Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային ժողովը փափլիկների, փափկասունների տեղ չի, տո ընե՛նց եմ պիտակավորելու, կրկնակի՛ եմ պիտակավորելու». Բագրատյանի թեժ վեճը՝ Հռիփսիմե Գրիգորյանի հետ

Նոյեմբեր 06,2019 16:04

Ինչպես տեղեկացել ենք , այսօր ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում էր, որ օրենքում հստակ ամրագրեն՝ բանակի համար նվերի դեպքում սահմանի վրա ԱԱՀ չի գանձվում: Ըստ նրա, կառավարության որոշումով այդ հարցը կարգավորվում է, բայց երկարատեւ գործընթաց է, մի մեքենա առաջնագիծ տանելու համար 6 օր մնացել են սահմանին:

Նա պատմեց, որ իրեն հաճախ զանգում են, իր կապերով փորձում է Ասկերան զանգել, հրամանատարների հետ հարցը կարգավորել, բայց կան բարերարներ, որոնք իր պես ընկերներ չունեն ու մնում են սահմանին. «Մաքսավորն ասում է՝ ինձ չի հետաքրքրում, ընկեր,հարկերը մուծի, սահմանը անցի, քո հերն անիծած, քո բերածի հերն էլ անիծած: Որպեսզի ֆիդայականություն չլինի, ավելի լավ չի՞ օրենքով կարգավորվի, բոլոր դեպքերում պետք է կանխավարկածով առաջնորդվենք, որ սրիկա պաշտոնյաներ կարող են լինել»:

Ըստ Բագրատյանի, պետք է ամրագրել, որ կապ չունի՝ բանակին նվեր բերողը ռեզիդենտ է, թե ոչ, որովհետեւ մաքսավորները անգրագետ են, մարդը նվեր է բերում, ասում է՝ ռեզիդենտ չես, ուրեմն մուծի ԱԱՀ:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը հիշեց «Կարգին հաղորդումը». «Գառներից որ խոսում է, ասում է՝ խի՞ ես ամեն անգամ հարցնում՝ սե՞ւը, թե՞ սպիտակները, ասում է՝ որովհետեւ սպիտակները իմն են: Ասում ՝ բա ըտենց ասա, բա էն սեւե՞րն ումն են, ասում է՝ սեւերն էլ են իմը: Հիմա ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ, երկուսի վրա էլ տարածվում է»:

Հայկ Սարգսյանի դիտարկմամբ, նախագիծը դրական է ընկալվում, բարերարները կասեն՝ ավելի շատ նվեր բերենք ու առանց գլխացավանքի կտանք, բայց վտանգ էլ կա. «Մեկը բերում է 20 հատ iPhone 11 ու ասում ՝ պիտի ես տանեմ հասցնեմ Ղարաբաղ: Հիմիկվա գործող օրենքով պետք է նա բերի սահման, հրաժարվի, այդ ապրանքը պետականացվի ու գնա սահման»: Բագրատյանը միջամտեց՝ նախածում ամրագրված է՝ բացառապես ռազմական նշանակության ապրանք, iPhone 11-ը դրա մեջ չի մտնում»:

Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ կարող է iPhone չբերեն, տեսախցիկներ բերեն, այնպիսի ապրանքներ, որոնք ե՛ւ բանակում են օգտագործվում,ե՛ւ քաղաքացիական կյանքում. «Կարող է անհայտ ճանապարհներով հայտնվի հայկական շուկայում, հարկեր թաքցվեն ու ոչ մրցակցային պայմաններ լինեն, նման ռիսկ կա»:

Բագրատյանը համաձայնեց, որ ռիսկ կա, կարող է տանեն Արցախ ու եթե մաքսային ձեւակերպում չլինի, հեռադիտարկներ բերեն ու, ասենք, որսի ժամանակ օգտագործեն, բայց դա քրեական հանցանք է ու պետք է լինի խիստ հսկողություն:

