Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դիվանագետները սեղանի թենիս են խաղում (ֆոտոշարք)

Նոյեմբեր 09,2019 20:54

«Հայաստան» ՄՀԿ սեղանի թենիսի դահլիճում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպությունները մասնակցում են սեղանի թենիսի մրցաշարի, որը համատեղ կազմակերպել են ԱԳ եւ ԿԳՄՍ նախարարությունները, Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան եւ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը:

Մրցաշարին մասնակցում են 21 դիվանագետներ: Միջոցառումը տեւելու է երկու օր: Մասնակիցները պայքարում են մենախաղերում եւ զուգախաղերում: Aravot.am-ը զրուցել է կազմակերպիչներից եւ մասնակիցներից մի քանիսի հետ:

Արամ Գրիգորյան, Ուզբեկստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան. «Հայաստանի ԱԳՆ-ն պարբերաբար տարբեր մարզաձեւերից միջազգային մրցաշարեր է կազմակերպում, որոնց մասնակցում են Հայաստանում հավատարմագրված դիվանագետները, Արտաքին գործերի նախարարության աշխատակիցները եւ նրանց ընտանիքների անդամները: Սա միայն մարզական միջոցառում չէ: Մրցաշարը նպաստում է  տարբեր երկրների դիվանագետների ոչ պաշտոնական շփումներին, տարբեր երկրների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանը: Իհարկե, կա նաեւ սպորտային հետաքրքրությունը: Պետք է տեսնել, թե մասնակիցներն ինչպիսի եռանդով ու շահագրգռված են պայքարում՝ լինի ֆուտբոլ, թենիս, բոուլինգ կամ բիլիարդ»:

Գեւորգ Լոռեցյան, ԿԳՄՍ փոխնախարար. «Այս միջացառման կազմակերպման ամբողջ ընթացքին  նախարարությունը, ի դեմս բաժնի ղեկավար Սամվել Հարությունյանի, ներգրավված է եղել  թե սեղանի թենիսի ֆեդերացիայի  հետ աշխատանքների, թե այսօր մրցավարության կազմակերպման մասով: Սա միայն ողջունելի նախաձեռնություն է: Այսօրվա միջոցառումը շատ լավ առիթ է՝ հանդիպելու մեր միջազգային գործընկերների հետ, շփվելու ոչ ֆորմալ միջավայրում, մրցելու՝ այս անգամ սեղանի թենիսում: Կարելի է հետագայում նաեւ այլ մարզաձեւերի մրցումներ կազմակերպել: Տեսնելով  իմ հետաքրքրվածությունը՝ կազմակերպիչներն ինձ էլ առաջարկեցին մասնակցել, եւ ես սիրով ընդունեցի առաջարկը»:

Սամվել Հարությունյան, ԿԳՄՍ նախարարության բաժնի պետ. «Մեր բաժինը աշխատում է 22 ազգային ֆեդերացիաների հետ, որոնց մեջ է նաեւ սեղանի թենիսը: Նկատի առնելով, որ մեր ավանդական մարզաձեւերից  սեղանի թենիսը վերջին շրջանում մարմնամարզության պես առաջընթաց է գրանցում, ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանի  ու դեսպան Արամ Գրիգորյանի հետ որոշեցինք այսպիսի միջոցառում կազմակերպել: Հրավերներն ուղարկեցինք ու դեսպանատների արձագանքը չուշացավ: Առաջինն արձագանքեց Չինաստանի Հանրապետության դեսպանատունը եւ նաեւ գործնական աջակցություն ցուցադրեց՝ իր վրա վերցնելով գավաթների, մեդալների պատրաստման գործը»:

Ֆելիքս Սարգսյան, ՍԹՖ նախագահ. «Ինձ համար ավելի հաճելի ու սպասված բան չկա, քան այն, որ մարդիկ հետաքրքրվում են իմ մարզաձեւով: Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է սեղանի թենիսի ակտիվացմանը Հայաստանում, մենք կազմակերպում ենք մեծագույն հաճույքով: Ուրախալի է տեսնել, որ այս մրցմանը անձամբ մասնակցում են ԿԳՄՍ փոխնախարարը, Չինաստանի, Ղազախստանի դեսպանները: Ի դեպ, պարոն Գեւորգ Լոռեցյանը համառ պայքար մղեց Չինաստանի սեղանի թենիսի դպրոցի ներկայացուցիչների հետ եւ համառ պայքարում միայն զիջեց 2:3 հաշվով: Բայց կարեւորը ոչ այնքան հաշիվն է, որքան բարեկամության հաստատումը Հայաստանում գործող տարբեր երկրների դիվանագիտական հաստատությունների միջեւ»:

Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող. «Շատ լավ եւ շատ ուրախ միջոցառում է: Բավականին լավ խաղացողներ են հայտավորվել ու մրցակցություն կա: Ես մասնակցել եմ թենիսի նմանատիպ մրցման ու գրավել 2-րդ տեղը, իսկ սեղանի թենիսի մասնակցում եմ առաջին անգամ: Տրամադրությունս բարձր է, ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Շնորհակալ եմ կազմակերպիչներին: Հաճելի է հանգստյան օրը նվիրել առողջ ապրելակերպին, առանց փողկապի շփվել դիվանագետների հետ: Կարեւոր չէ՝  հաղթեցիր, թե ոչ: Ես մեծ տարբերություն եմ տեսնում մեծ թենիսի եւ սեղանի թենիսի միջեւ ու հիմա փորձում եմ կենտրոնանալ, աշխատում հղկել սեղանի թենիս խաղալու իմ որակները»:

Թիան Էրլուն, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան. «Ես այս նախաձեռնությունն ընկալում եմ  ոչ միայն որպես  մրցություն, այլեւ բարեկամության յուրօրինակ հավաք՝ դիվանագիտական կորպուսի, Հայաստանի ԱԳ, ԿԳՄՍ նախարարությունների եւ այլ կառույցների միջեւ: Շատ հետաքրքիր է: Սա յուրօրինակ հիշեցում է դիվանագիտական առաքելությանը, որն աշխատում է լարված, որ պետք է նաեւ սպորտով զբաղվել: Իսկ սեղանի թենիսը շատ հարմար եւ մատչելի մարզաձեւ է: Չինաստանում, օրինակ, սեղանի թենիսը շատ սիրված եւ մասսայական մարզաձեւ է եւ դրանով զբաղվում է մի քանի տասնյակ միլիոն մարդ»:

Թիմուր Ուրազաեւ, Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան. «Դիվանագիտական առաքելության համար կազմակերպվող ցանկացած մրցաշար բավարարվածություն է, ֆիզիկական որոշակի նվիրում: Այդ իսկ պատճառով, սպորտը միշտ տոնակատարություն է: Առավել եւս, որ այսօր մենք խաղում ենք մի փառապանծ դահլիճում, որտեղ աշխատում են փառապանծ մարդիկ, որտեղ մարզվել են Հայաստանի ներկայացուցիչ աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ: Սեղանի թենիսը Ղազախստանում առաջատար մարզաձեւերից  է, որի ֆեդերացիան ղեկավարում է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Մենք պրոֆեսիոնալ մարզիկներ չենք: Այնպես որ, այսօրվա մրցաշարում կարեւորը մասնակցությունն է, բավարարվածություն զգալը եւ մարմինը ֆիզիկապես  մի փոքր թափ տալը, ինչն անհրաժեշտ է բոլոր պետական ծառայողների, նրանց համար, որոնք օրվա մեծ մասն անցկացնում են աշխատասենյակում: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիային, Չինաստանի դեսպանատանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930