Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է իրականում Էդիկ Գրիգորյանը, որի անունը «կապվում» է Սումգայիթի հայերի ջարդերի հետ

Փետրվար 27,2020 13:50

«Սումգայիթում սպանված հայերից քչերն են սպանվել իրենց տներում: Միտումնավոր հանում էին բակ կամ փողոց, ցուցադրաբար նսեմացնում, որպեսզի վախեցնեն ցեղասպանության կրկնության սպառնալիքով: Կանանց անպայման մերկացնում էին»,-«Օրբելի» վերլուծական կենտրոնում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադառնալով Սումգայիթի հայերի ջարդերի 32-րդ տարելիցին՝ ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988թ.-ին կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:

Նա ընդգծեց, որ սումգայիթյան ցեղասպանական գործողությունները կազմակերպել է Ադրբեջանի պետական անվտանգության կոմիտեն՝ Սովետական միության լուռ աջակցությամբ. «Դրա համար կան փաստեր, տեսանյութ եւ ապացույցներ: Տեսանյութը, որը ոչնչացման եզրին էր, փաստում է, որ մեքենայում նստած մարդիկ տեսագրում են ջարդերը, ռացիայով խոսում միմյանց հետ, ջարդարարներին հրահանգում մարդկանց քշել ավտոկայան: Ջարդերը կազմակերպվել են հատուկ ծառայությունների կողմից: Երեք օր Սումգայիթում վայրագություններին չէին խառնվում ոչ ոստիկանությունը, ոչ զորքերը, ոչ իշխանությունը: Պարզ է, թե ինչու չէին խառնվում: Ջարդարարներին բռնում-բերում էին ոստիկանություն, երկու ժամ անց՝ բաց թողնում»:

Ուղիղ։ Սումգայիթյան ջարդերից 32 տարի անց։ Մարինա Գրիգորյան

Gepostet von Aravot am Donnerstag, 27. Februar 2020

Մարինա Գրիգորյանի խոսքով՝ հայերի ջարդերին մասնակցել են 4-5 տարեկան երեխաներ. «Յոթ տարեկան երեխան ձողով պահել է հայի, որը փորձում էր խարույկի միջից դուրս գալ: Ջարդարարները մինչեւ մեկ տարեկան երկու հայ երեխաների են սպանել: Դիակների լուսանկարները կան»: Սումգայիթյան ջարդերի փաստագրական տվյալները՝ http://karabakhrecords.info/ -ում:

Մարինա Գրիգորյանը նշեց, որ այս օրերին Բաքվի քարոզչամեքենան մի անհեթեթ թեզ է առաջ մղում, թե սումգայիթյան ջարդերը հայերն են կազմակերպել՝ Էդիկ Գրիգորյանի ղեկավարությամբ:

Թե ում մասին է խոսքը, Մարինա Գրիգորյանը նախ նշեց, որ հայերի ջարդարարությանը մասնակցել է 800-1000 հոգի, որոնցից 94-ը դատական կարգով կանչվել են պատասխանատվության. «Նրանց թվում մեկ ռուս եւ մեկ հայկական ազգանուններ կային: Հայն Էդիկ Գրիգորյանն էր: Մեկ հայի ազգանվամբ ուզում են նրան դարձնել կազմակերպիչ եւ համակարգող, բոլոր սպանություններին մասնակցած անձ: Իրականում նա սովորական հանցագործ էր, որ մինչեւ այդ վեց տարի բանտում էր: Նա քիչ կապ ունի հայերի եւ Հայաստանի հետ: Ադրբեջանը նախապես պատրաստել էր «հայկական հետքը», որը հիմա քարոզչական թեզ է դարձրել: Սումգայիթի հայերից մի քանի հոգի փաստել են, որ սումգայիթյան գործողություններից առաջ ադրբեջանցիները հանդիպել են Սումգայիթի երկու հայերի հետ՝ Կամո Հովհաննիսյան եւ Էդիկ Գրիգորյան, սպառնացել, որ եթե չմասնակցեն ջարդերին, կպատժվեն: Կամո Հովհաննիսյանը, ով եւս նախկինում դատապարտված է եղել, հրաժարվել է, Գրիգորյանը՝ համաձայնել»:

Մարինա Գրիգորյանը հարցադրում արեց. «Ինչպե՞ս կարող էր մեկ հայ ադրբեջանական քաղաքում կազմակերպել զանգվածային հանցագործություն, լռեցնել Ադրբեջանի իշխանություններին, կապել նրանց ձեռքերը, կապել ոստիկանության եւ դատախազության ձեռքերը: Մինչդեռ Էդիկ Գրիգորյանը շարքային ջարդարար է եղել: Նրա առասպելը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն ուրիշ բան չի կարողանում հնարել»:

Մարինա Գրիգորյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական քարոզչամեքենան մի քանի տարի առաջ սոցցանցում գտել է Ռուսաստանում բնակվող Էդիկ Գրիգորյանին, սակայն նրա արտահանձնումն անգամ չի պահանջել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829