«Առավոտ»-ի զրուցակիցն է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը։
–Տիկին Ավագյան, դուք նշել եք, որ ՀՀ Ազգային ժողովն անհապաղ պետք է վերահաստատի Հայկական ԽՍՀ ԳԽ 1990 թվականի փետրվարի 13-ի որոշումը եւ ի լուր աշխարհի հայտարարի, որ 1988-1992 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ֊ում հայկական բնակավայրերում հայերի դեմ իրականացվել է ցեղասպանություն, ինչպես նաեւ պետք է ամրագրվի, որ 2020-2023 թվականներին Արցախի հայության դեմ Արցախի տարածքում իրականացվել է ցեղասպանություն։ Ինչո՞ւ է կարեւոր ԱԺ կողից նման փաստաթղթի ընդունումը։
-Այսօր Բաքվի ցեղասպան ռեժիմը հայկական պետականության ավերման հաջորդ փուլին անցնելու համար հայությանը և միջազգային հանրությանը դեմ է տալիս ինչ-որ «300 հազար ադրբեջանցիների» վերադարձի հորինված, բայց և միջազգային փորձագետների կողմից բազմակողմ մշակված թնջուկը: Հիշենք, որ նման սպառնալից իրավիճակի արմատները սկիզբ են առնում 1992 թվականից՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ձևավորման պահից, երբ Արցախյան բանակցային գործընթացից դուրս թողեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գործոնը՝ որպես առանցքային քաղաքական գործոնի, որպես կամայականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայոց կենսատարածքում 1988-1992 թվականներին տեղ գտած ցեղասպանության հետևանքի: Ու դուրս են մղել հենց սկզբից։ Թե ինչու, մեր հարցին Վ. Կազիմիրովը պատասխանել է, որ դա եղել է հայկական կողմի որոշմամբ: Իսկ հայկական կողմը այդպես էլ որևէ պատասխան չի տվել մեզ, թե ինչու:
Երբ պատմական ժամանակացույցից գործնական քաղաքական օրակարգի մակարդակում դուրս է մղվում Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ձևավորման պատճառների, նրանց իրավունքների և վերադարձի խնդիրը, ապա հեշտ էր արդեն 1921 թվականի հուլիսի 4-ին ծագած ներադրբեջանական հակասությունը կեղծել, վերաձևել ու միջազգային հանրությանը ներկայացնել որպես թրքահաճ կեղծ պատմություն, որ իբրև 1992 թվին Հայաստանի կողմից նախաձեռնվել է տարածքային կոնֆլիկտ Ադրբեջանի դեմ, ապա և Արցախի Հանրապետությունը ներկայացնել Հայաստանի կողմից օկուպացված: Այս թրքահաճո կեղծ պատմությունը ժամանակի մեջ վերածվեց աղետի, որը 2020-ին վրա հասավ: Այդ արհավիրքը համառորեն 1992 թվականից հայության դեմ հավաքել էր բավարար «փափուկ» հարվածային ուժ, ու դա էլ ապահովեց 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափումը։ Այն, ինչ ցեղասպան Բաքվին չհաջողվեց Սումգայիթից հետո իրագործել Արցախի դեմ, հաջողվեց 2020 թվականի սեպտեմբերից, հենց էլ հայկական իշխանական քաղաքական վերնախավի 35-ամյա ջանքերի շնորհիվ։
Կարդացեք նաև
Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հարցը բանակցային ընթացքի մեջ չներառնելու դավադիր քայլին հետևեց հաջորդ հակահայ դավադրությունը՝ հայկական օրակարգ համառորեն մխրճեցին «ժիրայրլիպարիտյանական թուրքին առաջ հնարավոր գեղեցիկ ու հաճո դիրքով չոքած» ծառայելու թեզը։ Ապա սրան հետևեց բացահայտ թուրքական ծրագրերից սնվող հայ ազգագրական ու պատմագիտական շերտի հերթական դավադրությունը՝ Արցախը հայտարարվեց ապենդիքս, Հայաստանի տնտեսության վրա բեռ, ու հաջորդաբար թափ հաղորդեցին «Ղարաբաղ-Հայաստան» արհեստական հակասությանն ու հակադրմանը։ Այս թեզերը կրկին ակտիվացան ու թափ առան 2020 թվականի պատերազմի ռազմական փուլից հետո՝ որպես հիբրիդային պատերազմի շրջան, ապա և Արցախի հայաթափմանը զուգահեռ, ու ծորում են մինչ օրս էլ։
