Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք քայլ. Երեւանը գործում է արագ արձագանքման ռեժիմով

Մարտ 03,2020 22:00

Սիրիական պատերազմը թեւակոխեց մի նոր փուլ, որը մակերես հանեց Ռուսաստանի եւ Թուրքիայի ավտորիտար եւ նեոկայսերապաշտ ռեժիմների ողջ ցինիզմը եւ անպատասխանատվությունը։ Երկու առաջնորդների՝ Պուտինի եւ Էրդողանի համար ցմահ պաշտոնավարումը դարձել է ոչ միայն եւ ոչ այնքան սեփական պատվախնդրության բավարարման միջոց, որքան արդյունք այն պարզ բանի գիտակցման, որ պաշտոնը դարձել է ուղղակի հետագա կյանքի երաշխիք։

«Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» փիլիսոփայությամբ առաջնորդվող վարչակարգերը հաճախ հենց «ջրհեղեղով» էլ «լվացվում» եւ հեռանում են, սակայն դրա դիմաց գին է վճարվում, հաճախ շատ թանկ գին, եւ այդ գինը վճարում են ոչ միայն այն ժողովուրդները, որոնք իրենց ձեռքերի վրա նրանց բերում են իշխանության, տվյալ դեպքում ռուսները եւ թուրքերը, այլեւ ուրիշները՝ ավելի փոքր հարեւանները, որոնք դժբախտություն են ունեցել ընդամենը գտնվել նրանց հարեւանությամբ կամ նրանց հետաքրքրության հորիզոնում։ Դա մոտավորապես այն գինն է, որը վճարեց հայ ժողովուրդը հարյուր տարի առաջ, որպեսզի Պատմության աղբանոցում հայտնվեն Ռուսական եւ Օսմանյան կայսրությունները, դա այն գինն է, որը ներկայումս վճարում է Սիրիան, եւ վճարում է նույն բանի համար, եւ դա տեղի է ունենում մեր աչքի առաջ…

Ունենալով լեգիտիմ իշխանություն, ի տարբերություն Սիրիայի (դա արդեն արաբական վերնախավերի խնդիրն է, որոնք տասնամյակներով պոկեր էին խաղում պաղեստինցիների, իսկ հիմա՝ սիրիացիների արյան վրա), Հայաստանն, ըստ էության, որեւէ կերպ կաշկանդված չէ փոփոխվող անվտանգության միջավայրում ձեռնարկել քայլեր, որոնք ուղղակիորեն բխում են երկրի ազգային անվտանգության շահերից, եւ քայլերը չուշացան։

Երեւանը ձեռնարկեց երեք զուգահեռ, ռազմավարական կարեւորության քայլեր, որոնք էապես բալանսավորում են մեր արտաքին, պաշտպանական եւ անվտանգության քաղաքականությունները, նոր հնարավորություններ են բացում, ռիսկերի կառավարելիության ապահովման նոր լծակներ են ձեւավորում։

Նախ, Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափին, որը ձեւավորվել էր դեռ անցյալ տարի, գումարվեց ռազմական բաղադրիչը։ Անցյալ շաբաթ Աթենքում Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ, պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը Հունաստանի հետ երկկողմ եւ Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ եռակողմ համագործակցության ծրագրեր ստորագրեց։ Այս քայլն ապագայում մեծ հեռանկարներ է բացում, եթե հաշվի առնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը եւ Արեւելյան Միջերկրականում թուրքական ծավալապաշտության թիրախում կրկին հայտնված հունական երկրորդ պետությունը՝ Կիպրոսը, 2+1 ձեւաչափով ռազմական համագործակցության համաձայնագրեր են ստորագրել տարածաշրջանի կարեւոր երկրների հետ՝ Իսրայելի եւ Եգիպտոսի։ Ակնհայտ է, որ այդ համաձայնագրերը կոչված են զսպելու Թուրքիային, եւ Հայաստանին այդ նպատակները չեն կարող չհետաքրքրել, իսկ այդ ուղղությամբ ջանքերի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Կարող ենք փաստել, որ առաջին կարեւոր քայլն արված է, եւ տեսլականների նույնականությունը լուրջ խթան է ձեւաչափի խորացման համար։

