Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատող ծնողները մանկապարտեզների փակ լինելու պատճառով կարող են գործազուրկ դառնալ. քաղաքապետարանը լուծում է փնտրում

Մայիս 05,2020 15:52

Աշխատող ծնողները, որոնք մանկապարտեզի տարիքի երեխաներ ունեն, գլխացավանքի մեջ են: Չգիտեն երեխաներին ո՞ւմ խնամքին թողնեն, որ գնան աշխատանքի: Ինչպես հայտնի է` մայիսի 4-ից պարետի որոշմամբ, մի շարք սահմանափակումներ հանվեցին, սակայն այդ որոշումը չէր վերաբերվում մանկապարտեզներին: Գործատուներից շատերը, որոնք առանց այդ էլ կարանտինի այս շրջանում ֆինանսական վնասներ կրեցին, չեն ուզում ընդառաջ գնալ եւ կորոնավիրուսի պատճառով խնդիրների առաջ կանգնած աշխատակիցներին եւս որոշ ժամանակ «արձակուրդ» տալ, հակառակը՝ օր առաջ կանչում են աշխատանքի ողջ գրաֆիկով:

Aravot.am-ը մանկապարտեզի տարիքի երեխաներ ունեցող քաղաքացիներից բողոքներ է ստանում: Նրանք պահանջում են իրենց նման ծնողների համար, որոնք ուրիշների պես չեն կարող տնից հեռահար աշխատել, մի լուծում գտնել: Նրանք հիմնականում սպասարկման ոլորտների աշխատակիցներ են, որոնցից շատերը կարողանում էին աշխատանքի գնալ մանկապարտեզի հույսով:

«Այնքան չենք վաստակում, որ դայակ վարձենք: Մեր աշխատավարձի վրա մի բան էլ պետք է դնենք, որ դայակի վճարը տանք: Անելանելի դրության մեջ ենք, ինձ պես հազարավոր ծնողներ կան, որոնք աշխատանքը կորցնելու առաջ են կանգնած: Երբ որոշումներ են հանում, պիտի նաեւ դրանց համար պատասխանատվություն կրեն: Ինչպե՞ս են պատկերացնում աշխատանքը թույլատրելը, բայց երեխաներիս հարցի լուծումը օդի մեջ թողնելը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է կոշիկի խանութում աշխատող Ե. Հ.-ն: Նա երեք մանկահասակ երեխա ունի, որոնցից երկուսը մանկապարտեզի տարիքի են, մեկը՝ դպրոցական: Նրա խոսքով, դպրոցական երեխային գոնե հնարավոր է որոշ ժամանակով տանը մենակ թողնել, բայց երկու փոքրիկներին չի կարող, ոչ էլ օգնող ունի, որը երեխաներին իր բացակայության ժամերին կխնամի:

Մեզ դիմած ծնողները նշեցին, որ երեկվանից մանկապարտեզների դաստիարակները զանգահարում են եւ ճշտումներ անում՝ ովքեր են աշխատող ծնողներ: Սակայն երկու օր է, դեռ որեւէ քայլ՝ մանկապարտեզը բացելու ուղղությամբ չի արվել. «Ես քանի օր է՝ աշխատանքի չեմ գնում, տնօրենիս խնդրել եմ «յոլա» տանել՝ մինչեւ տեսնենք ինչ կորոշեն, բայց նա էլ երկար ընդառաջել չի կարող: Եթե երեխաներիս հարցը չլուծվի՝ ստիպված եմ գործից դուրս գալ, որ նոր աշխատող ընդունի»:

Հակոբ Կարապետյան

Ի՞նչ լուծումներ են քննարկում Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները կամ, ընդհանրապես, որեւէ քայլ պատրաստվո՞ւմ են անել մանկապարտեզի տարիքի երեխաներ ունեցող աշխատող ծնողների խնդիրը լուծելու համար. Aravot.am-ի հարցերին ի պատասխան, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ մանկապարտեզները բացելու կոնկրետ ժամկետների մասին դեռ տեղեկություն չունեն. «Հայտնի է, որ վարակի հետ կապված գործողություններում քաղաքապետարանն առաջնորդվում է պարետատան ցուցումներով: Այնուհանդերձ, ներկայումս մանկապարտեզներում ճշտումներ են արվում աշխատող ծնողների վերաբերյալ՝ հնարավոր անհատական լուծումներ տալու համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031