Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն առանց երաժշտության էլ հիմն է. Տիգրան Մանսուրյան

Հոկտեմբեր 20,2019 19:39

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Ավրորա» մարդասիրական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Ես իմ անուշ Հայաստանի» գրքի շնորհանդեսը:

Գիրքը կազմել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը: «Ես անուշ Հայաստանի»-ում տեղ են գտել բանաստեղծության 35 թարգմանությունները, ինչպես նաև գիրքը նկարազարդված է Մարտիրոս Սարյանի կտավներով, որոնք տրամադրել է նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը:

«Գրքում տեղ գտած նկարները կօգնեն սերունդներին տեսնելու Չարենցին Սարյանի աչքերով, ինչպես նաև կարելի է զուգահեռներ անցկացնել Սարյանի կտավների և Չարենցի բանաստեղծությունների միջև, հատկապես «Հայաստան» կտավը, որտեղ, կարծես բառ առ բառ պատկերված է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը»։

Չարենցի ընտանիքից շնորհանդեսին ներկա էր նաև Արմեն Չարենցը.

«Իմ սերնդի մարդկանց համար, այսինքն նրանց, ովքեր ապրել են Սովետական միությունում, «Ավրորա» անունը ասոցացվում է այն նավի հետ, որի թնդանոթի կրակոցից հետո բազմաթիվ մարդիկ արժանացան դաժան ճակատագրի, բայց այսօր արդեն այն նույնացվում է մարդասիրության և գթասիրության հետ: Ես շատ ուրախ եմ, որ «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը լույս տեսավ հենց այս լուսավոր շողի ներքո»:

Միջոցառմանը ներկա էր նաև Տիգրան Մանսուրյանը, որը տարիներ առաջ, երբ հայտարարվեց Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի մրցույթ, ներկայացրեց «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը.

«Երաժշտությունը և պոեզիան մեր մշակույթի ամենակարևոր բաժիններից են և իմ խորին համոզմամբ միշտ պետք է իրար կողք լինեն: Ես մասնակցեցի այդ մրցույթին և ներկայացրի «Ես իմ անուշ Հայաստանին», որովհետև կարծում եմ, որ այդ բանաստեղծությունը առանց երաժշտության էլ հիմն է հայ ժողովրդի համար»:

«Ես իմ անուշ Հայաստանի» գրքի հրատարակման հովանավորն է բարերար Հրաչ Ջերրահյանը, որը նույնպես շնորհանդեսին ներկա էր.

«Մեր նպատակն ամենասկզբից եղել է այն, որ ստեղծենք այնպիսի գիրք, որը աղոթագիրք կլինի յուրաքանչյուր հայի համար: Ես կարծում եմ՝ մենք հասանք մեր նպատակին և կարողացանք ստեղծել այնպիսի գիրք, որը փոխանցվելու է սերնդեսերունդ, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնելու աշխարհին ներկայացնելու մեր մշակույթը»:

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին նաև տեսանյութեր, որտեղ ներկայացված էին մեր մեծերի խոսքերը Չարենցի մասին և «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության թարգմանիչներից մի քանիսի կարծիքը:

Գառնի ՄՈՒԹԱՖՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031