Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է մեղմանալու «սեպտեմբերի 27-ի» ցավը

Հոկտեմբեր 07,2026 14:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Ուրախ եւ տխուր տարեթվերի հետագիծը

1988 թվականի փետրվարի 27-ին, 28-ին եւ 29-ին Բաքվի իշխանությունների հրահրմամբ եւ Մոսկվայի՝ առնվազն թողտվությամբ, Սումգայիթ քաղաքում իրականացվեցին հայերի ջարդեր, որոնց արդյունքում սպանվեց առնվազն 32 եւ վիրավորվեց ավելի քան 400 հայ մարդ: Անկախ Հայաստանի պատմության առաջին տարիներին փետրվարի 27-ը, թեեւ ոչ պաշտոնապես, բայց սգո օր էր: 2000-ականների սկզբից այդ ողբերգական իրադարձության մասին հիշողություններ պահպանող, ցավ ապրող մարդկանց թիվը գնալով նվազում էր, եւ հիմա Ադրբեջանում տեղի ունեցած ողբերգության մասին հիշում են հիմնականում որոշ իրավապաշտպաններ:

Սա այն դեպքն էր, երբ «մոռացության» համար հատուկ պետական ճիգեր չէին գործադրվում: Պարզապես ազգային տրավման որոշ չափով հաղթահարվեց 1992-94 թվականների պատերազմում տարած հաղթանակով: Չնայած այդ հաղթանակն էլ, մյուս կողմից, պատշաճ ձեւով չգնահատվեց, եւ զուտ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, ներկայացվեց որպես «ցրտի-մթի տարիներ»:

Լինում են դեպքեր, երբ ողբերգության մասին հիշողությունը հատուկ նպատակներով է վառ պահվում: Խոսքը, օրինակ, «հոկտեմբերի 27»-ի եւ հատկապես «մարտի 1-ի» մասին է: Անձամբ ինձ համար խաղաղ ցուցարարներին սպանելու պատասխանատվության մեծ չափն իսկապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա: Ինչ մնում է Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությանը, ապա կասկածում եմ, որ դրա կազմակերպիչները Հայաստանում էին:

Այն իրադարձությունները, որոնք հնարավոր չէ «չեղարկել», վերաիմաստավորվում են նույն քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Վառ օրինակ է ապրիլի 24-ը: Քանի որ Հայաստանի ներկայիս ռեժիմը խնդիր ունի հաճոյանալու Ադրբեջանին եւ Թուրքիային, երիտթուրքերի կառավարության կազմակերպած ցեղասպանությունը ներկայացվում է որպես ռուսների սադրանքի եւ հայերի «դյուրահավատության» արդյունք: Իսկ Ցեղասպանության մասին հիշողությունն ընդամենը «ԿԳԲ – ի օպերացիա» է:

Բայց միայն ողբերգական օրերի մասին չէ խոսքը։ Սեպտեմբերի 21-ի՝ տոնական օրը Փաշինյանի ռեժիմն առայժմ չի կարող հռչակել զուտ որպես «Տեր-Պետրոսյանի ավանտյուրա» եւ հայտարարել, որ «Իրական Հայաստանի» հիմքը դրվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Չնայած ամեն ինչ դեռ առջեւում է, եւ Անկախության հռչակագրի վրա հարձակումը դրա առաջին քայլն է:

Հիմա դառնանք սեպտեմբերյան մի քանի ողբերգական օրերին. սեպտեմբերի 13-ին, երբ 2022թ. Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ինչի արդյունքում մինչեւ այսօր ՀՀ տարածքից հեկտարներ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ եւ ունեցանք 200-ից ավելի զոհ, սեպտեմբերի 19-ին՝ 2023թ. Արցախի հայաթափման եւ էթնիկ զտման սկիզբը, երբ ունեցանք 200-ից ավելի զոհ, գումարած՝ բենզինի պահեստի պայթյունի զոհերը, եւ վերջապես սեպտեմբերի 27-ին՝ այն օրվան, երբ Ալիեւը, ստանալով Արեւմոտքի եւ Ռուսաստանի ուղիղ կամ լռելյայն հավանությունը, 2020 թվականին հարձակվեց Արցախի Հանրապետության վրա եւ արյունալի պատերազմ սկսեց՝ ունեցանք 4000-ից ավելի զոհ: Այսօր այս բոլոր օրերն ընկալվում են որպես ողբերգական: Արդյո՞ք դա նույն սրությամբ ընկալվելու է 10 կամ 20 տարի հետո: Պարտադիր չէ:

Ցավը կմեղմվի այն ժամանակ, երբ Փաշինյանը, որը մեր պետությունը ու մեր ժողովորդին տարել է պատերազմի եւ պարտության, հեռանա իշխանությունից: Դա արժանապատվությանն ուղղված քայլ է լինելու: Այսօր մենք կուչ եկած վիճակում ենք, եւ ներկայիս իշխանությունը շահագրգռված է, որ այդ վիճակը շարունակվի եւ խորանա: Որքան էլ պարադոքսալ թվա՝ դրան նպաստում են ՔՊ առաջնորդի պնդումներն այն մասին, որ ազգային նվաստացումն ու խայտառակությունն իրականում հրաշալի պատմական իրադարձություն էր, որը նպաստեց «Արցախի թոկից» ազատվելուն:

Ազգային տրավման (հոգեխոցը) սուր ցավով հիշվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այդ ցինիկ, սրբապիղծ ու մարդատյաց խոսակցությունները պաշտոնական քարոզչության մաս են եւ չեն մղվել  հասարակական դիրսկուրսի լուսանցք: Մարդիկ համեմատաբար ավելի հանգիստ կհիշեն պատերազմի սկզբի մասին այն ժամանակ, երբ 2020 թվականի մարտական գործողությունների ավարտին տրվի ճիշտ եւ ադեկվատ բնութագրում՝ պարտություն: Իսկ դա տեղի կունենա ռեժիմի փոփոխությունից հետո:

Այնքան ժամանակ, որքան 44-օրյա պատերազմի արդյունքը ներկայացվում է որպես մեր պետության եւ ինքնիշխանության խոշոր նվաճում, մարդկանց հիշողությունն ըմբոստանալու է այդ անպատկառության դեմ: Մարդկանց, ոչ թե երկոտանի կենդանիների:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. երբ որ մեղմանայ Ապրիլ 24-ի ցաւը…

Պատասխանել