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ պատկեր կլիներ, երբ նորաստեղծ Երրորդ հանրապետությունն իր առաջնային պարտքը համարեր հայության դեմ ցեղասպանության կանխումն ու հայության վերապրելու ապահովումը՝ ինքնության արմատակալմամբ փրկված ու վերադարձված կենսատարածքի բեկորի վրա։ Պարզ չէ՞, որ այդ պարագայում Երրորդ հանրապետության իրար հաջորդած քաղաքական թիմերը իրենց պարտքը կհամարեին վերհիշել ու դատապարտել Բաքվի կողմից հայության դեմ տարած ցեղասպանության ընթացքը թե 1905-1906 թվականներին, թե 1918-1920, թե 1988-1992 թվականներին։ Այդ թիմերն անընդմեջ կհիշեցնեին միջազգային ու ներպետական հարթակներում, որ կամայականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական կենսատարածքներում՝ Խաչինսարում-Չարդախլուում, Նախիջևանում, Գանձակում և Գարդմանքում, Շիրվանում, Շաքիիում, նաև Սումգայիթում, Բաքվում 1988-1992 թվականներին տեղ գտավ ցեղասպանություն։ Կհիշեին ու կհիշեցնեին, որ 1991 թվականից Բաքվի հաջորդ թիրախը ԼՂԻՄ-ն էր, միայն հայոց կամավորական հայրենասիրական շարժումն էր, որ այդ օրերին կասեցրեց դեպի Արցախ ընթացող ցեղասպանությունը։ Եվ որ բռնկված ինքնապաշտպանական պատերազմի մի կողմում հայությունն էր, մյուս կողմում՝ ցեղասպան Բաքուն, ինքնապաշտպանական գործողությունները ապահովեցին արդարություն և հայոց կենսատարածքի բեկորների վերադարձ: Կխոսեին այն մասին, որ փաստացի Ադրբեջանի ողջ պատմությունը չընդհատվող ցեղասպանությունների պատմություն է, որ թուրքական տարածքից հայերի ցեղասպանությունը փոխադրվեց Ադրբեջան, և այսօր այլևս դրա վերահսկողության տակ անցած տարածքներում հայություն չկա:
Այսինքն, ՀՀ իշխանությունները բանակցությունների սեղանին չեն դրել 1987 թվականի բռնությունները Խաչինսարում, ապա և 1988-ին` Սումգայիթում, 1988-1989 թվերին Գանձակում ու Գարդմանքում, 1988-1989 թվերին և 1990 թվի հունվարի 11-19-ին` Բաքվում ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ իրականացրած ցեղասպանության փաստը: Քննարկման թեմա չեն դարձրել, որ 1987-1992 թվերին Բաքվում տեղավորված ցեղասպան ռեժիմը կոնֆլիկտի մեջ էր իր իսկ քաղաքացիների հետ` պետականաստեղծ, տիտղոսային հայ ազգի ներկայացուցիչների հետ, այսինքն՝ չեն քննարկել, որ կոնֆլիկտը ի սկզբանե ներադրբեջանական էր: Ահա այսպես էլ ՀՀ իշխանությունները շրջանցել են շուրջ 820 000 Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ձևավորման պատճառը:
Ու մի կարևոր էվոլյուցիոն գործընթաց. 1992 թվականի մարտի 16-ին ստեղծվեց Փախստականների հարցերի կոմիտե, որը գրանցել է ավելի քան 361 000 հայ փախստականների, նրանց, ովքեր եկել ու գրանցվել են հենց այդ կոմիտեում, իսկ շուրջ 60 հազար փախստական Հայաստանում այդպես էլ չգրանցվեց, արագ դուրս եկավ։ Իսկ շուրջ 400 հազար էլ ուղղակի հետերկրաշարժյան Հայաստան էլ չմտավ: Ու այդ կոմիտեն 2005 թվականին արտաքին կառավարման պարտադրանքով վերակազմավորվեց Միգրացիոն գործակալության, «փախստական» բառը վերջնական հանվեց, ու դա դրսի քաղաքական պատվերի կատարումն է, այդ օրերին ՀՀ իշխանություններից հատուկ հրահանգ իջավ ազատագրված տարածքներում հայության բնակեցման դեմ՝ նաև:
Իսկ Բաքուն առաջին անգամ 1989 թվականին հիմնադրել է «Ադրբեջանական ԽՍՀ պետական կոմիտե՝ իրենց բնակության վայրերը լքելուն ստիպված եղած անձանց հետ աշխատանքների գծով» կառույցը, իսկ 1992 թվականին ընդունված համապատասխան օրենքից հետո կառույցի անվանման մեջ պաշտոնապես ամրագրել է «փախստականներ» և «ներքին տեղահանված անձինք» տերմինները, կառույցը մինչ օրս պահպանում է այդ անունը՝ «Ադրբեջանի Հանրապետության փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցերով պետական կոմիտե»։ Բաքուն կոմիտեի անվանման մեջ պահպանում է «փախստական» բառը: Ուշագրավ է ինստիտուցիոնալ անհամաչափությունը. Բաքուն պահպանեց «փախստականներ» և «ներքին տեղահանվածներ» ձևակերպումները, մինչդեռ Հայաստանի պետական ինստիտուցիոնալ լեզվում փախստական հասկացությունը կոծկվեց։ Ու այս նկարագրված ընթացքը ապահովեց հակահայ իրավաքաղաքական ականները, այն էլ հայ իշխանավորների, հայկական իրավաքաղաքական վերնախավի ձեռքերով, ու այդ հակահայ իրավաքաղաքական ականներն այսօր էլ «300 հազարի» տեսքով ակտիվ գործի են դրվել:
