Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանել ոչ միայն «լավ մարդկանց»

Նոյեմբեր 28,2019 10:00

Վերջերս նշվում էր Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) ինստիտուտի ներդրման 15-ամյակը: Չնայած այս ընթացքում հնչած բազմաթիվ դժգոհություններին (որոնց մի մասն, իհարկե, արդար է), կարելի է, հավանաբար, արձանագրել, որ օմբուդսմենի պաշտոնը զբաղեցրած չորս իրավապաշտպաններն, ընդհանուր առմամբ, բարեխիղճ են կատարել իրենց պարտականությունները:

Այլ հարց է, որ հասարակության մեջ առայժմ չի ձեւավորվել այդ պաշտոնյայի եւ նրա գրասենյակի գործառույթների ճիշտ ընկալումը: Մեր քաղաքացիների մեծամասնության պատկերացմամբ, օմբուդսմենը «բարի ուչաստկովիի» նման մի մարդ է, որը պետք է պատժի բոլոր «չարերին» եւ կանգնի բոլոր «լավ մարդկանց» կողքին: Այսինքն՝ եթե խախտվում են հանրային բացասական ընկալում ունեցող մարդու իրավունքները, դա շատ նորմալ է, որովհետեւ «նրան հասնում է»: Բա որ նա այսինչ կամ այնինչ վատ արարքն էր կատարում: Մոտավորապես այդպիսի՝ «քաղաքականացված» (այդ բառի հայկական իմաստով ) պատկերացումներ ունեն նաեւ ներկայիս իրավապաշտպաններից շատերը:

«Ժողովրդական» այս ընկալումը չի կիսում ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, իրավապաշտպանն իրավունք չունի լինելու «թրենդի» մեջ, եւ այդ առումով նա Մանվել Գրիգորյանի հանդեպ վերաբերմունքը որակել է որպես խոշտանգում:

Կարծում եմ, ցանկացած իրավապաշտպանի եւ ավելի լայն իմաստով՝ ցանկացած մտավորականի առաքելությունը հենց դա է՝ կարողանալ գնալ հոսանքին դեմ, եթե դա՛ են պահանջում համոզմունքները: Պարզ է, որ ավելի հեշտ է ամբոխի մեջ տարալուծվելը եւ այսօր ընդունված մտածողության ստանդարտներով մտածելն ու գործելը: Կարծում եմ, տիկին Ալավերդյանի դեպքում կիրառելի չէ այդ ստանդարտների մեջ տեղավորվող կշտամբանքը՝ «ba inchu du Serzhi vakht dzen cheir hanum?»: Եթե մարդիկ իսկապես հետեւել են լրահոսին, ապա կարող են վկայել, որ այդ իրավապաշտպանը երբեք չի լռել:

Մանվել Գրիգորյանի գործունեությունը 1994 թվականի զինադադարից հետո ես խիստ բացասաբար եմ գնահատում, եւ դրա մասին բազմիցս գրել եմ, երբ գեներալը դեռ, այսպես ասած, «ձիու վրա էր»: (Ի դեպ, չեմ կարծում, որ նա արժանի է գեներալի կոչմանը, որովհետեւ այդ կոչումը տալիս են ոչ թե խիզախ կռվելու, այլ զորամիավորումներ ղեկավարելու ունակությունների եւ գիտելիքների համար):

Բայց երբ այդ մարդուն բերում են դատարան ինչ-որ սրսկումներից հետո, շնչառական դիմակ են հագցնում, եւ նա միեւնույն է՝ չի կարողանում դատաքննությանը մասնակցել, ես նրան անկեղծորեն կարեկցում եմ: Իհարկե, կարեկցում եմ նաեւ նրա զոհերին՝ այն մարդկանց, որոնց նա նվաստացրել է, վիրավորել, սպառնալիքով ստիպել անել ստորացուցիչ բաներ: Մի կարեկցանքը մյուսին չի խանգարում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930