Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կլուծարվի

Հուլիս 20,2019 21:26

Քիչ առաջ պարզ դարձան ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման հարցով կատարված՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների փակ, էլեկտրոնային եղանակով հարցման արդյունքները:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հարցման արդյունքների մասին. «Էլեկտրոնային մեյլով հարցմանը մասնակցելու վերջնաժամկետը լրանում էր այսօր՝ ժամը 18.00-ին: Քիչ առաջ մեզ մեյլով տեղեկացրին, որ կենտրոնի հարցով հարցմանը մասնակցել է հոգաբարձուների խորհրդի անդամներից 20 հոգի և կենտրոնի փակմանը «կողմ» է քվեարկել 19 հոգի, մեկ հոգի՝ ձեռնպահ»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ինքը մասնակցե՞լ է քվեարկությանը, Դավիթ Ափոյանը պատասխանեց. «Ես և հոգաբարձուների խորհրդի այլ անդամներ, ենթադրում եմ նաև ուսանողներից մի քանիսը, չենք մասնակցել քվեարկությանը, քանի որ նիստի օրակարգը հաստատված չէր և օրակարգում ընդգրկված հարցերն անհրաժեշտություն ունեին քննարկման: Մենք առաջարկել էինք, որ  նիստը չեղյալ համարվի, հարցը դրվի ոչ թե հարցման կարգով, այլ մարդիկ գնան, նստեն, քննարկում լինի: Բացի դրանից պարոն Վաղարշյանը հրապարակել է  մի փաստ, որի հիման վրա իրավական օրինականության կասկածներ էր տալիս այս օրակարգով նիստի անցկացման վերաբերյալ: Այդ ամենը հաշվի առնելով՝ մենք տեսնում ենք այս արդյունքները»:

Դավիթ Ափոյանն ասաց, որ մինչ այս հարցումը հոգաբարձուների խորհրդի անդամներն անձամբ գնացել ստորագրել են, բայց այս անգամ տեղեկացրել են, որ կարող են նաև էլեկտրոնային նամակների միջոցով անդամներն իրենց դիրքորոշումը հայտնել: Ուստի նրանք իրենց դիրքորոշումը հայտնել են էլեկտրոնային փոստով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, որը տնօրինում են հոգաբարձուների խորհրդի նախագահն ու քարտուղարը:

Aravot.am-ը կապ հաստատեց նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են լինելու իր հետագա գործողությունները, նա պատասխանեց. «Սա ապօրինի նիստ է՝ չհաստատված օրակարգով հրավիրված, որ հարցի քննարկում տեղի չունենա: Կարող եմ ֆիքսել, որ իշխանությունները գնացին ապօրինությունների, որ կարողանան կենտրոնը լուծարել: Սա միանշանակ անհետևանք չի մնալու: Ես երկուշաբթի օրվանից արձակուրդի մեջ եմ, երբ սեպտեմբերին արձակուրդից կվերադառնամ, իմ գործունեության մասին հրապարակային կասեմ: Քննարկում եմ փաստաբանիս հետ այս իշխանությունների գործած ապօրինությունները դատական կարգով վիճարկելու հարցը: Իրենք արդեն ապօրինի որոշում են կայացրել, որ կենտրոնը փակվի: Ունեմ վիճարկելու մի քանի ճանապարհներ. իրավական, մյուսների մասին սեպտեմբերին կասեմ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031