Լրահոս
Օրվա լրահոսը

Բեկումնային փոփոխություն Հայաստանում

Հուլիս 07,2026 10:00 Share

Խորհրդարանի ընտրությունից հետո շատերն են փորձում հասկանալ, թե ինչո՞ւ է իշխանությունը շարունակում ագրեսիվ վարքագիծ ընդդիմության նկատմամբ: Չէ՞ որ հրապարակվել է պաշտոնական արդյունքը, արձանագրվել է իշխող ուժի «հաղթանակը», Սահմանադրական դատարանը թողել է այն անփոփոխ, իսկ ընդդիմադիր ուժերն էլ կարծես թե որեւէ կերպ չեն գնացել հետընտրական սրացումների: Ավելին, նրանք կայացրել են մանդատները վերցնելու եւ պայքարը այդ տրամաբանությամբ շարունակելու որոշում:

Հետեւաբար թվում է, որ գործող իշխանությունը՝ իր առաջնորդի գլխավորությամբ, պետք է հանդարտվեր ու վայելեր «հաղթանակը»: Բայց, դրա փոխարեն, շարունակում է ագրեսիվ հռետորաբանություն ու վարքագիծ, ինչը քիչ աղերս ունի հաղթողի վարքագծի հետ: Սա էլ հանրության մոտ առաջացնում է հարցեր: Սակայն, ամբողջ հարցը այն է թերեւս, որ խորհրդարանի ընտրության առնչությամբ «հաղթանակ» կամ «պարտություն» եզրերը այսբերգի միայն երեւացող կողմն են, միայն ստանդարտից բխող գնահատումը, իսկ խորքային առումով պրոցեսը ունեցել է եւ ունի թե արտաքին, թե ներքին բոլորովին այլ տրամաբանություն եւ բազմազան շերտեր, որոնք հաղթանակն էլ, պարտությունն էլ դարձնում են խիստ հարաբերական:

Ֆիլտրելով ամենը, կարող ենք թերեւս եզրակացնել հիմնարար մի փոփոխություն, անգամ՝ շրջադարձային, բեկումնային փոփոխություն. Հայաստանում առնվազն հավասարվել են իշխող ուժի եւ ընդդիմադիր դաշտի լեգիտիմության աստիճանները: Եթե 2018 թվականից հետո կար գերլեգիտիմ իշխանություն եւ գրեթե զրոյական լեգիտիմությամբ ընդդիմություն, ապա 2026 թվականի խորհրդարանի ընտրությունը արձանագրել է այդ մեծ դիսբալանսի չեզոքացումը: Փլվել է կառավարող ուժի լեգիտիմության վերջին սյունը՝ ընտրական լեգիտիմությունը, միեւնույն ժամանակ բավականին կայուն ամրագրման է արժանացել ընդդիմության որոշակի լեգիտիմությունը:

Եթե չասենք, որ տարբերությունը այլեւս ընդդիմության օգտին է, ապա կարող ենք արձանագրել առնվազն հավասարություն, որտեղ ժամանակը սակայն աշխատում է ընդդիմության օգտին: Եվ, եթե ընդդիմադիր ուժերը կարողանան շարունակել հանրության հետ ռացիոնալ աշխատանքն ու կապիտալիզացնել իրենց օգտին շարժվող ժամանակը, ապա կառավարող ուժի համար դա մեծ մարտահրավեր է եւ ռազմավարական խնդիր: Դա է, որ առերեւույթ «հաղթանակի» պարագայում, կառավարող ուժին խորքային առումով հաղորդել է պարտության ու տագնապի զգացում՝ դրանից բխող ագրեսիայով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել