Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է, որ վերջապես մենք մեր շահերը պաշտպանենք, դարձնենք գերակա եւ այլեւս միայն մեր շահերի շրջանակներում աշխատենք». Սուսաննա Մելիքյան

Մայիս 30,2026 00:54 Share

Տեղի ունեցավ Նախիջևանից, Գարդմանից, Բաքվից և Սումգայիթից 1988-92 թվականներին բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքին նվիրված մեծ քննարկում, որի ժամանակ նշվեց, որ 1988-1992 թվականների ընթացքում Նախիջևանից, Գարդմանից՝ Գանձակ, Շահումյան և այլն, Բաքվից ու Սումգայիթից բռնի տեղահանվել է ավելի քան 465,000 հայ։ Դա շուրջ 115,000 ընտանիք է։ Նրանց մի մասը հաստատվել է Հայաստանում, սակայն մեծ մասը ստիպված արտագաղթել է Ռուսաստան ու Եվրոպա։

Քննարկումը կազմակերպել էին Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը եւ Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության օրհներգերը հնչելուց հետո օրհնության խոսք ասաց Տեր Մխիթար քահանա Հարոյանը։

Ադրբեջանի իշխանությունների կողմից 1988-1992 թվականներին կազմակերպված այդ ահաբեկչական, ցեղասպանական գործողությունների հետևանքով բնիկ հայերը կորցրել են ոչ միայն նյութական հսկա չափերի ունեցվածք, այլ անթիվ ու անհամար հոգևոր ու մշակութային ժառանգություն՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, դպրոցներ և այլն։ Հայերի կրած այդ կորուստների ընդհանուր արժեքը այսօրվա հաշվարկներով գերազանցում է $ 73 միլիարդը։

Դիվանագիտական հիմնադրամի տնօրեն Նաիրի Հոխիկյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրեց, որ թեման ամենայն խորությամբ ուսումնասիրած մասնագետներից բացի, ելույթ ունենալու են նշված հայկական բնակավայրերից տեղահանված մեր հայրենակիցները։

Նախիջեւանում եւ հատկապես Գարդմանում բնակված հայերի մշակութային ցեղասպանության մասին խոսելով՝ պատմաբան, ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը նշեց, որ մեր ժամանակներում շատ կարեւոր է Գարդման, Արցախ, Նախիջեւան տարածաշրջանների քաղաքակրթական եւ քաղաքական դերի գնահատումը, կարեւորումը, որի անտեսումը ներկա իշխանությունների կողմից բերել, հանգեցրել է նրան, որ այսօր մենք կանգնած ենք «կոտրած տաշտակի» առջեւ։ «Գարդմանահայությունը դարեր շարունակ բնակվում է այս տարածաշրջանում։ Եվ կուզեի նշել, որ հայկական քաղաքակրթությունը եւ, ընդհանրապես, քաղաքական գործոն լինելը դեռ անտիկ ժամանակներից շատ լուրջ դերակատարություն է ունեցել ամբողջ Մերձավոր Արեւելքի վրա, Իսկ միջնադարից, հատկապես, ուշ միջնադարից սկսած, հատկապես Անդրկովկասի, այս տարածաշրջանի ու համաշխարհային պատմության մեջ շատ մեծ դեր է ունեցել; Անդրկովկասի առաջադիմությունը, լուսավորական զարգացումը միջնադարից հետո հատկապես Հայաստանի եվրոպական լուսավորական գաղափարները, հեղափոխական շարժումները, անմիջապես հայ ժողովրդի առավելապես արեւելյան հատվածի դերակատարության շնորհիվ է եղել։ Ու ցավոք, հայկական ոչ մի իշխանություն չկարողացավ դա գնահատել։

Այսօր, իհարկե, քաղաքական առումով շատ կարեւոր է գարդմանահայության, Արցախահայության եւ նախիջեւանահայության համախմբումը։ Այսօր ժամանակն է, որ վերջապես մենք մեր շահերը պաշտպանենք, դարձնենք գերակա եւ այլեւսդ միայն մեր շահերի շրջանակներում աշխատենք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031