Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը՝ որպես խոցելի խումբ. «30+»

Մարտ 08,2020 22:00

Երբ մեր խորհրդարանը սկսեց քննարկել ատելության խոսքը, պարզվեց, որ այդ եզրույթի տակ մենք հասկանում ենք ամեն ինչ, բացի նրանից, ինչ նկատի ունի քաղաքակիրթ աշխարհը:
Հայաստանյան քաղաքականությանը հետեւող մարդուն դա առանձնապես չպիտի զարմացներ. հիմարություն կլիներ որեւէ այլ բան սպասել քաղաքակիրթ պետության ավանդույթներ չունեցող ժողովրդի ծառաներից:

Մինչ մնացյալ աշխարհը փորձում է պաշտպանել խոցելի խմբերը տոննաներով տոքսիկ բովանդակությունից, որը նրանց վրա են թափում քիբերխունվեյբինները, մեր խորհրդարանականները մտահոգվում են այն մասին, թե ինչպես տոքսիկի մեր հարազատ, տնաբույծ արտադրողներին սահմանափակեն տարածել իրենց արտադրած այդ տոքսիկը: Եվ ամեն ինչ լավ կլիներ, բայց կա մի ցավ՝ այդ ողջ քաղաքակիրթ աշխարհում քաղաքական գործիչները խոցելի խումբ չեն համարվում:

Ավելին, քաղաքակիրթ աշխարհում քաղաքական գործիչները հենց նրանք են, ում սովորաբար քննադատում են, եւ այդ քննադատությունը հաճախ ընդունում է բավականին տարօրինակ (կարելի է ասել՝ անպարկեշտ) ձեւեր, ինչում կարող է համոզվել յուրաքանչյուրը՝ աչքի անցկացնելով երկար եւ հարուստ պատմություն ունեցող Charlie Hebdo (այո, հենց այդ) ֆրանսիական ամսագրի ծաղրանկարները:

Եվրոպայի խորհուրդը բավականին հստակ սահմանել է, թե հատկապես ինչն է համարվում ատելության խոսք. դա ատելության քարոզչությունն է՝ ուղղված խոցելի խմբերի դեմ: Այն է՝ կրոնական, սեռական, էթնիկ փոքրամասնությունները, հոգեկան հիվանդները, զարգացման խնդիրներ եւ հաշմանդամություն ունեցողները: Մարդիկ, ում հաճախ եւ անարդարացիորեն ճնշում են:

Քաղաքական գործիչները եւ հատկապես իշխանության ներկայացուցիչները, ոչ մի տեղ, բացի հետխորհրդային եւ ավտորիտար ռեժիմներ ունեցող երկրներից, խոցելի խումբ չեն համարվում:
Սակայն ինչի՞ դեմ են այդ դեպքում պայքարում մեր օրենսդիրները: Այդ ինչո՞ւ հանկարծ նրանց սկսեցին անհանգստացնել խոցելի խմբերի իրավունքները, չէ՞ որ մինչեւ վերջերս այդ հարցը նրանց առանձնապես չէր հուզում: Պատասխանը բավականին պարզ է՝ եթե ականջալուր լինենք մեր քաղաքական գործիչների եւ օրենսդիրների խոսքին: Իսկ նրանք ասում են հետեւյալը՝ պետք է պաշտպանել քաղաքական գործիչներին եւ քաղաքականությանը հարող մարդկանց: Իսկ լռելյայն ենթադրում են, որ պետք է պաշտպանել յուրայիններին եւ պատժել միայն օտարներին:
Եվ հենց դա՛ էր եւ է՛ տեղեկատվության տարածման սահմանափակմանն ուղղված բոլոր օրինագծերի՝ սկսած նախորդ իշխանությունների ժամանակ ֆեյքերի դեմ պայքարի օրինագծից եւ վերջացրած ներկայիս պառլամենտում ծնված ատելության խոսքի դեմ պայքարի հիմնական պատճառը:

Քաղաքական գործիչներին կարելի է եւ պետք է վերաբերվել հուզականորեն: Իր վերջին ելույթներից մեկում մեր ժամանակների ամենահետաքրքիր մտածողներից Նոյ Յուվալ Հարարին ասաց, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կարող էին չխորանալ Բրեքզիթի տնտեսական դրույթների մեջ, բայց հանրաքվեի ժամանակ նրանք քվեարկեցին՝ ղեկավարվելով ոչ թե գիտելիքներով, այլ ցանկություններով: Մարդկանց ցանկություններն իռացիոնալ են, իսկ հույզերը՝ դժվար վերահսկելի: Մարդկային պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ իշխանությունները փորձել են սահմանափակել քննադատություն հնչեցնելու ցանկությունն ու հնարավորությունը: Հանգամանքների տարօրինակ բերումով բոլոր այդ ռեժիմները համարվում են ավտորիտար, երբեմն նույնիսկ՝ բռնապետական:

Ուրեմն ինչո՞ւմն է տարբերությունը՝ կհարցնի ինձ բծախնդիր ընթերցողը: Ամեն ինչ պարզ է. իշխանությունը պաշտպանության կարիք չունի: Այն միշտ պետք է լինի առավելագույնս խոցելի, այդ թվում՝ քննադատության, այդ թվում՝ կոշտ քննադատության համար: Մինչդեռ խոցելի խմբերը պետք է պաշտպանված լինեն ամեն տեսակի ոտնձգություններից: Եվ եթե իշխանությունն ինքն իրեն համարում է խոցելի խումբ, ապա նրան պետք է հուշել՝ քաղաքակիրթ աշխարհը այդ մոտեցման հետ համաձայն չէ: Արմատապես:

Ս. Յ.

«Առավոտ» օրաթերթ, 08․03․2020 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031