Իսկ նախորդների քաղաքականության շարունակությունն ապահովող ներկաները՝ կրկին արտաքին կառավարման տակ, տանում են հակահայ քաղաքականություն, շարունակելով կոծկած պահել 1988-1992 թթ. հայության հետ կատարվածը: Ո՞ւմ, ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոնի կառավարմամբ են տանում երկիրը դեպի մեծ արհավիրք, որ չեն դիմադրում, նույնիսկ խանգարում են շարքային հայի դիմադրությանը: Ես մի անգամ չէ, որ հիշեցրել եմ, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ռուսաստանի առաջնորդն առնվազն երեք անգամ Բաքվին հիշեցրել է Սումգայիթի մասին, իսկ Սումգայիթը հայտնի է առնվազն 1500 հայերի սպանդով, ու գեներալ Լեբեդի վկայությամբ՝ նաև կանիբալիզմով: Ինչո՞ւ Ռուսաստանի առաջնորդին թույլատրված է խոսել Սումգայիթի մասին՝ որպես մահակ Բաքվին կառավարելու համար, իսկ ՀՀ իշխանավորին ո՞չ:
Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը 1990 թվականի փետրվարի 13-ին ընդունել է որոշում` «1990 թ. Բաքու քաղաքում և Ադրբեջանական ԽՍՀ-ի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած սպանությունների, ջարդերի և դրա հետևանքով տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի սրման մասին», որտեղ Հայկական ԽՍՀ-ի Գերագույն Խորհուրդը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր հայկական բնակավայրերում տեղ գտած ոճրագործությունները գնահատեց որպես ցեղասպանության շարունակություն: Այս որոշումը տեղ չգտավ բանակցային գործընթացում, այսօր էլ` 36 տարի անց, հայկական պետական մարմինները շրջանցում են այս որոշումը: Եթե այդ փաստաթուղթը գոյություն ուներ 1990-ին, ինչպե՞ս և ինչո՞ւ դրա իրավաքաղաքական բովանդակությունը չդարձավ հետագա բանակցային օրակարգի առանձին բաղադրիչ։ Ո՞ւմ մեղքերն են կոծկում հայության, հայկական պետականության գոյության հաշվին: Հայկական իշխանությունների ինքնաբավարարման շարունակական ընթացքը հնարավորություն տվեց հակամարդ Բաքվին ցեղասպանությունը մխրճել Արցախ։
–Հիմա ի՞նչ անելիք ունի, ըստ ձեզ, Հայաստանի Ազգային ժողովն այս հարցում։
-ՀՀ ԱԺ-ն պարտավոր է վերահաստատել Հայկ. ԽՍՀ ԳԽ փետրվարի 13-ի որոշումը, որովհետև որքանով որ Ռուսաստանի առաջնորդի ձեռքում է Սումգայիթը Բաքվի համար մահակ, իսկ Բաքվի թուրքի համար՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի հայությանը ահաբեկելու մեթոդ ու միջոց, նույնքան էլ հայության ձեռքում Սումգայիթը պետք է ծառայի փափուկ ուժ ու զենք՝ Բաքվին հետ քշելու իր «300 հազար» Հայաստանի ավերման ռազմավարական ծրագրից: Ցեղասպանության արհավիրքը «300 հազարի» տեսքով ՀՀ-ի դուռն է թակում: ՀՀ իշխանական բոլոր թիմերից, նաև ներկաներից պահանջված են ցեղասպանությունից պաշտպանական փափուկ մեխանիզմների արագ ներդրում և կիրառում, ու առաջին մեխանիզմն այն է, որ հայկական ու միջազգային հարթակներից պետական մակարդակով պետք է ստիպել ցեղասպանին առերեսվել 1988-1992, 2005-2006, 2020-2023 թվականներին հայության դեմ իրականացրած ոճրագործությունների հետ: Սա է ցեղասպանությանը լիակատար դիմադրելու առաջնային փուլն ու միջոցը, որին պետք է, անհրաժեշտության դեպքում, հետևի կոշտ ուժը:
Մեզ ժամանակ այլևս չի տրված, հայկական իշխանությունների 36-ամյա ջայլամային ու դավադիր քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է անդունդի եզրին: Կամ մտադիր են այն վերացնել, կամ էլ ի հեճուկս արտաքին կառավարման՝ ընտրում են այս միակ փրկիչ օղակը:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.10.2026



















































