Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարվա արդյունքներով ունենք ավելի քիչ նվազած աղքատություն, քան դրան նախորդող տարում էր. «Ազգ»

Դեկտեմբեր 07,2019 10:40

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2019» զեկույցը, որտեղ արտացոլված են աղքատության ցուցանիշի փոփոխությունն անցած տարվաՙ 2018 թ.-ի ընթացքում:

Համաձայն այդ ամենամյա զեկույցի, 2018 թ.-ին Հայաստանում աղքատությունը 2017 թ.-ի համեմատ նվազել է 2,2 տոկոսով եւ կազմել 23,5 տոկոս: Այսինքն, բնակչության 23,5 տոկոսը գտնվում է մեկ չափահաս անձի համար ամսական 42621 դրամ կազմող աղքատության գծից ներքեւ: Հիշեցնենք, որ աղքատության գիծը ամեն տարի փոխվում էՙ գնաճի ցուցանիշը հաշվի առնելով: Աղքատների ընդհանուր ցուցանիշի մեջ այսպես կոչված չափավոր աղքատները կազմում են 10,6 տոկոս, որոնց թիվը 2017 թ.-ի համեմատ չի նվազել: Խոսքը մեկ շնչին ամսական 37 հազար դրամից ցածր սպառում ունեցողների մասին է: Ծայրահեղ աղքատները, որոնց մեկ շնչին ամսական ընկնող գումարը 24827 դրամ է, կազմել են բնակչության 1 տոկոսը, որը 2017 թ.-ի համեմատ նվազել է 0,4 տոկոսով:

Ի դեպ, հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանում պետք է արմատախիլ արվի ծայրահեղ աղքատությունը, պետք է կրճատվի աղքատությունը»: Որքանո՞վ ենք մոտեցել այդ հայտարարությանը կյանքի կոչելուն մեկ տարի անց եւ արդյո՞ք մոտեցել ենք: Այս հարցերի պատասխանները ստանալու համար համադրենք 2018 թ.-ի աղքատության ցուցանիշները նախորդՙ 2017 թ.-ի համար կատարված զեկույցի աղքատության ցուցանիշների հետ:

Մասնավորապես, 2017 թ.-ին աղքատությունը 29,4 տոկոսից կրճատվել է 3,7 տոկոսով եւ հասել 25,7 տոկոսի: Չափավոր աղքատները կազմել էին 10,6 տոկոսը, իսկ ծայրահեղ աղքատների թիվը դարձյալ նվազել էր 0,4 տոկոսով եւ կազմել 1,4 տոկոս:

Այսինքն, 2017 թվականին աղքատությունը ավելի մեծ չափով է նվազել, քան 2018 թ.-ին: Դա Կարեն Կարապետյանի կառավարության ջանքերով արձանագրված բարձրՙ 7,5 տոկոս տնտեսական աճի շնորհիվ է եղել: Հիշեցնենք, որ 2018 թ.-ի առաջին երեք ամիսներին այդ աճն ավելի բարձր տեմպեր էր ձեռք բերելՙ հասնելով 10,3 տոկոսի: Սակայն շուտով տեղի է ունենում «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունը, եւ տնտեսական աճի տեմպը սկսում է կտրուկ նվազել: Արդյունքում, տարեկան տնտեսական աճը նվազում է մինչեւ 5,2 տոկոս: Հենց դրա հետեւանքով էլ անցած տարվա արդյունքներով ունենք ավելի քիչ նվազած աղքատություն, քան դրան նախորդող տարում էր:

Հետեւաբար, ասել, թե մոտեցել ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարած աղքատության կրճատմանը եւ առավել եւս ծայրահեղ աղքատությունը արմատախիլ անելուն, չի կարելի: Անցած տարվա արդյունքներով ունենք փաստ, որ աղքատության նվազման տեմպը ընկել է: Թե ինչպիսի՞ն կլինի աղքատության ցուցանիշը այս տարի, վիճկոմի զեկույցից պարզ կդառնա եկող տարվա վերջում:

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031