Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուզում եք իմանալ՝ օրենքով գողերի մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը մասնագիտացված գրպանահատներ են եղել». Ոստիկանության գնդապետ

Օգոստոս 08,2019 19:15

Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ գրպանահատը, քանի անգամ էլ գրպանահատություն կատարած լինի, ոստիկանության հսկողության տակ է գտնվում. «Ասեմ ձեզ, որ սա այն հանցատեսակն է, որ ոստիկանության պատվի խնդիրն է դրված, մենք մշտապես այս ուղղությամբ անելիք ունենք, որովհետեւ եթե ուզում եք իմանալ՝ օրենքով գողերի մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը մասնագիտացված գրպանահատներ են եղել: Այնպես որ, սա մեր թիրախներից մեկն է, որով մենք մշտապես զբաղվում ենք ու զբաղվելու ենք»:

Ոստիկանության գնդապետն ասաց, որ գրպանահատների դեմ պայքարի մեթոդները շատ են՝ նրանց լուսանկարները կարող են տարածել կամ այլ տարբերակներ ընտրել, բայց այստեղ պետք է նաեւ հանրության աջակցությունը: Քաղաքացիները հետեւի գրպանում դրամապանակ չպետք է դնեն, կամ երթուղայիններից օգտվելիս հեռախոսով չտարվեն, այլ կերպ ասած՝ ուշադիր լինեն իրենց անձնական իրերի նկատմամբ. «Իրենք իրենց խոցելի դարձնելով՝ նպաստում են այս հանցագործության կատարմանը: Իսկ գրպանահատություն նկատելու դեպքում պասիվ չլինեն, անպայման դիմեն ոստիկանություն, հիշեն գրպանահատի արտաքին տվյալները հագուստը, այս պարագայում կունենանք լավ ցուցանիշներ»:

Հակոբ Պետրոսյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանությունը շատ ավելի լուրջ գործեր ունի անելու, ուղղակի քանի որ գրպանահատների դեպքերը սոցկայքերում այսպիսի արձագանք ստացան, ոստիկանությունը ուշադրության կենտրոնում է պահում այս հանցատեսակով զբաղվողներին:

Հարցին՝ քաղաքացիներն իրենց անվտանգ չեն զգում գրպանահատների պատճառով, ի՞նչ է անում ոստիկանությունը, զարգացած երկրներում երթուղայիններում անընդհատ վերահսկում են, իսկ մեր երկրո՞ւմ՝ Հակոբ Պետրոսյանը պատասխանեց. «Դա ձեր մասնավոր կարծիքն է, որ ՀՀ-ում քաղաքացիները անվտանգ չեն: Համեմատեք եվրոպական երկրների հետ ու կտեսնեք, որ ՀՀ-ում օրինակ իմ ընտանիքի անդամները, իմ հարազատները, բարեկամները, մենք շատ անվտանգ ենք զգում մեր երկրում, որովհետեւ երեկոյան ժամերին հասարակական վայրերում եւ այլն ունենք լիարժեք հնարավորություն զբոսնելու եւ այլն»:

Հարցին՝ դուք, ձեր ընտանիքը երթուղային տրանսպորտից օգտվո՞ւմ է՝ ոստիկանության գնդապետը պատասխանեց. «Այո, օգտվում ենք, ինչո՞ւ չէ: Այլ բան է, որ գրպանահատության աճ է նկատվում, կա այդ հանցատեսակը: Այս առումով, իհարկե, ոստիկանությունը անելիք ունի»:

Հակոբ Պետրոսյանը գտնում է, որ գրպանահատության դեպքերը «մասսայականացնելու կարիք չկա»: Նա նաեւ նշեց, որ եթե երթուղայիններում տեսախցիկներ տեղադրվեն, դա կհեշտացնի իրենց գործը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031