Երկրորդ քայլը՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն են։ Նախ, նախարարները երկու երկրների ռազմական համագործակցության ծրագիր ստորագրեցին, բացի դրանից, վրացի նախարարը հայտարարեց, որ այս տարի Հայաստանը մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժություններին, որոնք, ըստ ամենայնի, տեղի կունենան ամռանը։ Նախորդ տարիներին ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների զինված ուժերի մասնակցությամբ զորավարժություններին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը վերածվում էր «խանդի տեսարանների», որոնք մեդիայով տիրաժավորում էին ռուսները եւ նրանց տեղական մեդիա-պրոքսիները։ Ի վերջո, դժվար է պատկերացնելը, որ Հայաստանը պետք է անմասն մնա նման կարեւոր իրադարձությունից, բացատրելով դա որպես «ոչ այնքան կարեւոր», ինչ է թե «մեր ռազմավարական դաշնակիցը չնեղանա»։ Ավելին, Հայաստանի տարածքում եւս անհրաժեշտ է կազմակերպել զորավարժություններ, որոնց կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող մեր բարեկամ երկրների զինված ուժերը, առաջին հերթին՝ Վրաստանի։ Իսկ ո՞վ է ասել, որ «չի կարելի», կամ «հանկարծ ռուսները կնեղանան»։ Իրավունք չունե՛ն նեղանալու, քանզի սա բխում է Հայաստանի անվտանգության շահերից, իսկ եթե նեղանալու են՝ թող նեղանան։ Ի դեպ, ս.թ. մարտի առաջին կեսին ՀԱՊԿ անդամ Բելառուսում Բրիտանական ծովային հետեւակի հետ համատեղ տեղի են ունենալու «Ձմեռային պարտիզան» զորավարժությունները, որին մասնակցելու է օդա-դեսանտային վաշտ՝ Վիտեբսկի օդադեսանտային բրիգադի կազմից։ Եվ ի՞նչ, ռուսները պիտի նեղանա՞ն։ Թող նեղանան, որքան ուզում են, ինչպես ասում են՝ «դա մահացու չէ»։

Եվ երրորդ քայլը, որի մասին իմացանք հնդկական մամուլից, դա Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ գործարքն է, որով հայկական բանակը 40 մլն դոլարով ձեռք կբերի չորս «Սվաթի» ռադարային կայաններ։ Նշվում է, որ այդ կայանները հաջողությամբ դրվել են մարտական հերթապահության՝ Պակիստանի բանակի հետ շփման գծի վրա եւ թույլ են տալիս ի հայտ բերել հրետանային եւ հրթիռային կրակի աղբյուրները 50 կմ շառավիղով։ Սա լուրջ ձեռքբերում է Հայաստանի համար, մեր Զինված ուժերը հնարավորություն կստանան ակտիվորեն կանխել ադրբեջանական սադրանքները շփման գծի ողջ երկայնքով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ թիրախային պատժել։ Այս գործարքն, անշուշտ, ունի չափազանց կարեւոր քաղաքական բաղկացուցիչ.Հայաստանի եւ աշխարհի խոշորագույն ժողովրդավարության՝ Հնդկաստանի միջեւ վստահության, հարաբերությունների խորացման նշանակությունը դժվար է գերագնահատել։ Ընդամենը օրեր առաջ էր, երբ ԱՄՆ նախագահ Թրամփն այցելեց Նյու-Դելի, եւ այցի ընթացքում արձանագրվեց, որ ամերիկա-հնդկական հարաբերությունները պատմության մեջ երբեք այսքան սերտ չեն եղել, սպասվում է խոշոր առեւտրային պայմանագիր, ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքվեց, որով 3 մլրդ դոլարի ամերիկյան ռազմական ուղղաթիռներ կմատակարարվեն Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար։ Ուստի, հայ-հնդկական ռազմաքաղաքական համագործակցությունը եւս առաջին քայլերն է անում եւ փոփոխվող աշխարհում ձեռք բերում նոր չափումներ։

Հայաստանի՝ վերը նշված երեք, ռազմավարական առումով փոխկապակցված քայլերը էապես մեծացնում են մեր երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման աստիճանը, նոր բովանդակություն են հաղորդում եւ նոր հնարավորություններ բացում՝ դիմագրավելու չափազանց տուրբուլենտ տարածաշրջանի բոլոր հնարավոր մարտահրավերներին։

Իհարկե, դա ամեւեին էլ լավ կյանքից չէ, որ Հայաստանը դարձել է աշխարհի երրորդ ամենառազմականացված պետությունը Իսրայելից եւ Սինգապուրից հետո, դա ուղղակի անհրաժեշտություն է։ Սակայն, զենքը միայն միջոց է, գործիք, գործոն՝ քաղաքական շահը տարածաշրջանում ապահովելու համար, իսկ դա արդեն քաղաքականության խնդիր է, այլ ոչ թե սոսկ «երկաթի»։ Սա՛ է միակ ճանապարհը երկիր-պրոբլեմից երկիր-լուծում դառնալու, եւ Հայաստանը որպես ինքնիշխան եւ ինքնաբավ սուբյեկտ՝ անելիք ունի տարածաշրջանային եւ եվրոպական անվտանգության եւ խաղաղության ապահովման գործում, դա՛ է դեպի ապագան վստահորեն ընթանալու գրավականը։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Դո՛ւրս բերեք հայկական հումանիտար առաքելությունը եւ հայերին Սիրիայից, հայերն այնտեղ անելիք չունե՛ն այլեւս։

«Առավոտ» օրաթերթ
03.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031