«Այս պահին որոշումը հետեւյալն է՝ հանքի շինարարական աշխատանքներին պետք է չխոչընդոտել, ինչը նորմալ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Հիշեցնենք, քիչ առաջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել էր, որ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել: Ընկերությունը վերահաստատել է, որ հանքը շահագործելու են ամենաբարձր մակարդակով, թույլ չեն տալու աղտոտումներ: Իսկ կառավարությունը, վարչապետի հավաստմամբ, կարող է ամենօրյա մոնիթորինգ անցկացնել. որեւէ շեղում հայտնաբերելու պարագայում միայն կարող է զրկել «Լիդիան»-ին արտոնագրից: Վարչապետը Բնապահպանության տեսչական մարմնին հանձնարարել է ստուգել այն խնդիրները, որ նշված են «Էլարդ»-ի զեկույցում, շարունակվելու է նաեւ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ Յուրի Իվանյանը այլեւս չի ղեկավարի քննչական խումբը: Նրա փոխարեն նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նա նաեւ բնապահպաններին խնդրել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ վստահեցնելով, որ մինչեւ ապրիլ շինարարություն այնտեղ չի իրականացվի, իսկ ճանապարհը փակ պահելը մեծ հարված է Հայաստանի տնտեսական իմիջին։
«Ես ի սկզբանե այդ տեսակետին եմ եղել` եթե պետք է այդ հանքը փակվեր, դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր: Հիմա ես լսեցի, որ այդ պահին իրավական հիմքեր չկան: Եթե մի տարվա ընթացքում լրացուցիչ հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա փակել, այդ ժամանակ արդեն նշանակում է որոշակի գործողություններ կլինեն», – ասաց իշխող ուժը ներկայացնող պատգամավորը:
Հարցին` վարչապետի հայտարարությունը, որ բնապահպանության տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի, նշանակո՞ւմ է, որ «Էլարդի» եզրակացության նկատմամբ անվստահություն կա, Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ «Էլարդի» եզրակացությունը տվել է լրացուցիչ գործիքներ, որպեսզի կառավարությունը դրանց վրա ուշադրություն դարձնի՝ առաջարկելով լրացուցիչ մեղմման միջոցներ. «Կան մեթոդական, զուտ գիտական տարաձայնություններ, մասնագետները պետք է դրա վերաբերյալ կարծիք հայտնեն: Այս մեկ տարին բավականին ժամանակ է, որպեսզի բոլոր կասկածելի հարցերի պատասխանները տրվեն: Պետք չէ շատ ֆորմալացնել ամեն ինչ: Կստուգեն, եթե ինչ-որ կասկածելի բան լինի, համոզված եմ, որ կառավարությունը չի գնա ՀՀ բնությունն աղտոտելու ճանապարհով»:
Կարդացեք նաև
Պատգամավորը նաեւ ասաց, որ նոր ՇՄԱԳ-ի համար պետք է չեղյալ համարել նախկինի արդյունքները, որի համար իրավական հիմքեր, փաստորեն, չկան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































