Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հաղթահարել ընտանիքով տանը փակված լինելու բարդությունները. հոգեբանի խորհուրդներ

Մարտ 26,2020 19:45

«Վիրուսն այնքան սարսափելի չէ, ինչքան մենք վիրուսի մասին տարաբնույթ խոսակցություններով այն դարձնում ենք սարսափելի»,- ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը թեմայով «Մեդիա կենտրոնի» անցկացրած քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանը:

Նա փաստեց՝ մարդկանց բոլոր հոգեբանական խնդիրներն այս օրերին  առաջանում են անորոշությունից: Մասնագետը մանրամասնեց. «Հոգեբանական խնդիրները խմբվում են հենց այդ անորոշ վիճակից, քանի որ ոչ մեկս այս պահի դրությամբ չգիտենք՝ ինչքան է տևելու այս վիճակը, ինչ զարգացումներ կլինեն: Նշված շարքը բերում է հոգեբանական լարվածության»:

Միևնույն ժամանակ Վարուժան Մելքոնյանը շեշտեց՝ այդ անորոշությունների մեջ որոշակի տեղեկություններ ունենք, մասնավորապես, որ վարակը թույլ է ազդում կամ չի ազդում երիտասարդ սերնդի վրա, և ավելի խոցելի խումբը սկսվում է 60 տարեկանից, իսկ ամենախոցելին 80 տարեկան խումբն է: Մասնագետը պարզաբանեց. «Այսինքն՝ բնակչության, հասարակության քիչ մասն է համարվում խոցելի խումբ, մնացածներն ընդամենը զգույշ պետք է լինեն այդ խոցելի խմբին վարակը չփոխանցելու: Իրենք պաշտպանվելու այլ խնդիր չունեն»:

Հարցին՝ ինչպե՞ս հաղթահարել ամբողջ օրը ընտանիքով տանը փակված լինելու բարդությունները այս առիթով Վարուժան Մելքոնյանն ասաց. «Յուրաքանչյուր ընտանիքում կա ընտանիքի կառավարման մոդել: Ինչպես պետությունները, հասարակությունն ամբողջությամբ, այդպես էլ յուրաքանչյուր ընտանիք ինքը պետք է ձևափոխվի իր կառավարման մոդելը: Հոգեբանորեն դժվար է այսպիսի ազատությունից, զարգացումից անմիջապես կտրվել, փակվել փակ տարածքում, աշխարհից տեղեկություն ունենալ միայն համակարգչային կամ տեղեկատվական միջոցներից ստացածով. անձամբ չտեսնել: Դա հոգեբանորեն շատ բարդ է»:

Հոգեբանն ասաց, որ կորոնավիրուսի հետևանքով աշխարհում առաջացած իրավիճակը մարդկանց ապացուցեց, որ մարդկությունն իր զարգացման բոլոր միջոցներով և մեթոդներով այս պահին անզորության մի իրավիճակում է, որ չի կարողանում պայքարել մի չնչին, անտեսանելի մասնիկի դեմ, որը հատում է պետական, ունեցվածքի, կրոնական սահմաններ:

Հարցին՝ ինչպե՞ս հաղթահարել այս վիճակը, Վարուժան Մելքոնյանը պատասխանեց. «Իմ կոչն է ռեալ գնահատել իրավիճակը, վախը բոլոր դեպքերում պետք է բացառել: Իրականում վախենալու իրավիճակ էլ չէ, հետո յուրաքանչյուր վախ, տագնապային, խուճապային վիճակ թուլացնում է մարդկանց դիմադրողականությունը, իսկ, վերջիվերջո, յուրաքանչյուր հիվանդության և վիրուսի դեմ առաջին պայքարողը յուրաքանչյուրիս օրգանիզմն է, ինչքան էլ բժիշկներն օգնում են»:

Հոգեբանը խորհուրդ տվեց խուսափել սարսափ առաջացնող լուրերի ընթերցումից, հետևել պաշտոնական լուրերին:

Եվ եզրափակեց. «Այս օրերին փոխօգնությունն ու դիմացինի մասին մտածելն է առավել կարևոր: Մեր հիմնական խնդիրը վարակը չփոխանցելն է: Այնքան բարդ չէ պայքարելը վարակի դեմ, որքան ապահովել, որ վիրուսը չփոխանցվի հաջորդին, քանի որ այն պրոգրեսիվ ձևով է փոխանցվում: Այս իրավիճակը մեզ կսովորեցնի մեկը մյուսին հարգել ու սիրել: Ամբողջ աշխարհում մարդիկ հասկացան, որ ինչքան էլ մայրցամաքային հրթիռներ, ռազմական տեխնիկա ունեին, մի փոքր մասնիկի նկատմամբ բոլորն անզոր դարձան: Մարդիկ սկսել էին ավելի շատ խրախուսել արհեստական բանականությունը, սնունդը և այլն: Հիմա մարդկությունը կհասկանա, որ հարկավոր է հիմնական շեշտը դնել բնականի զարգացման վրա: Մարդիկ կսկսեն հասկանալ մարդու հոգևոր արժեքը, քան նյութական պահանջմունքների բավարարումը»:

Վարուժան Մելքոնյանը նաև վստահեցրեց՝ արտառոց իրավիճակներում մարդկային ռեսուրսի հնարավորությունները շատ ավելի են ակտիվանում, իսկ յուրաքանչյուրի ռեսուրսը, կարելի է ասել, անսահմանափակ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031