Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Հարությունյանը պետք է ձեւ գտնի, կապ հաստատի ապրիլյան հանձնաժողովի հետ. Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 10,2019 15:38

Յուրի Խաչատուրովն այսօր չի եղել ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաեւ ասաց, որ հասարակությանը հետաքրքրող «հայտնի պերսոնաժներին» հրավիրելիս`տեղեկություն կտրամադրեն: Թե ո՞վ է եղել հանձնաժողովի այսօրվա հյուրը, Անդրանիկ Քոչարյանը չասաց. «Մարդ, որը հարստացրեց մեր տեղեկատվությունը»:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ հանձնաժողովի հյուր է եղել այն ժամանակ առաջնագծում ծառայություն իրականացրած զինվոր: Հարցի այս ասպեկտը հանձնաժողովում կարեւորում են, քանի որ հենց այդ տղաներն են իրականում տեսել, թե ի՞նչ եւ ինչպե՞ս է կատարվում, վերապրել են իրենց ընկերների մահը: Հանձնաժողովում նրանց լսելը կարեւորում են նաեւ առաջիկայում համանման իրավիճակները կանխելու, բանակը ուժեղացնելու եւ ամրացնելու տեսանկյունից:

Հրավիրյալներին տրվող հարցաշարը կազմվում է անհատական` ելնելով հրավիրյալի կարգավիճակից, պատասխանատվության աստիճանից եւ այլն:

Չորս ամիսների աշխատանքի արդյունքում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ բավական աշխատանք են կատարել, նաեւ մտահոգիչ տեղեկություններ են ստացել:

Հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է. կերկարաձգվի՞ այն, թե՞ ոչ, Անդրանիկ Քոչարյանը դեռ դժվարանում է ասել, սակայն արձանագրում է, որ սահմանափակ փորձագետների առկայությունը հնարավորություն չի տալիս հսկայական տեղեկատվության արագ եւ ամբողջական մշակման համար: Առայժմ խորհրդատուների ինստիտուտ են սահմանել: Խորհրդատուներից մեկն էլ Նորատ Տեր-Գրիգորյանցն է լինելու: Այժմ նա Սիրիայում է, կօգնի, երբ վերադառնա: Բարձրաստիճան զինվորականների օգնությունն, ըստ Անդրանիկ Քոչարյանի, լինելու է այն, որ սխալ եզրահանգումների վրա հանձնաժողովականները չշեղվեն: Խորհրդատվություններ են պետք լինելու նաեւ հետախուզության, հրետանու, ռազմաօգային ուժերի հարցերով:

Խորհրդատուների ցանկում են նաեւ Վաղարշակ Հարությունյանը, Վլադիմիր Հայրապետյանը: Հանձնաժողովը դիմել է ԱԱԾ, որպեսզի վերականգնվի այս անձանց գաղտնիության թույլտվության հնարավորությունը: Խոսքը տեղեկատվության հասանելիության մասին է: Անդրանիկ Քոչարյանը զարմացած է, որ գործընթացը ԱԱԾ-ում մի քիչ դանդաղել է եւ հրավիրյալները դեռ չեն կարողանում մասնակցել նիստերին: Նա վստահ է, որ առաջիկա նիստերին հրավիրյալները մասնակցություն կունենան:

«Բոլորին հրավիրելու ենք մեր հաստատած ցանկով`դեռ մի բան էլ ավել»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով բարձրաստիճան պաշտոնյաներին հանձնաժողով հրավիրելու հարցին: Ասաց՝ ակնկալում է, որ որեւէ հրավիրյալ չի մերժի ներկայանալ ապրիլյան պատերազմի հարցերին վերաբերվող հանձնաժողով. «Նույնիսկ Սերժ Սարգսյանին եմ ակնկալում, որ չի մերժի: Ավելին` նույնիսկ ակնկալել եմ, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, եթե «մարտի 1-ով» լքեց Հայաստանը, ապա ապրիլյանով ինքը պետք է ձեւ գտնի`հանձնաժողովի հետ կոնտակտ կարողանա ապահովի, չգիտեմ, տեխնիկական ինչ-որ միջոցներով, սկայպով, որովհետեւ հարցեր կային, որ իրեն էլ պետք է ուղղեինք»:

Միքայել Հարությունյանն այդ ժամանակ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսուչն էր: Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նրա այդ ժամանակվա տեղակալն արդեն հրավիրվել է հանձնաժողով եւ շատ կարեւոր տեղեկատվություն է տրամադրել: Տեղեկատվության բնույթը նա չհրապարակեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031