանած են Նիկիոյ տիեզերական Ս,Ժողովի ՛՛ ՀԱՒԱՏԱՄՔԸ ՛՛ինչպէս Լատինները-Հայերը-Յոյները – / որ ունին ՛՛ՆՈՅՆ ԴԱՒԱՆԱՆՔԸ ՛՛ և իրարմէ կը տարբերին միայն ՛՛ԾԷՍՈՎ՛՛ ,որ դարերու ընթացքին զգեցած են ՛՛Ազգային գոյն ՛՛ կը նկատուին ՈՒՂՂԱՓԱՐ ՛՛ -այսինքն թէ լատինները,թէ հայերը և յոյները դաւանական տարբերութիւն չունին ,բայց ունին իրենց ուրոյն ծիսական սովորութիւնները,ճոխ կամ նուազ ճոխ արարողութիւնները ,ինչպէս ծիսական ԼԵԶՈՒՆ ,որ հայերունը ԳՐԱԲԱՐն է, Կաթողիկէներունը ՛ԼԱՏԻՆԵՐԷՆԸ և օրթոտոքս
    եկեղեցիներունը ՛ ԴԱՍԱԿԱՆ ՅՈՒՆԱՐԷՆԸ ,սակայն այս միասնականութեամբ հանդերձ ,տգիտութիւնը և քաղաքական
    փառամոլութիւնը մղած են կայսրեր և պատրիարքներ ,դարերու ընթացքին, պարտադրել իրենց ՛՛ ծէսը ՛՛ վիրաւորելու աստիճան միւսները , որոնց դէմ արդարօրէն և հերոսաբար պայքարած են Հայերը / Որոտնեցի-Տաթեւի Դպրոցը,Ներսէս Շնորհալի Հայրապետը / ընդդէմ Արեւմուտքի ոտնձգութիւններուն որ մինչեւ իսկ Կրկին Մկրտութիւն կը պարտադրէին Առաջին Քրիստոնեայ Ազգի հաւատացեալներուն…Շնորհալի Հայրապետին ՛՛Թուղթ Ընդհանրականը՛՛ Շռնդալից ապտակ մըն է ուղղուած այդ զեղծարարներուն և չգերազանցուած քարոզ համերաշխութեան ,՛՛էգումէնիք ՛՛ հոգիով գրուած դարեր առաջ երբ քրիստոնեաներ նոր սկսած են ըմբռնել անոր պահանջքը;
    Սխալ է Գրաբար պատարագը արաբերէնի,անգլերէնի կամ ֆրանսերէնի թարգմանել ՛՛ որ հաւատացեալը հասկնայ՛՛…բայց կարելի է բնագրին թարգմանութիւնը բաժնել հաւատացեալներուն որ հետեւին աղօթքներուն /եթէ կարիքը զգացուի/;և այսպէս , տգիտութիւնը և թիւրիմացութիւնները պատճառ դարձած են որ քրիստոնեայ ՛՛Ուղղափար՛՛եկեղեցիներ զիրար ամբաստանած,հալածած են արիւնալի ճակատամարտներ մղած / Բիւզանդացիներու օրինակը Անիի վրայ – ցայտուն է / ,Ձարական Ռուսերունը նոյնպէս ,որ Հայաստանեայց եկեղեցւոյ ինչքերն ու հաստատութիւնները գրաւեցին /անամօթափար/…

  3. Լավատես says:

    Շնորհակալություն հետաքրքիր փաստերի համար:
    Երկու խոսքով իմ աշխարհահայացքի մասին:
    Աստված մարդուն իր կերպարով է ստեղծել, բայց կերպարը արտաքին տեսքը չի, այլ արարելու հատկությունը, այսինքն՝ աստվածը արարողի բարձրագույն նիշն է, որին ամեն մարդ պետք է ձգտի, իսկ կրոնը հենց այն համալսարանն է, որտեղ ուսուցանում են արարելու արվեստն ու գիտությունը: Ազգային կրոնը դա արարելու ազգային դպրոցն է, ամեն ազգ այն պետք է ունենա, լինի նախնադարյան թե ժամանակակից ազգ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031