Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում մթնոլորտը դառնում է անտանելի». Իմքայլականներն ընդդիմադիրներին հեգնում են, թե այբուբենից պիտի սկսեն, նրանք էլ հիշեցնում են պատգամավոր Փաշինյանի ասածները

Դեկտեմբեր 12,2019 14:20

ՎԶԵԲ-ի եւ ՀՀ-ի միջեւ հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման, զարգացման քաղաքականության վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն է քննարկվում ԱԺ արտահերթ նիստում: Այն ստորագրվել է նոյեմբերի 29-ին, նախատեսվում է 45,8 մլն եվրոյով պետբյուջեին աջակցության վարկ տրամադրել, որն ուղղվելու է պետական բյուջեի դեֆիցիտին:

Տարվա բեռն այս վարկի տարեկան 1 տոկոսից էլ քիչ է, պետք է մարեն 14 տարում, սա արտոնյալ ժամկետն է:

ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը բորբոքված էր, դիմելով ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին, նա ասաց. «8 անգամ ձեզ հարցրեցինք, 8 անգամ չպատասխանեցիք, 9-րդ անգամ չուզեցի հարց տալ, որպեսզի չպատասխանեք: Գումարի հետ կապված խնդիր է, հարցնում ենք՝ վերջնական տեսքով որքա՞ն է կազմելու: Ասում եք՝ կառավարելի է, ինչքա՞ն գումար է կազմում: Եթե ձեր անձնականի համար վարկ վերցնեիք, սե՞նց կվարվեիք, քանի՞ անգամ կչափեիք, կձեւեիք, սա Հայաստանի Հանրապետությունն է: Ամբողջ տարի ասել եք, որ պրոֆիցիտ ունեք, էսօր տարվա վերջ է, եկել ասում եք, որ դեֆիցի՞տ ունեք ու պետբյուջեն համալրելու խնդիր ունե՞ք, բա ամբողջ տարվա ընթացքում խի՞ չէիք ասում»:

Ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հիշեցրեց, թե ինչպես է ԲՀԿ-ն կողմ քվեարկել, օրինակ, 200 մլն ռուսական վարկին, 14,7 մլն Գյումրու համար վարկին, 40 մլն եվրո ջրամատակարարման համար վարկին՝ 2012-ին. «Ասում եք, թե կողմ չեք քվեարկել: Ես չեմ ասում, թե դա վատ է կամ լավ է, որ կողմ եք քվեարկել, բայց կարեւոր է, թե ոնց է ծախսվել: Օրինակ, 40 մլն-ի վարկը, որ վերցրել են 2012-ին ջրամատակարարման, ջրահեռացման համար, դուք վերահսկողություն իրականացրե՞լ եք, թե ինչպես է ծախսվել դա»:

Մելքումյանը պարզաբանեց, որ այո, ռուսական վարկին կողմ են քվեարկել, որովհետեւ դա եղել է զենքի համար: Նրա խոսքով, այն վարկերին, որոնք եղել են կենսապահովման համար, իրենք կողմ են քվեարկել ու ճիշտ են արել, իսկ այս վարկը, որն ուզում է վերցնել կառավարությունը, որեւէ նպատակ չի հետապնդում:

«Լուսավոր Հայաստանից» Գեւորգ Գորգիսյանը հիշեցրեց, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինչպես էր քննադատում, երբ վարկ էին վերցնում, դեմ էր լինում պետական պարտքի ավելացմանը, իսկ հիմա իր կառավարությունը նորից գնում է պետական պարտքի ավելացմանը ու չի հիմնավորում որեւէ կերպ:

«Իմ քայլից» Գորգիսյանին արձագանքեց Համազասպ Դանիելյանը. «Պարոն Գորգիսյան ջան, կարելի է մի բան չիմանալ, բայց ոչ այսպես ամբողջ հանրապետությունով մեկ ի ցույց դնել չիմանալը: Այբուբենից ենք սկսում՝ կան վարկերի տեսակներ, որոնք ոչ թե նպատակային են, այլ կոչվում են բյուջետային աջակցության»: ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանն էլ հակադարձեց, որ ֆինանսիստ չինելը պետք չէ մատնանշել, հարցեր են առաջացել, որոնց պատասխանները չեն ստանում, հիմնավորումներ պետք է ներկայացնել, որ պարզ լինի մարդկանց:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինձ շարունակում է զարմացնել էս ագրեսիան եւ անհանդուրժողականությունը ցանկացած կարծիքի հանդեպ, որը չի համընկնում մեծամասնության կարծիքի հետ: Մենք իրավունք ունենք ունենալու ողջախոհ հարցեր՝ ինչի համար են վերցվում վարկերը: Մեզ համար բացարձակապես հասկանալի չէ այս ագրեսիան: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին նորից էս հարթակից ամեն օր ինչ-որ բան հիշեցնելուն, այո, եղել են վարկեր, որոնց մենք քվեարկել ենք կողմ: Դա եղել է զենքի ձեռքբերման վարկը, Գյումրիի, որ հիմա ամբողջ քաղաքը ասֆալտապատվում է, դրա վարկը, բայց եղել են բազմաթիվ վարկեր, օրինակ, 500 մլն-ի ռուսական վարկը, որ մոտավորապես ձեր պատմությունն էր, բերել ասում էին՝ դուք քվեարկեք, մենք հետո կասենք ինչի վրա ենք ծախսելու: Բնականաբար, ԲՀԿ-ն նման վարկերին քվեարկել է դեմ, հիմա ինչի՞ եք վրդովվում, երբ մենք ուզում ենք ստանալ շատ պարզ հարցի պատասխան: Մի՛ վրդովվեք, էնպես չի, որ դուք անսխալական եք, անքննադատելի եք ու անքննելի ու չի կարելի ձեր տեսակետի հետ չհամաձայնել: Սա ուղղակի հակասում է այն արժեքներին, որոնք հռչակելով՝ դուք եկել եք իշխանության»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս մթնոլորտը ԱԺ-ում ուղղակի դառնում է անտանելի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031