Լրահոս
Օրվա լրահոսը

Ես գնացի իմ երազանքի՝ լրագրության հետևից. Նազելի Էլբակյան

Օգոստոս 18,2019 11:35

Զրուցակիցս լրագրող, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն է:

 – Ձեր լրագրողական գործունեությունը, Հայկական բանակի մասին Ձեր պատրաստած բազմաթիվ ռեպորտաժները, Ձեր կողմից Ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողն են առիթ հանդիսացել այսօրվա մեր զրույցի համար: Պատմեք Ձեր մասին, Ձեր ընտանիքի մասին: Ի՞նչ միջավայրում եք մեծացել: Ովքե՞ր են Էլբակյանները…

-Նախնիներս Կարսից են։ Եկել և հաստատվել են Վահրամ Պահլավունու հիմնած Վահրամաբերդում։ Էլբակյանները պատվախնդիր մարդիկ են։ Հայրս ինժեներ է, բայց արդեն երկար տարիներ զբաղվում է սալահատակի քարերի արտադրությամբ։ Մայրս դեղագործ է։ Քույրս ընտրեց մորս մասնագիտությունը։ Երբ մտովի մանկություն եմ տեղափոխվում, հիշում եմ տատիս՝ թոնրի առաջ նստած։ Առաջին հացը թոնրից հանելուց հետո տատս շշնջում էր. «Աստված իմ, խնդրում եմ մեր երկիրը խաղաղ պահիր, պատերազմ չտեսնենք։ Մահին թանկություն տուր, հացին՝ էժանություն»։ Տաք լավաշի բույրի ու թոնրի թանձր ծխի հետ աղոթքը թև առած երկինք էր բարձրանում։

-Մասնագիտությամբ բանասեր եք: Դարձաք լրագրող: Ինչո՞ւ ընտրեցիք հատկապես լրագրողի մասնագիտությունը…

-Ինձ ճանաչողները գիտեին, որ ես լրագրող եմ լինելու, պարապում էի ընդունելության համար։ Առաջին անգամ կիրառվող միասնական քննություններից բարձր միավորներ ստացա, սակայն բոլորի զարմանքը մեծ էր, երբ վերջին պահին փոխեցի որոշումս ու ընտրեցի բանասերի մասնագիտությունը։ Պատճառը մեկն էր՝ լրագրողի համար աշխատանք գտնելը հեշտ չէր լինի։ Բայց ինստիտուտն ավարտելուց հետո ես գնացի իմ երազանքի՝ լրագրության հետևից ու ինքս ինձ ապացուցեցի, որ անհնարին ոչինչ չկա։

-Դուք այն քիչ լրագրողներից եք, որն իր գործունեության ընթացքում հաճախակի է անդրադարձել հայրենիքի պաշտպանությանը, զինվորների ու սպաների հայրենանվեր գործին: Գիտեմ, որ շատ հաճախ այն ձեր նախաձեռնությամբ է եղել: Ի՞նչն առիթ հանդիսացավ, որ սկսեցիք զինվորականների, հայրենիքի ու բանակի մասին հաճախակի  ռեպորտաժներ անել…

-Գեներ՝ ավելացրած դաստիարակություն, հետո արդեն ինքնաճանաչողություն՝ արդյունքում հայրենասիրություն ու նվիրում։ Այս մի քանի բառով փորձեցի ամփոփել իմ 29 տարիները։ Երբեմն բառերն այնքան անզոր են թվում զգացածս արտահայտելու համար՝ հատկապես, երբ խոսքը հայրենիքի մասին է։ Երբ դեռ երեխա էի, հայրս մշտապես Վազգեն Սարգսյանի խոսքերն էր մեջբերում. այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից։ «Սպարապետը բանակ է ստեղծել, բանակ»,- ասում էր տատս ու հայրենասիրական երգեր էր երգում։ Այն ժամանակ ինձ համար հայրենիքն անծայրածիր երևույթ էր, տարիների ընթացքում այս սերմը դարձավ սեր առ հայրենիք։ 13 տարեկան էի, երբ հրաժարվեցի Եվրոպա մեկնելուց և այնտեղ մշտական բնակություն հաստատելուց։ Դեռ չգնացած՝ կարոտ կար։ Սա Ձեր հարցի պատասխանի նախաբանն էր։ Ինձ համար հող հայրենին սրբություն է, իսկ հանուն այսօրվա, հանուն հաղթանակած ապագայի իրենց կյանքը զոհած հայորդիների մասին տեսանյութեր, ֆիլմեր նկարահանելը, հոդվածներ ու գրքեր գրելը մեր պարտքն է, որպեսզի կերտված պատմությամբ սերունդներ կրթվեն։

-Ապրիլյան պատերազմի մասին բազմաթիվ անդրադարձներ ունեք: Հաճա՞խ եք եղել առաջնագծում:

-Առաջնագիծ գնալ ինձ հեշտությամբ չթողեցին։ Ես գրեթե լաց էի լինում ու խնդրում էի, որ իմ խմբագրությունն ինձ նկարահանումների համար Արցախ ուղարկի, վախենում էին, բայց ես հաղթեցի ու սահման հասա։ Հետո արդեն այցերս հաճախակի դարձան։

-Ինչպե՞ս որոշեցիք հուշակոթող կանգնեցնել Արցախում`ի հիշատակ հերոսների:

-Քարերը դարեր են ապրում, հուշակոթողները պատմության խոսուն վկայություններ են։ Արծիվ հուշակոթողը հերոսության, հաղթանակի, ուժի, սխրանքի ու ազատ ճախրանքի խորհրդանիշն է, մեր հոգու մի մասնիկը, որում մեկտեղվում են խրամատում հավերժացածները։ Քանդակը հարգանքի տուրք է ու խոնարհում։ Շնորհակալ եմ հորս, որ ոգևորեց ինձ ու աջակցեց այդ հարցում։

-Այժմ ոլորտում եք, բայց այլ շրջանակում: Հեռուստատեսային ութ տարվա աշխատանքից հետո պետական կառույցում: Չե՞ք կարոտում հեռուստատեսությունը:

-Այո՛, ոլորտից չեմ հեռացել։ Կարոտել չեմ հասցնում, քանի որ երբեմն նկարահանումներ անելու առիթներ ունենում եմ, բացի դրանից՝ հաճախ տարբեր հաղորդաշարերին են հրավիրում, հարցազրույցներ, ասուլիսներ։ Աշխատանքի բնույթով պայմանավորված հիմա, իհարկե, ոչ թե հարց տվողի, այլ պատասխանողի դերում եմ։

-Վերջերս եք վերադարձել Սիրիայից: Պատմեք այդ մասին ևս: Հեռուստատեսությունն ու համացանցը ողողված է ձեր կատարած աշխատանքով: Ապագայում ի՞նչ սպասել Նազելի Էլբակյանից:

-Հումանիտար առաքելությամբ էի մեկնել Սիրիա։ Բարեգործական նախաձեռնություն իրականացրեցինք։ Նազելի Էլբակյանը բազմաթիվ անելիքներ ունի։ Այս պահին թույլ տվեք չմանրամասնեմ, բայց երբեմն ինձ թվում է, որ ժամանակն ինձ կարող է չհերիքել։

 

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031