Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Ես ինքս էլ 2008 թվականի մարտի 1-2 իրադարձություններում ներգրավված եմ եղել և մասնակից եմ եղել

Օգոստոս 08,2019 17:05 Share

Կառավարությունը որոշում է ընդունել 2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին: Որոշման ընդունումը պայմանավորված է 2019 թ. հունիսի 20-ին ուժի մեջ մտած «2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին»   ՀՀ օրենքով, որով կարգավորվում են 2008 թ. փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ընթացքում 2008 թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Որոշմամբ սահմանվում է, որ՝

– Տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

– Աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում:

– Ամրագրվում է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կայացնում է հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդ որում՝ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը:

– Լիազոր մարմնի ղեկավարի կողմի դիմումը բավարարվելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է  դիմումատուի նշված՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:

– Որպես աջակցության ձև է սահմանվում դրամական օգնությունը հետևյալ չափերով՝ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ և առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ քանի որ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորվում է օրենքով, օրենքով նախատեսված անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն աջակցություն ստանալու և դիմելու Արդարադատության նախարարությանը, հետևյալն է՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով մահացած, զոհված անձանց ՀՀ քրեական դատավարության կարգով իրավահաջորդ ճանաչված անձինք, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս ստացած անձինք, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս ստացած անձինք, եթե վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ արդարացնող հիմքով դատական ակտ կա, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Իհարկե, սա շատ կարևոր որոշում է, բայց այն բազմաթիվ նրբերանգներ ունի, և շատ նուրբ հարց է: Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ այս որոշումը կամ սահմանված չափերը որևէ ձևով չեն նշանակում փոխհատուցում, այսինքն՝ մասնավորապես, կներեք շատ կոպիտ ձևակերպման համար, սրանով Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի գին չի որոշվում, և սա ընդամենը ձևակերպվում է որպես աջակցություն, ինչը նշանակում է, որ այս գործերով կարող են և պետք է հետագա գործընթացները շարունակվեն և տեղի ունենան: Պետք է արձանագրենք, որ մենք բավական նուրբ իրավիճակում  ենք՝ այն առումով, որ, դուք բոլորդ տեղյակ եք, որ ես ինքս էլ 2008 թվականի մարտի 1-2 իրադարձություններում ներգրավված եմ եղել և մասնակից եմ եղել: Այստեղ շատ կարևոր է, որ մենք ոչ թե էմոցիոնալ որոշումներ կայացնենք, այլ ճիշտ բալանսավորված որոշումներ կայացնենք, ինչպես պատշաճ է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Նկատի ունեմ հետևյալը՝ մենք, քննարկումների առումով նաև հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի կապակցությամբ կայացված մի շարք նախադեպային որոշումների վրա, կայացրել ենք այսպիսի որոշում այս փուլի համար, և իմ պատկերացումն այս կապակցությամբ այն է, որ այս հարցերը, ի վերջո, վերջնական լուծում ստանան կամ, տարբերակներից մեկը, ՄԻԵԴ-ում, այսինքն՝ փոխհատուցման հարցը և չափը որոշի ՄԻԵԴ-ը, որպեսզի ներհայաստանյան համակարգերում մենք, այսպես ասած, շատ նուրբ և իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք: Ես սա ասում եմ՝ արձանագրելու համար, որ մենք չենք փոխհատուցում, մենք աջակցություն ենք տրամադրում այդ իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին: Փոխհատուցման հարցը, կարծում եմ, այլ հարթության հարց է և պետք է մի փոքր այլ ընթացակարգերով որոշվի: Չնայած նաև մեծ հաշվով, որոշ դեպքերում պետական բյուջեի ծախսերի առումով նաև հնարավոր է, որ այս աջակցությունը ինչ-որ ձևով նաև հետագայում հաշվառվի հնարավոր փոխհատուցման հաշվարկի տրամաբանության մեջ»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031