«Իմ քայլի» պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ասաց, որ հասկանում է Բագրատյանի մտավախությունը, ինչի համար է բերել նախագիծը, բայց կասկածներ կան, որոնք չեն փարատվում. «Ռիսկեր կան, որ կարող է դրանք իրականում օգտագործվեն ոչ թե սահման հասցնելու համար, այլ՝ այլ նպատակով: Կարգավորումը կարող է վիճակն ավելի բարդացնի»:

Գրիգորյանը սրտնեղել էր, որ Բագրատյանը մաքսային համակարգում աշխատողներին ասել էր անգրագետ, բութ: Նա հորդորեց. «Ես կցանկանայի, որ մենք ԱԺ-ում բացառեինք որեւէ պիտակ կպցնելը, ոչ թե երեւույթներին, երեւույթներին կարելի է, բայց անձա՞նց, անգամ եթե մի քանի մարդու մասին է խոսքը, անգամ եթե ընդհանրական է»:

Սերգեյ Բագրատյանն էլ արձագանքեց. «Տիկին Գրիգորյան, ԱԺ-ն չի կարող լինել անատամ, անլուրջ կառույց: Այսինքն, մենք բոլորին ասենք՝ հրաշալի եք, պուպուշ եք, ոչ մեկիդ բան չենք ասում: Մենք, որպես ընդդիմություն, ասեմ ձեզ, իմացեք, գիշեր-ցերեկ ձեզ քննադատելու ենք: Ես ձեզ քննադատելու եմ ու անձնավորված, եթե ինչ-որ բան սխալ անեք: Չեմ ասելու՝ ինչ-որ մեկը, ասելու եմ՝ տիկին Գրիգորյանը այս սխալն է արել: Հիմա էլ ասում եմ՝ դուք սխալ եք դատում այս օրենքի մասին: Ավելի խիստ է լինելու ասվածը, ավելի հասցեական»:

Հռիփսիմե Գրիգորյանը շեշտեց՝ «բայց առանց պիտակավորելու», Սերգեյ Բագրատյանը հակադարձեց. «Այսինքն, դուք պիտակավորումը ի՞նչ եք հասկանում: Եթե ես ասում եմ՝ մարդիկ օրենքը չեն կարողանում մեկնաբանել, պրոբլեմ են սարքում մեր քաղաքացիների, մեր եղբայրների համար, հիմա սա պիտակավորո՞ւմ է, թե՞ չէ, այսինքն, ես ձեզ պիտի գրեմ՝ սա պիտակավորում է, թե չէ, նոր ասե՞մ: Ազգային ժողովը փափլիկների, փափկասունների տեղ չի: Սա բանավեճերի հարթակ է, ամենադաժան բանավեճերի»: Ըստ Բագրատյանի, այն խորհրդարանը, որտեղ բանավեճ չկա, պետք է փակել, իսկ պիտակավորումը ճաշակի խնդիր է. «Եթե այ օրենքն էլ ձեր ճաշակով չի, կարող եք դեմ քվեարկել, միշտ էլ արել եք, պրոբլեմ չկա»:

Ավելի ուշ Բագրատյանը տոնը բարձրացրեց. «Ախր մի հատ լուցկի պիտի տված լինեք, որ հասկանաք՝ ինչ է նշանակում քրտինքով աշխատածը տանել թողնել սահմանին: Մի պիտակավորեք…տո ընենց եմ պիտակավորելու, որ կրկնակի՛ եմ պիտակավորելու: Հենց հիմա բազմաթիվ պրոբլեմներ եմ լսում քաղաքացիներից, խայտառակ վիճակ է: Նորից փող են ուզում ձեւակերպումների ընթացքում այս մեքենաների եւ այլն: Մենք հիմա սկսելու ենք հետազոտենք: Երեւույթը շարունակվում է»:

Բագրատյանն ասաց, որ վաղը եթե բարերարների օգնությունը սահմանի վրա նորից կանգնի, Հռիփսիմե Գրիգորյանին է գալու ու տանի. «Պայմանավորվեցի՞նք, դուք եք պատասխան տալու էդ մաքսային թերությունների համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930